Արմատներ

Բազարջուղ-Արայի․ խոսքաշեն ու երգասերների գյուղը․ «Արմատներ»

Նիկոյ Բրսոն Արայի գյուղի հայտնի ասացողներից էր, որ գյուղի երկդասյա դպրոցում ուսուցչություն է արել, Ժամանակին Մանուկ Աբեղյանը եկել է Արայի գյուղ՝ փնտրելու Սասնա ծռերի պատումներ, տարբերակներ։

Նիկոյ Բրսոյի աշակերտն է եղել Երվանդ Հունանյանը, որ Բրսոյի բոլոր ասած–պատմածները բերանացի հիշել ու փոխանցել է իրենից հետո եկածներին։ Արդեն 1972թ․-ին Արուսյակ Սահակյանը Երվանդ Հունանյանից գրառել է էպոսի մի ճյուղ, ուրույն տարբերակ։ Բայց այս գյուղում միայն Բրսոն չէր բառ ու բան իմացող, Արայեցիք այդպիսին են։

Նիկոյ Բրսոյի ժառանգներից է լրագրող Գրետա Մնացականյանը, որ իր հայրենի գյուղի մասին այնպես է պատմում, ասես գյուղի մասին շարժանկար ցուցադրելիս լինի։ Գրետայի ձայնը հասցնում է Արագածի փեշերը, Արայի աչքի դեմ դիմաց, լսում ես առվներու, աղբրներու ձեն, տարվա ճիշտ եղանակին գնում ես բանջար քաղողի հետևից, ընկնում կակաչի դաշտերը, հետո գալիս ես համտեսելու անմահական մրգերն ու հատապտուղները։ Հետո ականջդ երգի ձայն է որսում ու գնում ես երգի ուղղությամբ․ ախր արայեցիք բոլորն են երգող:

Արայեցիները ոչ միայն խոսքաշեն են, այլև ազնիվ աշխատասեր ու պրպտող։ Քանի որ գյուղը Երևանին մոտ է եղել, տղամարդիկ նստել են արաբեքը, այսինքն սայլերը, եկել են Երևան աշխատելու երեկոյան վերադառնում էին։

Ձիթհանքերի ու գործարանների տեր Հայտնի Աֆրիկով աղան տեսնում է այս մարդկանց ազնվությունն ու աշխատասիրությունը, հանկարծ հայտնաբերում է շնորհալի, շիտակ մարդկանց տեսակ, և որոշում է կրթել նրանց, և գյուղում դպրոց է հիմնում՝ այն ժամանակի համար գետի ափին, սարի տակ այն ժամանակվա համար, ճոխ դպրոց 1906թ․-ին բոնդի տարին, ժողովուրդն ասում էր բոնդի տարին որ եղավ, դրա հաջորդ տարին Աֆրիկով աղեն մեր գյուղում դպրոց բացեց, Աստված օրհնի նրան։

Եվ բազարջուղցիների կրթվածության հիմքը դրվեց հենց այս դպրոցով, որը տարածաշրջանում միակն էր, թեպետ առանց դրան էլ այս ժողովուրդը երգի ու բանավոր խոսքի վարպետ էին։ Ցավոք դպրոցի շենքը ժամանակը չի խնայել, ավելի ճիշտ անտերության մատնվելով քանդվել է:

Բազարջուղ– Արային հայտնի է նաև իր աղբյուրներով, Սալով ախպուրը, Ամրայի ախպուրը, Լուսախպուրը Սեպոյի ախպուրը՝ քաղցրահամ ու սառը ջրերով, որ Խաչկըրի ձորից գալիս ու հասնում են ծարավներին։ Մի կողմից աղբյուրները, մյուս կողմից Արագածի ձնհալի ջրերը ոռոգում են գյուղի հողերը, որ կարող եք գնալ ու ճաշակել անմահական պտուղները, գինին ու Ալաշկերտի ավանդական կանըփով տոլման։ Ի դեպ գինիների յուրահատուկ տտիպությունը կապված է եղանակի հետ, որովհետև Արային գտնվում է Արարատյան դաշտի ու Արագածոտնի սահմանին, մի կողմից դաշտի քամիներն ու արևը, մյուս կողմից լեռնային, միրգը հասցնում է և արևից հասունանալ, սառը քամիներից զովանալ ու ասելու բան էլ չկա, պետք է գնալ ու համտեսել հատկապես ազնվամորու յուրահատուկ գինին, կարող եք ինքներդ գնալ քաղելու, ու թփերի միջից կլսեք գյուղի հատուկենտ մնացած քաղցրաձայն երգողների ձայները:

Գյուղում ուրիշ հետաքրքիր պատմություններ ու արտահայտություններ էլ կան, բայց այդ մասին եթե շատ եք ուզում իմանալ, իսկապես մի օր վեր կացեք գնացեք Արայի գյուղ, կտենսեք հայտնի ավետարանը, կհամտեսեք ավանդական կերակուրներն ու քաղցրահամ պտուղները, կլսեք անուշ երգեր ու պատմություններ, ու գուցե չուզենաք վերադառնալ, բայց ձեզ էնտեղ պահող չկա, նկատի ունեմ հենց էնպես, եթե որոշել եք մնալ, պիտի սովորեք նրանց նման աշխատել։

Որոշելիքը ձերն է, իսկ ես պարզապես, ավարտելով այս պատմություն, հիշեցնեմ, որ Բազարջուղ Արայի գյուղի մասին պատմեց լրագրող Գրետա Մնացականյանը՝ պատմությունը համեմելով ծնողներից սովորած երգերով:

Ցուցադրել ավելի
Back to top button