Կյանքին ասել այո՛Ռադիոլուր

Արենի երազանքն էր, որ Հայաստանը աերոտիեզերական ծրագիր ունենա. Մհեր Մեհրաբյան․ «Կյանքին ասել այո՛»

Մհեր Մեհրաբյանի որդու՝ Արենի կարդացած վերջին գիրքը Կոստան Զարյանի «Նավը լեռան վրա» վեպն էր։ Զարյանի նավը կարծեք նաև Արենի երազանքների՝ հայոց լեռներում խարսխված խորհրդաշական նավն է։

Արենը զոհվեց 44-օրյա պատերազմում՝ իր երազանքի նավը հայոց լեռներին չհասցրած, բայց Արենի տիեզերական նավի ուղին դեպի Հայաստան շարունակում է ընտանիքը։

Որպես հուշարձան՝ ի հիշատակ որդու, Մհեր Մեհրաբյանը և Սաթիկ Նաիրյանը ստեղծել են «Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամը, որի նպատակը հայ երիտասարդների կրթական ու մասնագիտական զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումն է։ 21-րդ դարում պահանջված մասնագետների պատրաստման ծրագրի մի մասն արդեն ընթացքի մեջ է։

«Արեն Մեհրաբյան» բարեգործական հիմնադրամի արդեն իրականացվող ծրագրի շահառուներն են պատերազմին մասնակցած, նաև չմասնակցած, հաշմանդամություն ունեցող կամ չունեցող վիրավորված տղաները, զոհվածների ընտանիքների անդամները։

Իրականացնելով Արենի երազանքը Մեհրաբյան ընտանիքը նպատակ ունի Հայաստանում ստեղծել աերոտիեզերական գործակալություն՝ հայկական ՆԱՍՍԱ, որը կհամակարգի հայկական տիեզերական ծրագիրը։ Արենի հայրը՝ Մհեր Մեհրաբյանը ևս մասնակցել է 44-օրյա պատերազմին որպես կամավորական, ծանր վիրավորում է ստացել, երեք անգամ վիրահատվել է, բայց բեկորները դեռ անհանգստացնում են, այնպես որ վիրահատությունների շղթան ավարտված չէ։

Ծնվել է 1974 թվականին Երևանում, մասնագիտությամբ ինժեներ-ֆիզիկոս է, ապրել է տարբեր երկրներում, աշխատել տարբեր ընկերություններում, այդ թվում՝ հրատարակչական, ինչով զբաղվում է նաև մինչ օրս։

Աշխատանքի բերումով 2015 թվականից ընտանիքով բնակություն է հաստատել ԱՄՆ-ում, որտեղից Հայաստան վերադարձան 2020-ի օգոստոսին, պատճառը որդու՝ Արենի որոշումն էր․ ապագա աստղաֆիզիկոսն ուսումը ԱՄՆ-ում կիսատ թողնելով 2018-ին վճռել էր վերադառնալ Հայաստան ու ծառայել հայկական բանակում։ Արենից բացի Մեհրաբյան ընտանիքը ևս երկու որդի ունի՝ Վիգենն ու Շանթը։

Back to top button