Մտքի ուժը

Հայ գիտնականները COVID-19-ի դեմ պայքարող միացություններ են փնտրում․ «Մտքի ուժը»

Դիցիլին, գանգլերոն, թիոդին, կապրոֆեր. Խորհրդային միության տարիներին մեր ինստիտուտներում ստեղծված 14 դեղամիջոցներից չորսը մինչև այժմ էլ օգտագործվում են։ Օրինակ՝ կապրոֆերը, որը 44-օրյա պատերազմի ընթացքում կիրառվել է արնահոսության դադարեցման համար։ Այժմ էլ մեր գիտական կենտրոնում նոր դեղամիջոցների փնտրտուքը շարունակվում է։ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի հոգեմետ դեղամիջոցների սինթեզի լաբորատորիայի առաջատար գիտաշխատող քիմիական գիտությունների դոկտոր՝ Սամվել Սիրականյանը պատմում է․ 

«Մարդկությունն իր կեցության ողջ ընթացքում պարբերաբար առնչվել է զանազան հիվանդությունների, վարակների և համաճարակների հետ, որի պատճառով նոր դեղամիջոցների և պատվաստանյութերի փնտրտուքը միշտ եղել է անհրաժեշտ և արդիական։ Այս բնագավառում անգնահատելի է կենսօրգանական և դեղագործական քիմիայի դերը: Չնայած որ ներկա վիճակում վերոհիշյալ գիտությունը հասել է բավական մեծ արդյունքների, սակայն դեռևս շատ դժվար է արագորեն և արդյունավետ արձագանքել նոր հիվանդությունների և վիրուսների առաջացմանը։ Դրա ապացույցներից մեկն էլ ներկայումս ամբողջ աշխարհում մոլեգնած համավարակն է (Covid-19), որը օրեցօր խլում է տասնյակ հազարավոր մարդկային կյանքեր և գիտնականները դեռևս չեն կարողանում գտնել պայքարի արդյունավետ միջոց դրա դեմ»:

Գիտնականն ասում է, որ այս պատճառով է իրենց գիտական խումբն ուզում սկսել հետազոտություններ իրականացնել նաև այդ ուղղությամբ,  մանավանդ, որ վերջերս հայտնաբերվել է, որ իրենց  կողմից սինթեզված որոշ միացություններ ունեն աննախադեպ բարձր հակավիրուսային ակտիվություն և հանդիսանում են արդյունավետ միջոց խոզի աֆրիկյան ժանտախտի դեմ:

«Դա մեզ հույս է ներշնչում, որ այդ դասի սինթեզվելիք միացությունները նույնպես կցուցաբերեն հակավիրուսային բարձր ակտիվություն և մասնավորապես կունենան հակաքովիդային ազդեցություն։ Ցավոք, ՀՀ-ում դեռևս չկան այդ ուղղությամբ զբաղվող կենսաբաններ, այդ պատճառով մենք փորձում ենք կենսաբաններ գտնել արտերկրում»,-ասում է:

Ինչո՞ւ գումարներ չեն ներդրվում, որպեսզի դեղամիջոցը դեղ դառնա՝ հարցնում եմ։ Գործունեությունն սկսած Սիրականյանը հիշում է, թե ինչպիսին էր վերաբերմունքը գիտության նկատմամբ Խորհրդային միության տարիներին և ինչպիսի հարգանքով էր հասարակությունը վերաբերվում գիտականներին, ինչը չի կարելի ասել հետխորհրդային տարիների մասին, երբ կտրուկ նվազեց ուշադրությունը գիտության նկատմամբ և գիտնականները հայտնվեցին սոցիալական սանդղակի ամենացածր հորիզոնականներում: Շատ կարևոր է և ուրախալի, որ վերջերս վերջապես փոխվեց գիտության և գիտնականի նկատմամբ վերաբերմունքը. 

«Այս տարի վերջապես պետությունը դեմքով շրջվեց դեպի գիտությունը՝ բավականին բարձրացավ գիտաշխատողների աշխատավարձը և առաջիկա հինգ տարիներին էլ պետք է անընդհատ աճի։ Գիտնականներն էլ պիտի գնահատեն հարազատ պետության երկար սպասված սրտացավ մոտեցումը և իրենց ստեղծած գիտական արդյունքներով ապացուցեն, որ արժանի են իրենց բարձր կոչմանը։ Մեր բնագավառում գիտնականի ամենամեծ հաջողությունը նոր, ավելի արդյունավետ դեղամիջոցների ստեղծումն է, որին մենք պետք է ձգտենք հասնել: Սրանով մենք կապահովենք մեր աշխատանքների պրակտիկ մեծ նշանակությունը, իսկ  միջազգային առաջատար ամսագրերում տպագրվելով մենք կապահովենք գիտական արդյունքը.  գիտնականները պետք է գրավեն իրենց արժանի տեղը հասարակության սոցիալական սանդղակում»:

Վերջին տարիներին կենտրոնի կողմից առաջարկված միացությունները դեղամիջոց չեն դարձել։ Կան արդյո՞ք այնպիսի միացություններ, որոնք նախադրյալներ ունեն դեղամիջոց դառնալու համար: Սամվել Սիրականյանի խոսքով՝

«Հետխորհրդային ժամանակաշրջանում, երբ երկիրը հայտվեց սոցիալական ծանր դրության մեջ, նոր դեղամիջոցների ներդրումը դարձավ անհնար, չնայած որ կային դեղամիջոց դառնալու մեծ հնարավորություն ունեցող միացություններ: Այժմ երբ կամաց-կամաց մեծանում է գիտության ֆինանսավորումը,  դեղամիջոց ստեղծվելու հնարավորությունները նույնպես մեծանում են: Մենք այժմ էլ ունենք մի քանի միացություններ, որոնք ունեն դեղամիջոց դառնալու լավ նախադրյալներ, օրինակ հակաթրոմբոցիտային ակտիվությամբ միացությունը, որը հայ և չեխ գիտնականների համագործակցության արդյունք է, հակավիրուսային միացությունը նույնպես գիտական համագործակցության արդյունք է, այս անգամ՝ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի կենսաբանների հետ։ Հակաբակտերիալ ակտիվության միացությունները ստուգվել են Հունաստանի գիտնականների կողմից»։

Այսօր քովիդն է, վաղը կարող են ի հայտ գալ նոր հիվանդություններ կամ  հների մուտացիաներ, ուստի դեղամիջոցների փնտրտուքը միշտ արդիական է և պահանջված՝ բացատրում է գիտնականը․

«Մենք ունենք նաև հակաուռուցքային բարձր ակտիվությամբ միացություն, որը ընտրողաբար ազդում է միայն քաղցկեղի բջիջների վրա և չի վնասում առողջ բջիջներին։ Ինչպես նշեցինք վերևում ունենք նաև հակաթրոմբոցիդային ակտիվությամբ միացություն։ Վերջինը մի քանի անգամ գերազանցում է ասպիրինին, և կողմնակի ազդեցությունն էլ ավելի քիչ է։ Ունենք հակացնցումային ազդեցությամբ միացություններ, որոնք իրենց ազդեցությամբ գերազանցում են ներկայումս բժշկության մեջ կիրառվող Զարոնտին դեղամիջոցին և պակաս թունավոր են։ Խորհրդային տարիներին, որպեսզի միացությունը դեղ դառնար, տևում էր 20 տարի։ Բայց ելնելով գիտության զարգացման ներկա տեմպերից, հույս ունենք, որ այդ ժամանակը հնարավոր կլինի կրճատել մի քանի անգամ»:

ԳԱԱ Դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի այս լաբորատորիայում զբաղվում են նոր դեղամիջոցների փնտրտուքով։ Այստեղ ստացված միացությունների մի մասն ունի կենսաբանական բարձր ակտիություն և հետագայում դեղ դառնալու հեռանկար։ Շենք մտնելիս միանգամից հասկանում ես, որ այստեղ քիմիական նյութերի հետ գործ ունես։

Սիրականյանի կողմից սինթեզված են մի քանի հազար բարդ հետերոցիկլիկ միացություններ, որոնք մասամբ հետազոտված են և ներառված են գիտաշխատողների դիսերտացիաների մեջ։ Հոգեմետ դեղամիջոցների սինթեզի լաբորատորիայում աջ ու ձախ քիմիական ռեակցիաներ են ընթանում։

Անուշ Հովակիմյանը երիտասարդ գիտնական է, հինգ անգամ հաղթել է Արդյունավետ գիտաշխատող մրցույթում, 2018 թ․-ին նախագահի մրցանակի է արժանացել, շահել մի քանի դրամաշնորհ։ Գիտական խմբի մյուս անդամը՝ Էլմիրա Հակոբյանը, այս տարի պաշտպանելու է իր թեկնածուական թեզը. Առաջատար հետազոտությունների աջակցության ծրագրի շրջանակներում, ելնելով թեմայի ընձեռած հնարավորություններից, խումբը համալրվել է ևս մեկ երիտասարդ աշխատակցով՝ հանձինս Հասմիկ Եգորյանն է նրանց միացել։

Հոգեմետ դեղամիջոցների սինթեզի լաբորատորիայի առաջատար գիտաշխատող Սամվել Սիրականյանը  խորհրդային տարիներն է հիշում, պատմում է՝ Սովետական միությունում երեք խոշոր դեղագործական կենտրոններ կային, որոնցից մեկն էլ Արմենակ Մնջոյանի անվան Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտ էր։

Ինստիտուտը հիմնադրվել է Արմենակ Մնջոյանի կողմից  հեռավոր 1955 թ․-ին, որն իր տեսակի մեջ համաշխարհային չափորոշիչներով եզակի (Հայաստանում միակ) գիտահետազոտական հաստատությունն է, ուր ավելի քան 55 տարի զբաղվում են նոր դեղամիջոցների փնտրտուքով։

Կարելի է ասել որ Արմենակ Մնջոյանը Նուրբ օրգանական քիմիայի մեջ զբաղեցում է նույնքան բարձր նիշ, որքան Վիկտոր Համբարձումյանը աստղագիտութան մեջ՝ կարծում են գիտնականները։

Սամվել Սիրականյանը հիշում է՝ այս կենտրոնը հայտնի էր նրանով, որ սկսած նյութերի սինթեզից, կենսաբանական հետազոտությունները և դեղամիջոցների պատրաստումը իրագործվում էր մեկ վայրում՝ Նուրբ օրգանական քիմիայի ինստիտուտում:

Սիրականյանն ու իր խմբի երիտասարդ գիտնականները հպարտանում են, որ իրենց ստացած դրամաշնորհների միջոցով կարողացել են ձեռք բերել նոր սարքեր և սարքավորումներ, որն անկասկած իր դրական ազդեցությունը կունենա գիտական արդյունքների ինչպես որակի, այնպես էլ քանակի վրա, այսինքն՝ կտպագրվեն ավելի շատ գիտական հոդվածներ բարձր ազդեցության գործակից ունեցող միջազգային պարբերականներում.

«Սրանք բոլորը նոր սարքավորումներ են, որոնք ձեռք են բերվել մեր կողմից շահած մրցույթների հաշվին, դրա համար ենք հպարտորեն ցույց տալիս։ Վերջերս մենք շահեցինք Առաջատար հետազոտությունների աջակցության մրցույթում. Դրամաշնորհը հինգ տարով է, ֆինանսավորումը աննախադեպ մեծ գումար է՝ 156 մլն դրամ. այդպիսի խոշոր գումար գիտության կոմիտեն դեռ չէր տրամադրել ոչ մի գիտական նախագծի համար, և դա մեզ հնարավորություն կտա ձեռք բերել ոչ միայն քիմիական ռեակտիվներ և սարքավորումներ, այլ նաև վերանորոգել և կահավորել մի քանի լաբորատոր սենյակներ։ Ինչպես տեսնում եք սենյակների վիճակը անմխիթար է: Դրամաշնորհը հնարավորություն է տվել մեծացնել գիտական խումբը՝ ընդգրկելով նոր երիտասարդ մասնագետներ, ստեղծել ավելի մեծ գիտական արդյունք և աճեցնել ավելի շատ նոր երիտասարդ խոստումնալից գիտնականներ»:

Գիտնական Սիրականյանը կարծում է, որ դեղագործությունն ու ընդհանրապես քիմիան պետք է գերակա ուղղություն լինեն Հայաստանում։ Սա իր բացատրությունն ունի․ «Քանի որ ՀՀ-ն չունի երկաթուղային և ծովային ճանապարհներ, այսինքն զրկված է մեծածավալ բեռներ փոխադրելու հնարավորությունից, այդ պատճառով ՀՀ-ում գերակա ուղղությունները պետք է լինեն գիտատար ուղղությունները, ինչպիսիք են օրինակ՝ դեղագործական քիմիան, համակարգչային տեխնոլոգիաները, արհեստական բանականությունը և այլն: Դեղագործական քիմիայի համար անհրաժեշտ փոքրաքանակ ռեակտիվները հնարավոր է ՀՀ հասցնել ավտոմոբիլային և ավիացիոն ճանապարհով», -ասում է գիտնականը:

2022 թ․-ի պետական բյուջեով գիտության ֆինանսավորումը 2021թ․-ի համեմատ կաճի շուրջ 85%-ով, իսկ գիտական թեմատիկ հետազոտություններին հատկացվող գումարները կավելանան 2.5 անգամ՝ կազմելով 6.7 մլրդ դրամ: Սա կարևորում են գիտնականները, միաժամանակ նկատում, որ չնայած ֆինանսավորումը մեծացել է, բայց առանց դրամաշնորհների հնարավոր չէ ձեռք բերել քիմիական ռեակտիվներ և նոր սարքեր։

Back to top button