Ժամանակի վկան

Դաշնակցականները ստալինյան բռնաճնշումների թիրախում․ «Ժամանակի վկան»

Այս հաղորդման ընթացքում կրկին կանդրադառնանք խորհրդային տարիներին իրականացված բռնաճնշումների ցավոտ թեմային։ Այս անգամ կշեշտադրվեն հակադաշնակցական ուղղվածությամբ բռնաճնշումները։ Հիմնական նյութին զուգահեռ հաղորդման հյուրը՝ Վալիկո Ղարաքեշիշյանը, կներկայացնի բռնաճնշումների զոհ դարձած դաշնակցական ռազմական գործիչ, բազմաթիվ բարձր պարգևների արժանացած ցարական բանակի սպա, փոխգնդապետ Գեորգի Ալեքսանդրի Ղարաքեշիշյանի կենսագրությունը, մահվան հանգամանքները և մանրամասն տեղեկություններ կհաղորդի նրա գերդաստանի մասին։ Նշեմ, որ գործին կարելի է ծանոթանալ նաև Սուրեն Միրզոյանի՝ «Բռնադատվածներ․ քաղաքական բռնաճշումները Նոյեմբերյանում 1920-50-ական թվականներին» գրքից։

Հակադաշնակցական խմորումները սկիզբ էին առել խորհրդային իշխանության հաստատմանը զուգահեռ և նույնիսկ ավելի վաղ։ Հայաստանում միակուսակցական իշխանության հաստատմանը խոչընդոտող այլախոհ կուսակցությունների լուծարումը և քաղաքական ասպարեզից հեռացումը կոմունիստական կուսակցության առաջնահերթություններից էր: Հայկոմկուսի հիմնական քաղաքական ախոյանը ՀՅԴ կուսակցությունն էր, որն ամենաազդեցիկն էր։

Առաջին զանգվածային բռնաճնշումները գործադրվեցին հայ զինվորականության հանդեպ։ 1920 թ. դեկտեմբերին և 1921թ. սկզբին Հայաստանից արտաքսվեց շուրջ 1400 հայ սպա։ 1921 թ․ փետրվարյան ապստամբությունը ճնշելով, բոլշևիկները մեկ գիշերվա մեջ կացնահարեցին Երևանի բանտում պահվող գրեթե բոլոր բանտարկյալներին։ Նրանց մեծ մասը նախկին դաշնակցականներ էին։

Հակադաշնակցական հարձակման համար ուղղենշային նշանակություն ունեցավ 1920 թ. սեպտեմբերի 1-8-ին Բաքվում հրավիրված Արևելքի ժողովուրդների առաջին համագումարում ընդունված բացահայտ հակահայկական որոշումը, որով թուրքական և ռուսական զորքերի առջև խնդիր էր դրվում Հայաստանի վրա համատեղ հարձակվելու միջոցով տապալել իր «սեփական ժողովրդին հարստահարող դաշնակների լուծը» և «հաստատել Խորհրդային իշխանություն»։ Դրան հաջորդեց մեկ այլ որոշում, որի նպատակն էր թուրք-հայկական պատերազմում Հայաստանի բանակը քայքայելը և պարտության գործը արագացնելը: Այս մասին մանրամասն տեղեկություններ կան պատմ. գիտ. դոկտոր Արարատ Հակոբյանի «Նախկին դաշնակցականների» 1923 թ. հայաստանյան համագումարը» հոդվածում։ Արխիվային փաստաթղթեր կան, որտեղ բոլշևիկյան գործիչները հպարտությամբ են արձանագրում, որ 1920 թ. պատերազմում նախկին դաշնակցական 40 հազարանոց բանակի կազմալուծման ու բարոյալքման ուղղությամբ նրանք  հատուկ քարոզչություն են իրականացրել։

Նպատակ ունենալով լուծարել ՀՅԴ-ն, ՀԿ/բ/Կ ԿԿ-ի 1923 թ. սեպտեմբերի 24-26-ի պլենումում որոշում ընդունվեց հիմնել հանձնաժողով՝ ՀՅԴ քաղաքական և կազմակերպական քայքայման աշխատանքները վարելու համար:

Մոսկվայի հրահանգով Հայկոմկուսի ԿԿ-ը 1923 թ. նոյեմբերին, կազմակերպեց և անցկացրեց ՀՅԴ ավելի քան 4000 անդամ ունեցող հայաստանյան կազմակերպությունների լիկվիդացման (վերացման) համագումարը, որը տևեց չորս օր: Մասնակցում էին իրական դաշնակցական պատգամավորներ՝ դեռևս դաշնակցական, գրող Ակսել Բակունցի նախագահությամբ։ Պատմ․ գիտ․ դոկտոր Արարատ Հակոբյանն այդ մասին գրում է․ «Կարելի է ասել, որ այս համագումարով ո՛չ թե իրականացվեց ՀՅԴ ինքնալուծարումը Հայաստանում, այլ շարունակվեց 1920-ից սկսած՝ Դաշնակցությունն՝ իբրև կառույց, քայքայելու գործընթացը»:

Սակայն պատմության հետագա ընթացքը ցույց տվեց, որ կուսակցությունն ամենևին էլ ամբողջությամբ չքայքայվեց ո՛չ Հայաստանում և ո՛չ էլ սփյուռքում։ Պետանվտանգության մարմինների պաշտոնական տվյալներով  1930 թ. հունվարի 1-ի դրությամբ հանրապետությունում հաշվառման մեջ էին դաշնակցական 70 բջիջ      ՝ 538 անդամով։ Փաստերը վկայում են, որ դաշնակցական խմբերը, Հայաստանում գործել են մինչև համատարած կոլեկտիվացման ավարտը՝ 1930-ական թվականների երկրորդ կեսը:

1936-1938 թթ․՝ խորհրդային պատմության «սև տարիներին», բազմաթիվ շինծու գործեր կարվեցին, որոնցով անմեղ մարդիկ ենթարկվեցին սարսափելի ֆիզիկական ու հոգեկան տանջանքների։ Բռնաճնշումների ենթարկվեցին գրեթե բոլորը՝ զոհերը, վկաները, մեղավորներն ու անմեղները։

Այդպիսի մի շինծու գործով բարձրագույն պատժի ենթարկվեցին գրողներ Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Մկրտիչ Արմենը, Գուրգեն Մահարին և ուրիշներ։ Միայն 1937 թ. Հայաստանում ձերբակալվեց 5000 մարդ։ Նրանց կեսից ավելին գնդակահարվեց։ 1937 թ․-ի հուլիսի 8-ին գնդակահարվեց նաև Ակսել Բակունցը։

1938 թ. նոյեմբեր-դեկտեմբերին հատուկ որոշումներով բռնաճնշումները որոշ չափով մեղմացան, բայց չդադարեցին։ Թե՛ Հայրենական պատերազմի տարիներին, թե՛ դրանից հետո, դրանք շարունակվեցին։ 1940-ական թվականների վերջին սկսվեց քաղաքական բռնությունների նոր ալիքը։ 1949 թ. հունվարին ԽՍՀՄ պետական անվտանգության կոմիտեի հանձնարարությամբ Անդրկովկասի տարածաշրջանում և սևծովյան առափնյա շրջաններում կազմվեցին նոր ցուցակներ, որոնցում ընգրկում էին նախկին դաշնակցականներին, Հայրենական պատերազմի մասնակից լեգեոնականներին, հայրենադարձներին ու նրանց ընտանիքների անդամներին։ Այդ աշխատանքներն իրականացվում էին խիստ գաղտնի։

1949 թ․ ամռանը բեռնատար շարժակազմերով 2750 ընտանիք՝ ավելի քան 12 հազար մարդ, արտաքսվեց Ալթայի երկրամաս։ Իհարկե, Ստալինի մահից հետո նրանք արդարացվեցին, իսկ ողջ մնացածները վերադարձան հայրենիք, բայց տառապանքի դրոշմը մնաց։ Ընդհանուր առմամբ խորհրդային իշխանության տարիներին Հայաստանում անհիմն կերպով բռնաճնշման ենթարկվեց ավելի քան 42 հազար մարդ, որոնց զգալի մասը գնդակահարվեց։

Փաստենք նաև, որ խորհրդային իշխանություններին հաջողվեց կուսակցությունը Հայաստանում քայքայել ո՛չ գաղափարապես: Չնայած այն հայտնվեց Սփյուռքում՝ հարկադիր տարագրության մեջ, սակայն հայ հասարակության տարբեր շերտերի գիտակցության մեջ պահպանվեց որպես ազգային գաղափարախոսությունը կրող կառույց։ Իսկ 1990 թ․ օգոստոսի 8-ին ՀՅԴ կուսակցությունը բացահայտեց Հայաստանում իր կազմակերպական ներկայությունը։ Այն գործուն մասնակցություն ունեցավ Արցախյան ազատագրական պայքարին ու ներհայաստանյան քաղաքական գործընթացներին։ Ցավոք, արդի ժամանակաշրջանում ևս հնչում են հակադաշնակցական խիստ որակումներ ու կոչեր, երբեմն նաև բարձր մակարդակով, որոնք 131 ամյա հայ ավանդական կուսակցության ազգային նկարագիրը աղճատելու նպատակ ունեն։

Back to top button