ԿարևորՀասարակություն

Լավագույն 5 գաղափարները՝ Գյումրիից

Չինացի զբոսաշրջիկներին Հայաստան բերելու, հայ գյուղատնտեսին ու սպառողին օնլայն կապելու, Գյումրիի հաստոցաշինական ավանդույթները նորարարական լուծումներով  վերականգնելու,  բեմում լուսավորության նոր համակարգեր  տեղադրելու առաջարկները  հաղթող են ճանաչվել են Մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթում։ Դրանք իրականացնելու համար ընկերությունները ֆինանսական աջակցություն կստան։ Ուշագրավն այն է,որ հաղթող բոլոր կազմակերպությունները Գյումրիից են։

Հայաստանի կառավարության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև ստորագրված «Առևտրի խթանում և որակի ենթակառուցվածք» ծրագրի շրջանակում  «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի կողմից տրվող դրամաշնորհների մրցույթում հաղթող ճանաչված 5 ընկերություններն էլ Գյումրիից են։

«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը ուրախ է, որ մարզային ծրագրերում Գյումրին առաջատար է, մյուս կողմից էլ տխուր,  որ մյուս մարզերի  ներկայացրած ծրագրային հայտերը մրցակցությանը չդիմացան։


«Իրականում բավականին զարմանալի էր ու նաև ուրախալի, որ ամենաբարձր գնահատված առաջին 5 կազմակերպություններն էլ Գյումրիից էին։ Ծրագրի լավ բաղադրիչներից մեկն այն է, որ  բավական մեծ ներդրումներ, նորարարություն ենք բերում Հայաստան,  հաջորդ լավ մասն էլ այն է, որ մարզերին «ստիպում ենք» զբաղվել նորարարությամբ»։ 

«Stanok» ընկերության հիմնադիր Կամո Գրիգորյանը մասնագիտությամբ եռաչափ մոդելավորող է, որոշել է Գյումրու հաստոցաշինական ավանդույթները վերականգնել նորարարական լուծումներով։

«Եթե մի փոքր դետալ տանենք խառատի մոտ, բավականին թանկ կարժենա, քանի որ ձեռքի աշխատանք է,  իսկ Չինաստանում այդ դետալը հազարներով են արտադրում ու չնչին գումար է։ Կարծում եմ՝ Հայաստանում այդ ավտոմատացման խնդիրը շատ հեշտությամբ կարելի է լուծել ու շատ դետալներ տեղում արտադրել»։

Դրամաշնորհի օգնությամբ գյուղատնտեսներին սպառման հարցում կաջակցի «Farmfresh» ընկերությունը։

«Շուկա ենք բերում նոր ծրագիր, այն կլինի օնլայն հարթակ , որը կապահովի իր արտադրանքը վաճառել ցանկացող ֆերմերի և գնորդի կապը»։

«F-Light» ընկերությունն էլ մտածել է թատրոններում, համերգասրահներում ու մասշտաբային միջոցառումներ կազմակերպելիս լուսավորության նորարարական համակարգեր ներդնելու շուրջ։ Ընկերության տնօրեն Արսեն Մկրտումյանն ասում է՝ փորձնական մոդելն արդեն ձևավորել են,  աշխատում են կատարելագործման ուղղությամբ։ 

«Համակարգի շնորհիվ լուսարձակներն ավտոմատ կհետևեն շարժվող դերասանին»։

«Easy sales» թիմը ներկայացնող Արմինե Գրիգորյանն էլ ասում է, որ ցանցային վաճառքների կառավարման համար իրենց ստեղծած հավելվածն ամենահարմարն է։  

«Այս պահին պրոդուկտն արդեն շուկայում է, գործում է Android օպերացիոն համակարգով։ Դրամաշնորհը մեզ տրվել է առաջխաղացման և IOS տարբերակը ստեղծելու համար»։

Դրամաշնորհառուներից  «Digital silk road» ընկերությունն էլ «Vizit Armenia Wechat mini app» հավելվածն է ստեղծել, որ Հայաստան կբերի ավելի մեծ թվով չինացի զբոսաշրջիկների։

Ընկերության ներկայացուցիչ Քնարիկ Արղուշյան. «Հայաստանը դեռևս չբացահայտված զբոսաշրջային ուղղություն է չինացիների համար, նաև չինացիներին հետաքրքիր ենք, օրինակ, որպես  հնում մետաքսի ճանապարհի վրա գտնվող երկիր։ Կցանկանանք ակտիվացնել այդ կապերը»։     

 «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի մարզային համաֆինանսավորվող դրամաշնորհների մրցույթում հաղթած 5 կազմակերպություններն էլ կստանան շուրջ 15 հազարական դոլար , ևս  15 % ներդրում էլ կազմակերպություններից յուրաքանչյուրը կանի  իր գաղափարը կյանքի կոչելու համար։

Back to top button