Մոռացված ֆիլմերի ստվերները

Գրական ստեղծագործությունը՝ կրիմինալ ժանրի էկրանավորում․ «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Անցյալ դարի 60-ականների առաջին կեսին Խորհդային Հայաստանի 26 կոմիսարների ոստիկանական բաժանմունքի աշխատակիցների շարքերը համալրեց լրագրող Վիկտոր Բալայանը։ Ոստիկանության աշխատակիցները տեղյակ չէին, որ շարքային Բալայանը հարգված և փորձառու լրագրող է, որը հատուկ առաքելությամբ է հայտնվել իրենց համակարգում։

Գրամեքենան ոստիկանական մեքենայով մեկ ամիս փոխարինած Վիկտոր Բալայանը ականատես եղավ բազմաթիվ հանցագործությունների բացահայտման, որոնք հետագայում դարձան հոդվածներ, պատմվածքներ և կինոսցենարներ։

Վիկտոր Բալայան

Անցյալ դարի 60-70-ականներին «Ավանգարդ» թերթի էջերում մեկը մյուսի հետևից լույս էին տեսնում գրող, լրագրող Վիկտոր Բալայանի ֆելիետոնները, դետեկտիվ պատմվածքները, որոնց համար թերթի կրպակների մոտ հերթեր էին գոյանում։ Վիկտոր Բալայանն այն եզակի արձակագիրներից էր, որ զինվում էր փաստերով և իրական դեպքերը հանրությանը ներկայացնում գեղարվեստական լուծումներով։ Դա էր պատճառը, որ քաղաքացիներն անհամբերությամբ էին սպասում «Ավանգարդ» թերթի նոր համարին։

«Ճշմարտության սովի հերթեր»,- տարիներ անց այդ ամենօրյա հերթերն այսպես է բնորոշում կինոլրագրող Ռոբերտ Մաթոսյանն ու ավելացնում։

««Ավանգարդ» թերթն այն ժամանակ երկու հարյուր հիսուն տպաքանակով էր լույս տեսնում, բայց երբ Վիկտոր Բալայանի հոդվածներն էին տպվում, տպաքանակը միանգամից երեք հարյուր հիսուն հազար էր դառնում։ Խորհդային Հայաստանի ամեն երրորդ ընտանիք բաժանորդագրված էր «Ավանգարդ» թերթին։ Եվ դրանում մեծ էր Բալայանի դերակատարությունը»,- Ռոբերտ Մաթոսյանը տարիներ անց էլ մեծ հպարտությամբ է վերհիշում իր ավագ գործընկերոջը, ում հետ երկար տարիներ շփվելու, մտերմանալու հնարավորություն է ունեցել։

Ռոբերտ Մաթոսյան

«Ավանգարդ» թերթում աշխատելու տարիներին Վիկտոր Բալայանը նախաձեռնում և իրականացնում է մի հետաքրքիր փորձ։ Ներքին գործերի աշխատակիցների գործելաոճին և հանցագործությունների բացահայտումներին ավելի մոտիկից ծանոթանալու նպատակով նա որոշում է մտնել ոստիկանական համակարգ։ Այդ մտահղացումը կյանքի կոչելու համար նա դիմում է Խորհրդային Հայասատանի ներքին գործերի նախարար Վլադիմիր Դարբինյանին։ Բալայանի անսպասելի առաջարկը անակնկալի է բերում նախարարին, բայց նա ընդառաջում է լրագրողին։

«Ներքին գործերի համակարգում նրա ով լինելը գիտեին մի քանի հոգի։ Ներքին գործերի նախարար Դարբինյանը, «Ավանգարդ» թերթի գլխավոր խմբագիր Լորիս Կռոյանը և այն ժամանակվա  26 Կոմիսարների միլիցիայի պետ Սամվել Ցուցուլյանը»,- նշում է Ռոբերտ Մաթոսյանը։

«Երևան» հեռուստաֆիլմերի ստուդիայում բազմաթիվ վավերագրական ֆիլմեր նկարահանած Անատոլի Մոկացյանի մտքում երկար ժամանակ խմորվում էր կրիմինալ դրամայի ժանրում ֆիլմաշար նկարահանելու գաղափարը։ Ի վերջո նա որոշում է ուժերը փորձել։ Ծանոթ լինելով Վիկտոր Բալայանի գրականությանը և ոստիկանությունում աշխատելու պատմությանը՝ Մոկացյանը նրան առաջարկում է սցենարի վերածել այդ ընթացքում գրի առած քրեական պատմություններից մի քանիսը և դրանց հիման վրա դետեկտիվ ֆիլմերի շարք նկարահանել։

Բալայանը համաձայնում է և կարճ ժամանակ անց «Երևան» ստուդիայի ղեկավարությանը մի կինոպատում է ներկայացնում։ Սցենարը հավանության է արժանանում, որից հետո Անատոլի Մոկացյանն անցնում է դերասանների ընտրությանը։ Գլխավոր դերակատարի՝ նպատակասլաց, երիտասարդ կապիտան Գրիգոր Դանիելյանի դերում Անատոլի Մոկացյանը ընտրում է Մանկավարժական ինստիտուտի Հենրիկ Մալյանի ավարտական կուրսի ուսանող Աշոտ Ադամյանին։

Աշոտ Ադամյան

«Անատոլի Մոկացյանի հետ մենք բավականին մտերիմ էինք։ Նա ազատ մտածող մարդ էր և պատրատ էր արվեստում ու հատկապես կինոյում որոշակի էքսպերիմենտների գնալ։ Եվ դա էր պատճառը, որ նա որոշեց կրիմինալ դրամայի ժանրում ֆիլմ նկարահանել, որովհետև այդ ժանրում դեռևս ոչ մի ֆիլմ չէր նկարահանվել»,- ասում է Աշոտ Ադամյանը։

Նկարահանման աշխատանքներն ավարտելուց հետո «Համր վկան» ֆիլմը բարձրացավ համամիութենական էկրան։ Ռուսերեն կրկնօրինակամամբ այն ցուցադրվեց Մոսկվայի կենտրոնական և Խորհրդային Միության այլ երկրների հեռուստատեսություններով։ Ամենուրեք մեծ ոգևորությամբ ընդունվող ֆիլմը Հայաստանում, սակայն, մոռացության մատնվեց, Անատոլի Մոկացյանի՝ դետեկտիվ ֆիլմաշար նկարահանելու երազանքն էլ չիրականացավ։

«Ես շատ եմ ափսոսում, որ Անատոլի Մոկացյանի այդ գաղափարը չիրագործվեց։ Կարծում եմ՝ եթե դա իրականանար, այսօր դետեկտիվ ֆիլմերի մի ամբողջական շարք կունենայինք, բայց եղավ այն, ինչ եղավ»,- ափսոսանքով նշում է Աշոտ Ադամյանը։

Անատոլի Մոկացյանի և Վիկտոր Բալայանի համագործակցության արդյունքում նկարահանված «Համր վկան» կարճամետրաժ ֆիլմը խորհրդային երկրում տիրող  կրիմինալ բարքերի մասին է։ Խորհրդային տարիներին այդ դաշտի մուտքը փակ էր՝ ծածկված գաղտնիության քողով։ Դա էլ դրդեց Վիկտոր Բալայանին գաղտնազերծել թաքցվող մութ պատմությունները։ Արդյունքում՝ նա դարձավ հայ գրականության դետեկտիվ ժանրի հիմնադիրը։

Ցավոք, Անատոլի Մոկացյանին ֆիլմարվեստում վիճակված չէր կրկնել Բալայանի գրական ասպարեզի հաջողությունը։ Նրան չհաջողվեց նկարահանել հայ «Կոմիսար Մեգրե»-ի կամ «Շերլոկ Հոլմս»-ի նմանատիպ բազմասերիանոց ֆիլմաշար, որի պահանջը հասարակության մեջ մեծ էր, և կասկած չկար, որ ֆիլմերն էլ հաջողություն կունենային։ Ամեն դեպքում, Անատոլի Մոկացյանը հայ կինոյի պատմության մեջ մնաց որպես կրիմինալ ժանրում ֆիլմ նկարահանող առաջին ռեժիսորը։

Back to top button