Վերնատուն

Ponte musicale փառատոնը՝ նոր կամուրջ հայաստանյան երաժշտական կյանքում․ «Վերնատուն»

Ponte musicale (երաժշտական կամուրջներ) նոր երաժշտական փառատոնը նոր շունչ է հաղորդելու հայաստանյան երաժշտական կյանքին` վստահ են հիմնադիրները։ Փառատոնի նպատակն է միավորել Հայաստանի և արտերկրի լավագույն երաժիշտներին, զարգացնել և տարածել ժամանակակից երաժշտությունը, պատմական կատարողական արվեստը, երաժիշտների միջև ակտիվ շփումների դաշտ ստեղծել։

Փառատոնը կազմակերպում է «Քառորդ տոն» հասարակական կազմակերպությունը՝ համագործակցելով Հայաստանի կոմպոզիտորների միության հետ։ Երաժշտական ոլորտում ի՞նչ նոր ասելիք և ի՞նչ բաց է լրացնում Ponte musicale նոր երաժշտական փառատոնը. մեկնաբանում են փառատոնի հիմնադիրներ՝ ԵՊԿ պրոռեկտոր, կոմպոզիտոր Արամ Հովհաննիսյանը և «Քառորդ Տոն» Մշակութային հասարակական կազմակերպության հիմնադիր-նախագահ, կոմպոզիտոր Ռուբեն Անտոնյանը։

«Հայաստանում կոմպոզիտորական մրցույթներ հաճախ չեն կազմակերպվում։ Կարևոր է, որ մեզանում նաև կոմպոզիտորական մրցույթ կայանա և կոմպոզիտորը վճարվի իր ստեղծագործության համար։ Մեր փառատոնի շրջանակներում կարևորում ենք նաև կոմպոզիտորին պատվեր տալը, որպեսզի գործը գրվի փառատոնի շրջանակներում և վճարվի», – ասում է Ռուբեն Անտոնյանը։

Արամ Հովհաննիսյանը վստահ է, որ ստեղծարարությունը միայն չի սահմանափակվում դատարկ թղթի առաջ նստելով, նոր գաղափարների շուրջ համախմբվելը նույնպես ստեղծագործել է։ «Երաժշտական գլոբալիզացիայի դարում շատ դժվար է միայն զբաղվել քո սիրած մասնագիտությամբ, պետք է նաև դաշտ ստեղծել այդ մասնագիտության համար։

Եթե մենք չանենք, ո՞վ պիտի անի մեզ համար, մեր արածն էլ գուցե մեկ այլ ստեղծագործողի համար մի լավ բան լինի», – ասում է Արամ Հովհաննիսյանը։ Ponte musicale երաժշտական փառատոնը նախատեսվում է հուլիսի 3– 10-ը։ Համերգները կանցկացվեն հուլիսի 8-ին՝ Դիլիջանում, հուլիսի 9-ին՝ Գյումրիում և հուլիսի 10-ին՝ Երևանում։

Back to top button