Մասնագիտություն

Սիրո լեզվին տիրապետող մասնագետը․ «Մասնագիտություն»

Սեր, նորաձևություն, ճանապարհորդություն, բարձրաճաշակ մշակույթ, նրբագեղ խոհանոց, ճարտարապետական հրաշագեղ կոթողներ, կինեմատոգրաֆիայի հայտնի ու սիրելի կերպարներ, համաշխարհային ճանաչում ունեցող ստեղծագործություններ, պոեզիա, բալետ… այս շարքը շարունակելի է, և այս ամենին միավորողը աշխարհի ամենագեղեցիկ լեզուներից մեկն է՝ հարուստ իմաստաբանության, գիտության, կրթության, մշակույթի և պարզապես սիրո լեզու ֆրանսերենը։

Բարդ, բայց և միևնույն ժամանակ անչափ գրավիչ, հարուստ, նուրբ, հնչեղ, երգեցիկ ու մեղեդային լեզվի՝ ֆրանսերենի ուսումնասիրմամբ է զբաղվում ֆրանսերենի մասնագետը՝ նպաստելով ֆրանսերենի և ֆրանկոֆոն մշակույթների տարածմանը։ Ֆրանսախոս ժողովուրդները և անձինք կոչվում են ֆրանկոֆոններ։

Անգամ գոյություն ունի ֆրանսերենի և համընդհանուր արժեքների ամրագրման ու տարածման հաստատություն «Ֆրանկոֆոնիա» միջազգային կազմակերպությունը, որը 1970 թվականից զբաղվում է ֆրանսերենի, մշակութային ու լեզվաբանական բազմազանության տարածման խրախուսմամբ: Ֆրանսերենն աշխարհում ֆրանսիական մշակույթի և մտածողության հիմնական շարժիչն է։

Ֆրանսիայում այն պետական լեզվի կարգավիճակ է ստացել 1539 թվականին։ Միջազգային դիվանագիտական հարաբերությունների, եվրոպական բարձրաշխարհիկ խավի գերիշխող լեզուններից մեկն ունի երկար պատմություն և լայն գործածության աշխարհագրություն։

Այս լեզվով խոսում են աշխարհի գրեթե բոլոր ծայրերում. այն համարվում է պետական լեզու ոչ միայն Ֆրանսիայում, այլ նաև մի շարք այլ երկրներում: Ֆրանսերենը Միավորված ազգերի կազմակերպության պաշտոնական լեզուներից մեկն է և կիրառվում է բազմաթիվ միջազգային կազմակերպությունների կողմից։

Յուրաքանչյուր տարի այս լեզվով անցկացվում են բազմաթիվ միջազգային կոնֆերանսներ ու միջոցառումներ: Եվ վերջում, եթե դուք էլ ցանկանում եք սովորել ֆրանսերեն, հետագայում ձեր գիտելիքները փոխանցել ուրիշներին կամ պարզապես գտնել հետաքրքիր աշխատանք, ապա շտապե՛ք սովորել այն։ Ու չմոռանաք, որ այն տիրապետելու գլխավոր նախապայմանը սերն է։

Զրույց Երևանի պետական համալսարանի եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետի ֆրանսիական բանասիրության ամբիոնի դասախոս, թարգմանիչ Աննա Մարությանի հետ:

Back to top button