Բնական ընտրություն

Ճպուռը՝ ուղղաթիռի կենդանի մոդել․ «Բնական ընտրություն»

Գլուխ 1

«Աթաբեկ Խնկոյանի ալարկոտ հերոսը՝ ուղղաթիռի կենդանի օրինակ»

Helicopter նշանակում է ճպուռ և ուղղաթիռ։ Բառն ունի հունական ծագում՝ helixpteron, եթե այն բաժանենք երկու մասի կստանանք՝ helix (ἕλιξ) – պտուտակ և pteron (πτερόν) – թև։ Ճպուռները գիշատիչ միջատներ են, թռիչքի ժամանակ շատ ճկուն են և արագ կարողանում են որսալ զոհին։ Ճպուռը ցանկացած պահի, ցանկացած բարձրությունում և միջավայրում կարող է փոխել իր շարժի ուղղությունը, և այս հարցում նրան օգնում են 4 թևերը, որոնցից յուրաքանչյուրը կարող է նույն պահին տարբեր ուղղությամբ պտտվել և փոխել միջատի թռիչքի ուղղությունը։

Այս հատկություններով օժտված է նաև ուղղաթիռը, որի ստեղծումից բավականին ժամանակ անց միայն ավիամոդելավորող Իգոր Սիկորսկին սկսեց նմանեցնել ուղղաթիռի թռիչքը ճպուռի թռիչքին։ Այս գիտնականի համակարգչի մեջ կարելի էր գտնել հազարավոր դանդաղեցրած կադրեր ճպուռի թռիչքից։

Ուսումնասիրության արդյունքում Սիկորսկուն հաջողվեց մոդելավորել ուղղաթիռ, որի թևերի կառուցվածքն ավելի պարզ էր.  թռիչքի համար մեկ պտուտակը դարձավ բավարար, բայց դրանից չտուժեց որակը․ գիտնականի համար պարզ էր, որ բնությունն իրենից առաջ արդեն, այսպես ասած, ուներ ուղղաթիռի կատարյալ օրինակը․

«Տեսեք, մի հետաքրքիր բան ասեմ, բնություն+գիտություն+ժամանակակից տեխնոլոգիական լուծումներ, մենք ստանում ենք այսօր բիոնիկայի շնորհիվ կատարյալ գործիքներ․ օրինակ ուղղաթիռի դեպքում ինչքան հրդեհներ են մարվում, մարդկանց կյանքեր փրկվում և այլն։ Ստացվում է, որ մոդելավորելով կենդանի աշխարհը` մենք հսկայական ներդրում ենք ունենում մարդկության կյանքի բարելավման գործում»,— բացատրում է Սամվել Ասատրյանը։

Խաչատուր Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի Ինֆորմատիկայի և դրա դասավանդման մեթոդիկայի ամբիոնի դասախոս, դոցենտ Սամվել Ասատրյանը բացատրում է՝ ուղղաձիգ վերսլացք–վայրէջք, վերամբարձ ուժի և հորիզոնական ուղղությամբ քարշուժով ստեղծված, հորիզոնական հարթության մեջ պտտվող մեկ կամ մի քանի կրող պտուտակներ, առանց թափառքի՝ ուղղաձիգ վերսլացք և առանց արգելակման ճանապարհի՝ ուղղաձիգ վայրէջք կատարող և որ ամենակարևորն է՝ պտտվում է ուղղաձիգ առանցքի շուրջը ցանկացած ուղղությամբ։ Այս նկարագրությունն առաջին հերթին բնորոշ է ճպուռին, հետո՝ ուղղաթիռին․

«Օդային թռիչքների ժամանակ ուղղաթիռն օգտագործում է աերոդինամիկայի մեկ այլ տիրույթ, որտեղ, կատարելով շրջանաձև պտույտներ, ծանր թռչող ապարատը բարձրացնում է վերև։ Ճպուռին ժողովրդական լեզվով էլ են ուղղաթիռ ասում երկար իրանային մարմին, քառաթև, այսինքն արտաքնապես էլ է ուղղաթիռը ճպուռի օրինակով ստեղծված։ Նաև շարժումները, մասնավորապես հորիզոնական թռիչքը, պտուտակաձև թռիչքը, ուղղահայաց վերև բարձրանալը, տեղից պոկվելը, մեխանիզմը նույնն է ուղղաիթիռ դեպքում»,-ասում է Սամվել Ասատրյանը։

Անզեն աչքն էլ ուղղաթիռի և ճպուռի կառուցվածքը կնմանեցնի. Ճախրասավառնակ, կրող պտուտակներ, շարժիչ։ Ուղղաթիռի ներսում կան տեղանքի կողմնորոշման սարքավորումներ։ Ճիշտ այդպիսի մեխանիզմով է ապրում նաև ճպուռը, որի դեպքում այդ մեխանիզմը հենց սեփական աչքերն են։ Ճպուռի ֆասետային աչքերը տեսնում են մեծ շառավղով և արագ կողմնորոշվում են տեղանքում։ Կենսաքիմիկոս Նորայր Գաբրիելյանն ասում է․

«Ճպուռների շատ տեսակներ կան, իրենց ընտանիքը բավականին մեծ է։ Թևերի կազմն էլ է տարբերվում, օրինակ, թռչունի թևերից, երկու թև չէ, որ ունեն և շատ արագ են թռնում։ Եթե դանդաղեցնենք ճպուռի թռիչքը, կտեսնենք, թե պտուտակաձև ինչպես է դանդաղից-արագ սկսվում պտտվել և նրանք պոկվում են հատակից, ճիշտ այնպես, ինչպես դա տեղի է ունենում ուղղաթիռների դեպքում»,- ասում է Նորայր Գաբրիելյանը։

Թևերը․ ահա գլխավոր շարժիչ ուժը թե՛ ճպուռների, թե՛ ուղղաթիռների դեպքում․

«Ուղղաթիռների պարագայում շարժումները՝ աջ կամ ձախ թեքվելը, կառավարվում է պտտվող սարքի միջոցով, ճպուռների դեպքում էլ է այդպես, իրենց, այսպես ասած, հետագիծ գծող սարքը թևերն են, ոչ թե մարմինը, այլ հենց թևերն են որոշում, թե ճպուռը որ կողմ է շարժվում»,- բացատրում է Նորայր Գաբրիելյանը։

Ճպուռը կարող է թռչել մինչև 100 կմ/ժ արագությամբ և տանել իր մարմնի քաշից 15 անգամ ավելի բեռ։ Ֆիզիկոս Լիլիթ Եգանյանը բացատրում է՝ օդում ֆիզիկայի օրենքներին ենթարկվելը բարդ է, մանավանդ, երբ ինքնաթիռի պես թռիչք բարձրանալուց առաջ թափ չես հավաքում, այլ պոկվում ես կանգնած դիրքից․

«Ինքնաթիռների (թե ուղղաթիռների) դեպքում թևերը տատանվում են և հարց է առաջանում՝ ի՞նչ մեխանիզմով է այդ տատանումը օդում սինխրոնանում։ Այստեղ ևս պատասխանը եթե փնտրենք կենդանի օրգանիզմների դեպքում, կգտնենք ճպուռի թռիչքում։ Նրանց թևերի մեջ հատուկ մեխանիզմ կա և նրանց թռիչքի մեխանիզմը կարող է հստակ սինխրոնիզացնել տատանումները օդում՝ ինչ-որ X քանակի ծանրության քաշի դեպքում։ Ինչ վերաբերում է ուղղաթիռների հետ ճպուռի թռիչքի նմանությանը, նորից, թևերի մեխանիզմի հետ է կապված․ կանգնած դիրքում արագություն ապահովել, պտտվող թևերի դեպքում ուղղություն ստանալ, օդի դիմադրությունն ապահովել և պոկվել դիրքից, լրիվ նույն մեխանիզմն է»,— ասում է Լիլիթ Եգանյանը։

Բարբառներում անգամ շատ կարելի է հանդիպել, երբ ճպուռին անվանում են հենց ուղղաթիռ։ Բնության մեջ այս կենդանի օրինակը հերթական ապացույցն է, որ այն ամենը, ինչ մարդը հայտնագործում է, շատ ավելի պարզեցված, ավելի կատարյալ կա արդեն բնության մեջ։

Back to top button