ԿարևորՀասարակություն

Վրաստանում գտնվող Գյանջայի դարպասը կապ չունի Ադրբեջանի հետ

Վրաստանում գտնվող Գյանջայի դարպասը որևէ կապ չունի Ադրբեջանի հետ՝ ի պատասխան Բաքվի հայտարարությունների, ասում են վրացի փորձագետները։ Նրանց կարծիքով՝ սա Ադրբեջանի՝ ուրիշի ժառանգությունն իրեն վերագրելու քաղաքականության հերթական դրսևորումներից է։

Պաշտոնական Թբիլիսին, ի դեպ, պատասխանել է Բաքվի այն հայտարարություններին, թե բանակցություններ են ընթանում Գյանջայի-Գանձակի դարպասը վերադարձնելու շուրջ։ Վրաստանի արտգործնախարարությունը հայտնել է, որ երկկողմ օրակարգում նման հարց չկա։

Վրաստանում անլուրջ են համարում Բաքվի այն հայտարարությունը, թե Թբիլիսիի հետ բանակցություններ են ընթանում Գյանջայի-Գանձակի դարպասը վերադարձնելու հարցի շուրջ։ Նման բանակցություններ չեն կարող լինել՝ «Ռադիոլուրի» հետ զրույցում ասում է կովկասյան հարցերով փորձագետ Մամուկա Արեշիձեն։

«Ես զարմանում եմ, թե ինչու այդ հարցը պետք է քննարկվի, դա նույնիսկ ադրբեջանական ժառանգություն չէ, այլ պարսկական է, դարեր շարունակ գտնվում է Վրաստանում։ Ադրբեջանն այդ ժամանակ չի եղել, տարածքը եղել է պարսկական տիրակալության խանություն»։

Խոսքը վերաբերում է 12-րդ դարին։ Վրացական աղբյուրները նշում են, որ Դավիթ Շինարարի որդին՝ Դեմետրիոս (Դաչի) I թագավորը, 1138-1139 թվականներին գրավել է Գանձակը (Գյանջա) և որպես ռազմական ավար վերցրած դարպասները տեղափոխել Քութայիսի՝ Գելաթի վանք։ Դավիթ Շինարարի կողմից հիմնված (1106 թ․)  վանքում պահպանվում է նաև դարպասի վրա վրացերենով արված գրությունը։ Այն համարվում է միջնադարյան արվեստի գործ։ Պատրաստված է չուգունից և երկաթից, պատված՝ զարդանախշերով և նկարներով։

Արեշիձեն պարզաբանում է․ «Սա վրաց թագավորի կողմից խորհրդանշական քայլ էր․ որպեսզի քաղաքը հետագայում լինի բարեկամ քաղաք, չպետք է ունենա դարպաս»։

Քաղաքագետ Դավիթ Ակուբարդիան ասում է, որ նման բանակցություններ չեն կարող լինել․ «Լուվրում եղածը Նապոլեոնի ավարն է, բայց ոչ ոք չի պահանջում»։ Բացի դրանից , վստահեցնում է, Վրաստանում գտնվող դարպասը կապ չունի Ադրբեջանի ու ադրբեջանցիների հետ։

«Ես զարմանում եմ․ անիմաստ է, դրա մասին խոսել։ Հիմա նրանք ուզում են սեփականացնել, իրենց վերագրել։ Ասում են, թե ալբաններն էլ իրենց նախնիներն են, մի խոսքով՝ արհեստականորեն ստեղծում են հինավուրց ազգ լինելու պատմություն, ուղղակի անլուրջ է և անիրական»։ 

Ի դեպ, Բաքուն պաշտոնապես այս հարցն առաջին անգամ չի բարձրացում, սակայն Վրաստանում դրան գրեթե չեն էլ անդրադառնում։

Ադրբեջանը, սակայն, շարունակում է հետամուտ լինել Դավիթ Գարեջի վանական համալիրի հարցում։  Վրաց-ադրբեջանական պետական սահմանի՝ դեռևս չհստակեցված հատվածում գտնվող վրացական վանական համալիրը Բաքուն ներկայացնում է որպես իր պատմության անբաժան մաս՝ պնդելով, թե հուշարձանն ալբանական է, իսկ ալբանները՝ իրենց նախնիները։

Ցուցադրել ավելի
Back to top button