Ծովահայեր

Ջրի խորքում` ինչպես օդում. սովորել շնչել ջրի լեզվով. «Ծովահայեր»

Փիլիսոփայություն, ինքնաճանաչում, մեդիտացիա, բնության հետ ներդաշնակություն, զգացողություն, թե ծովը գրկում է քեզ, մաքրում մտքերդ, քեզ զգում ես տիեզերական անհունում ու անհունի մասնիկ․ շատերի համար ջրում ազատ սուզումն այս բացատրությունն ունի, շատերի համար ֆրիդայվինգը մարզաձև է ու կենսաձև։

Ֆրիդայվինգն որպես առանձին մարզաձև սկսեց արագընթաց զարգանալ 21-րդ դարասկզբից, այնինչ՝ ֆրիդայվինգի մասին հիշատակումների հանդիպում ենք դեռ 5000 տարի առաջ։ Օրինակ՝ «Գիլգամեշ» առասպելազրույցում նկարագրվում է, թե ինչպես է ֆրիդայվինգ արել Գիլգամեշը։ Դրվագներից մեկում ասվում է, որ Գիլգամեշը փնտրում էր անմահության ծաղիկը, և երբ իմացավ, որ այն այն աճում է ծովի հատակին, քարեր կապեց ոտքին, սուզվեց ծաղիկը քաղելու, այնուհետև քարերն արձակելով բարձրացավ։  

Եթե հավերժական կյանքի մասին լսելը հեքիաթ է թվում, ապա անհերքելի իրականությունն անհիշելի ժամանակներից ի վեր սննդի հայթայթումն է համաշխարհային օվկիանոսում, ինչպես և մարգարիտների ու խորտակված նավերի փնտրտուքը։

Առաջին համաշխարհայինից առաջ՝ 1913-ին, հույն Սոտտի Գեորգիոսը, որը ծովասպունգ էր որսում, սուզվել է 60 մետր՝ շունչը պահելով 3 րոպե։ Նա սուզվում էր պարանով կապված, որ իրեն վեր քաշեին։  

Առանց սարքավորումների, կամ ինչպես ընդունված է ասել, առանց ակվալանգի սուզվելը վերածվեց մարզաձևի 20-րդ դարակեսից։ Առաջամարտիկներից էր Իտալիայի ռազմածովային ուժերի կապիտան Ռեյմոնդ Բուշերը, որը 1949-ին Նեապոլիտական նեղուցում սուզվեց 30 մետր: Նրան համարում են Ֆրիդայվինգի՝ որպես սպորտաձևի հիմնադիրը: 1952-ին Բուշերը բարելավեց իր ռեկորդը՝ սուզվելով 39 մետր: 

Եթե թևակոխում եք Ձեր կյանքի հինգերորդ տասնամյակը և աշխարհն ու ինքներդ Ձեզ բացահայտելու նպատակ ունեք, ապա Ձեզ կոգեշնչի Նատալյա Մոլչանովան՝ ֆրիդայվինգի թագուհին։

Ռուս մարզուհին 40 տարեկանում առաջին անգամ սկսեց զբաղվել ֆրիդայվինգով, սահմանեց աշխարհի 42  ռեկորդ, ի դեպ՝ վերջին ռեկորդները որդու՝ Ալեքսեյ Մոլչանովի հետ միասին էր գրանցում։ Պատահում էր, մայր ու որդի տուն էին տանում մրցաշարի բոլոր ոսկիները։ 2012 թվականին մայր ու որդի 1 ժամում աշխարհի 2 ռեկորդ սահմանեցին: Ոսկեգույն հիդրոկոստյումների պատճառով նրանց ոսկե մայր ու որդի էին անվանում:

Սուզվել 120 մետրից խորը և շունչը պահել 9 րոպեից ավելի։ Նատալիան դարձավ Ռուսաստանի ֆրիդայվինգի թագուհին, հիմնեց ֆեդերացիա, մշակեց իր սեփական մեթոդներն ու դարձավ նոր դպրոցի հիմնադիր: 2015-ին Իսպանիայի ափերում Նատալյան սուզվեց ու մնաց խորքում։ Նրա գործն ու ռեկորդներն այսօր որդին՝ Ալեքսեյն է շարունակում, իսկ Մոլչանովայի ու Մոլչանովի մեթոդով աշխարհում հազարավոր նոր ֆրիդայվերներ են սուզվում։

Հայաստանի «Արմդայվինգ» սուզորդական ակումբի  ֆրիդայվերները նույնպես Մոլչանովների մեթոդով են հմտանում։

21-րդ դարում ձևավորված մի նոր ճյուղ սկսում է զարգացում ապրել. ջրահարսերի վերապատրաստում անգլերեն տերմինով՝ «mermaid»։ Ջրահարսերի կամ ծովամարդկանց վերապատրաստման և լիցենզավորման հարցին շատ լուրջ է մոտենում սուզորդական աշխարհի հեղինակավոր կազմակերպություններից PADI-ն։ Տարբեր երկրներում բացվում են ջրահարսերի և ծովամարդկանց դպրոցներ։ Այս լողաձևը մեծ արձագանք է գտնում հատկապես օրիորդների շրջանում։

Եթե Ջրահարսերի լողաձևը հիացնում է, ապա ոլորտի մեկ այլ ուղղություն՝ ապշեցնում դիտորդներին։ Գինեսի ռեկորդակիր մարզիկներն ընդամենը 1 շնչով 24 րոպեից ավելի կարողանում են մնալ ջրում։  2016 թվականին Իսպանացի մարզիկ Ալեքսուս Սեգուրեն գինեսի ռեկորդների գրքում գրանցվեց, շունչը պահելով 24 րոպե 3 վայրկյան։

2018-ին այս ռեկորդը գերազանցեց խորվաթ մարզիկ Բուդիմիր Բուդան, շունչը պահելով 24 րոպե 11 վայրկյան։

Բուդիմիրը հաղթանակը նվիրել էր աուտիզմով տառապող իր 17-ամյա դստերը և որպեսզի աշխարհի ուշադրությունը հրավիրեր այս խնդրի վրա, հագուստին պատկերել էլ «Աուտիզմ ունեցողների ասոցիացիայի» տարբերանշանը։ Այսքանով, սակայն, չսահմանափակվեց մարզիկն ու 2021-ին, 56 տարեկանում գերազանցեց իր իսկ ռեկորդը, շունչը պահելով 24 րոպե 33 վայրկյան։

Եվ չնայած աշխարհում սահմանվող ռեկորդներին ու ինքնահաղթահարման նորանոր փորձերին, շատերը նախապատվությունը տալիս են գեղեցիկ սուզաձևին և ջրում ճախրելու հնարավորությունների բացահայտմանը։

Ցուցադրել ավելի
Back to top button