Գերդաստաններ

Վանաձորցի տիկին Հոմերոսը․ «Գերդաստաններ»

Երկնամերձ սարերի ու կանաչ անտառների մեջ մխրճված նահապետական տներից մեկում, ուր ճակատի քրտինքով իրենց հացը վաստակող հողագործներ էին ապրում, հավաքվել էին երեխաներ, կանայք, դպրոցի ուսուցիչներ և լսում էին գրավիչ հեքիաթներ, որ պատմում էր տիկին Հոմերոսը։

Մեծ հետաքրքրությամբ ու զննող հայացքով տիկին Հոմերոսին լսում էր մի 4-ամյա տղա, որը բավականին մոտ էր նստած հեքիաթասացին և կարծես ընտանիքի անդամներից էր։ Տղայի հայացքն ու հարցերը հուշում էին, որ նա ապագայում դառնալու է գրի և գրականության հետ կապ ունեցող մեկը։ Այդ 4-ամյա տղան Ստեփան Զորյանն էր։

Զորյանների տնից քիչ հեռու Զաքար վարժապետի դպրոցն էր, ում բանտ էին նստեցրել ցարական իշխանությունները միայն այն բանի համար, որ գաղտնի դպրոց էր բացել ու դպրոցում երեխաներին սովորեցնում էր հայոց լեզու։

Ստեփանի հայրը չէր ուզում, որ որդին ռուսական դպրոց գնա, սակայն ստիպված էր ուղարկել՝ պատգամելով. «Չմոռանաս, որ դու հայ ես ու հայոց լեզուն ամենից լավ պիտի իմանաս։

Տղան դպրոցն ավարտեց և շատերի նման բռնեց Թիֆլիսի ճանապարհը՝ առանց նյութական միջոցների, իսկ այնտեղ նրան ժամանակավոր օթևան տվեց մորաքրոջ տղան։

Կարճ ժամանակ անց Զորյանը հայտնվում է Թիֆլիսի մշակութային կյանքում ու այնտեղ տպագրվող «Մշակ»-ի խմբագրատանը լսում Թումանյանի զրույցները, որոնք, մոր պատմածների հետ միահյուսվելով, ստեղծում էին մի զարմանահրաշ խճանկար։ Այդ ազդեցությունից էլ հենց ծնվում են «Խուժան Արշոն» ու «Չալանկը», «Տխուր մարդիկ» ու «Քաղցածները»։

Հետագայում Դերենիկ Դեմիրճյանը «Տխուր մարդիկ» ժողովածուի մասին գրում է. «Այս գրքում ես զգում եմ մեր ազգային գրականության և եվրոպական գրականության ձևերի սինթեզ, ինչը պակասում էր մեզ մինչև այսօր»։

Այստեղ ծանոթանում է Հովհաննես Թումանյանի և մեծ քնարերգու Վահան Տերյանի հետ։ Թումանյանը մեծ ազդեցություն է ունենում գրողի ստեղծագործական կյանքում՝ ոճական և գաղափարական իմաստով, իսկ Վահան Տերյանը նրան առաջարկում է թարգմանել Լև Տոլստոյի «Պատերազմ և խաղաղություն» վեպը։

Ստեփան Զորյանի տուն-թանգարանի աշխատակցուհին՝ Սաթենիկ Անթառանյանը, թանգարանի պատուհանից դուրս նայելիս ասես զգում է Զորյանի շունչը, զրուցում նրա ու նրա կենդանի հերոսների հետ, որոնք Վանաձորում ամեն քայլափոխի են հանդիպում։

Թանգարանի շենքում, որի ճարտարապետները Զորյանի երկու որդիներն են, Զորյանի ընտանիքն ապրել է ընդամենը 4 տարի։ Հին տունը չի պահպանվել։ Զորյանի ճարտարապետ որդիները՝ Լևոնը և Կարենը զբաղվում էին նաև թարգմանություններով և գրական աշխատանքով։ Հռիփսիմեն Լևոնի դուստրն է, դասավանդում է Պոլիտեխնիկական համալսարանում։

Վանաձորում հարգում են մեծ գրողի հիշատակը, հաճախ են կազմակերպում միջոցառումներ, իսկ շուտով կբացվի երիտասարդ Զորյանագետների ակումբ։

Back to top button