1988-ին դեռ Ղարաբաղյան շարժում էր, 1988-ին Լեռնային Ղարաբաղ էր, Արցախ հետո էինք ասելու։ 1988-ին Արցախ ասում էինք պատմական փաստեր ներկայացնելուց։
1988-ի փետրվարին ես գրիպով ծանր պառկած էի, առաջին բազմահազար հանրահավաքների մասին իմանում էի դրանց մասնակցող տնեցիներից, ինձ այցելության եկող հարեւաններից ու մեկ էլ «Ամերիկայի ձայնից», որտեղից հայտնում էին, թե Երեւանից ինչ տեղեկություններ են ստանում Պարույր Հայրիկյանից։
Ինձ համար Խորհրդային Միությունը դե ֆակտո դադարեց գոյություն ունենալ 88-ի մարտի 1-ին` Սումգայիթյան կոտորածներից հետո։ Եթե մի երկիր` այն էլ գերտերություն, իր տարածքում չի կարողանում կամ չի ցանկանում ապահովել իր իսկ քաղաքացիների կյանքի իրավունքը, էլ ում է պետք այդ պետությունը` գերտերությունը։
Նույն 88-ի մայիսին Խորհրդային Հայաստանի Գերագույն սովետի լրացուցիչ ընտրություններում կոմունիստները պարտություն կրեցին։ Առաջին անգամ սոցիալիստական լագերում` Փհենյանից մինչեւ Բեռլին ընկած հսկայական տարածքում, կոմունիստները ընտրություններում պարտություն են կրում։
Արցախյան շարժման սկզբում Հայաստանը աշխարհաքաղաքական փոփոխությունների առջեւում էր, թող վերամբարձ չհնչի, Հայաստանի մասին խոսում էր ողջ աշխարհը։


Լուսանկարը՝ Վիքիպեդիայի
Բայց նույն Արցախյան շարժման անցած 34 տարիները ինձ սովորեցրեցին, որ
ա) աշխարհի սերն ու ճանաչումն անցողիկ է, աշխարհը պատմությամբ չի ապրում, չի ապրում անգամ նոր ավարտված անցյալով, ապրում է ներկայով` գուցե մտածելով ապագայի մասին,
բ) աշխարհից արդարություն պետք չէ սպասել, որովհետեւ ամեն մի սուբյեկտ աշխարհում իր ճշմարտությունն ունի, կարեւորը` սուբյեկտ լինելն է
գ) աշխարհում փոքր երկրները դաշնակիցներ չեն գտնում, դաշնակիցներ փնտրում ու գտնում են մեծ երկրները, ուստի պետք է հետաքրքիր լինել ու շահերի ընդհանրություն ունենալ, որպեսզի հզոր դաշինքի մաս կարողանաս կազմել
դ) ժողովրդավարություն չպիտի կառուցես աշխարհի համար, դա աշխարհին հետաքրքիր չէ, ժողովրդավարություն պիտի կառուցես բացառապես քո երկրում՝ քեզ համար, քանի որ այն «կառավարման ամենավատ ձեւն է` չհաշված մնացածները», ինչպես Չերչիլն էր ասում,
ե) աշխարհում մեկ է`ուժն է ծնում իրավունքը. քաղաքական, տնտեսական, գիտական, ռազմական, մշակութային ուժը, ու դրանք միասին են միայն ուժ
զ) աշխարհը չի սիրում խեղճերին, խնդրողներին, ձեռք մեկնածներին,
է) ….
Արցախյան շարժման իմ դասերը կարող եմ եւ շարունակել։ Բայց կարծում եմ, ամեն մեկն իր դասն ունի, կամ պիտի որ ունենա։
Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ
Հայ քաղաքական ու հասարակական մտքի վրա Արցախյան շարժման ազդեցությունն ենք քննարկում «Խոշորացույցում» մեկուկես տասնամյակ առաջ քաղաքական ակտիվ գործունեությանը հրաժեշտ տված Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի եւ Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ՍԻՄ նախկին նախագահ Հրանտ Խաչատրյանի հետ։