Սփյուռքի ձայնը

Հայրենադարձ զույգի հիմնած ընկերությունը կբուժի հողն ու շրջակա միջավայրը․ «Սփյուռքի ձայնը»

«Դոկտեռռա»` թարգմանաբար «հողի բժիշկ» անվանումով նորաստեղծ ընկերության հիմնադիրները՝ Սոնա Շաբոյանն ու Ֆիլիպ Քեշիշյանը 2019 թվականին վերադարձան Հայաստան։ Սոնան հայաստանցի է, սակայն երկար տարիներ ապրել է Գերմանիայում, իսկ Ֆիլիպը Ավստրիայից է։ Երիտասարդ զույգը հայրենիք վերադառնալուց մեկ տարի անց ստեղծեց սեփական ընկերությունը։

Ֆիլիպ Քեշիշյանը մասնագիտությամբ հողաբույժ է։ Սոնան օգնում է ամուսնուն աշխատանքում։ Ֆիլիպը նշում է, որ Հայաստանում գրեթե բոլորը հողերը պարարտացնում են քիմիական հավելումներով, մինչդեռ արդեն ամբողջ աշխարհում նկատվում է բնական միջոցներով պարարտացնելու միտում։

«Տարիներ շարունակ աշխատել եմ Վիետնամում, ապրել եմ Ավստրիայում, ծանոթ եմ նաև ամերիկյան գյուղատնտեսությանը։ Վերջին շրջանում գրեթե ամենուր անցում են կատարում բնական պարարտացմանը, ինչը մի քանի առավելություն ունի»,- ասում է Ֆիլիպը։

Նախ՝ մեկ անգամ հողը բուժելուց հետո այն ամենամյա կամ ժամանակ առ ժամանակ նորից պարարտացնելու կարիք չի ունենա։ Երկրորդ․ ստացած բերքը մաքուր կլինի, իսկ մշակաբույսերից արտանետված նյութերը չեն վնասի օդն ու շրջակա միջավայրը՝ շարունակում է։

Սոնան նկատում է, որ թեև Ֆիլիպի նման հմուտ և բանիմաց մասնագետների չի հանդիպել, սակայն այնտեղ էլ պետության մոտեցումը ստիպում է հաշվի նստել բնության հետ և ձերբազատվել քիմիական հավելումներից։

Երիտասրդ հայրենադարձները իրնց աշխատանքը սկսել են Աշտարակում։ Մենք երկուսս էլ բնության մարդիկ ենք` ասում է Սոնան։ Ի դեպ, Հայաստանում նրանց սկսած գործունեությանը խթանել է Սփյուռքի հանձնակատարի գրասենյակը, ֆինանսական հարցերը հոգացել են «Իրիս բիզնես» ինկուբատորն ու ՀՕֆ-ը։

Իսկ ինչ վերաբերում է բնական հումքի արտադրությանը, Սոնան նշում է, որ այն մեր երկրում գրեթե ամենուր է։ Երիտասարդներն արդեն ստեղծել են լաբորատորիա, որտեղ կուսումնասիրեն հողի վիճակը, ապա կսկսեն աշխատանքները։ Նախ կընդգրկեն Երևանին մոտ մի քանի համայնքում գործող հողակտորները, ապա կանցնեն մյուս մարզեր։

Back to top button