Բնական ընտրություն

Պատկերը կյանքում և նկարում․ տեսախցիկը՝ մարդու, ռադարը՝ գորտի և ճանճի աչքի կրկնօրինակ․ «Բնական ընտրություն»

Գլուխ 1

«Ժոզեֆ Նյեպսի փորձարկումից 200 տարի անց»

Նա վերցրեց մի սենյակ, որտեղ կար պատուհան, ամբողջովին փակեց սենյակը լույսից և մի փոքրիկ շրջանակ արեց պատուհանի վրա: Այդպես ամբողջ տեսարանը, որը բացվում էր այդ փոքրիկ շրջանակից, հակադարձ պատկերվեց պատուհանի դիմացի պատի վրա: Ըստ պատմության՝ Ժոզեֆ Նիսեֆոր Նյեպս անունով մի երեխա, պատին արտացոլված պատկերը ֆիքսեց ասֆալտե լաքով․ փաստորեն փորձեց ինչ-որ կերպ վերարտադրել այն պատկերը, որն իր աչքն է տեսնում։ 1865 թվականին գիտնական Սետտոնը հայտնագործեց ապակե օբյեկտիվը, իսկ առաջին տեսախցիկն արտադրվեց 1925 թվականին․ դրանում պատկեր ստանալու համար օգտագործվում էր 35 մմ երկարությամբ կինոժապավեն։

Լուսանկարիչ Շուշանիկ Ասատրյանն է հյուրս, ավելի ճիշտ՝ նա և իր այսպես ասած ընկերները՝ տարբեր սերունդների լուսանկարչական ապարատաները, որոնք շարված են սեղանին։ Ժապավենային և թվային ապարատներից մինչև ժամանակակից լուսանկարչական ապարատներ․

«Առաջին լուսանկարողը քո աչքն է․ պատկերը տեսնում ես, կոմպոզիցիան հավաքում, իսկ տեխնիկան ֆիքսում է այդ պատկերը։ Առաջին լուսանկարս հեռախոսով եմ նկարել, և փորձում էի օրինակ նկարել թիթեռ և հասկանալ, թե որքանո՞վ ինձ կհաջողվի ստանալ աչքիս տեսածին մոտ պատկեր։ Ինձ ի սկզբանե է հետաքրքիր եղել այդ նմանությունը և սկսեցի ուսումնասիրել ու հասկացա, որ իսկապես որ, նույնն է, լույսը իմ աչքի մեջ է մտնում և սկսում եմ մարսել պատկերը, նույնը տեխնիկայի դեպքում է՝ լույսը բեկվում է օպտիկայի մեջ և ես ստանում եմ պատկերը։ Առհասարակ աչքի եղջերաթաղանթը նման է լուսանկարչական ապարատի ոսպնյակին»,- ասում է Շուշանիկ Ասատրյանը։

Աչքը մարդու՝ ամենաբարդ կառուցվածք ունեցող օրգաններից մեկն է։ Սպիտակուցային թաղանթ, եղջերաթաղանթ, ակնագունդ, ծիածանաթաղանթ, բիբ, ապակենման մարմին, ցանցաթաղանթ․ մարդու աչքը օպտիկակական յուրատեսակ խցիկ է, որը կարելի է բաժանել լուսազգաց էկրանի՝ ցանցաթաղանթն է, և լուսաբեկող միջավայրի (հատկապես եղջերաթաղանթը և ոսպնյակը)։ Պարզ տեսնելու համար աչքը ընկնող ճառագայթների կիզակետը պետք է համընկնի ցանցաթաղանթի հետ։ Սակայն դա միակ պայմանը չէ։

Առարկայի մանրամասնությունները տարբերելու համար անհրաժեշտ է, որ դրա պատկերն ընկնի ցանցաթաղանթի՝ բբի ուղիղ դիմացը գտնվող շրջանում։ Արդյունքում՝ մարդու աչքը կարող է տարբերակել 10 միլիոն գույն։ Լուսանկարչական ապարատներն ստեղծվել են հատկապես մարդու աչքի կառուցվածքային օրինակով, և եթե լուսանկարչական ապարատի այսպես ասած հզորությունը ճշտելու համար հարցնում ենք, թե որքան է ֆոտոընկալիչների, այլ կերպ ասած՝ պիքսելների թիվը, ապա արձանագրենք, որ այդ թիվը երբեք չի հասել մարդու աչքին, որի ցանցաթաղանթում ֆոտոընկալիչների ընդհանուր թիվը 63 մլն է: Նրանցից մոտ 3 միլիոնը փոխանցում են կենտրոնացված, գունային կոդավորված տեղեկատվություն։ Սա չի նշանակում, որ աչքը 63 միլիոն պիքսել է ուղարկում ուղեղ: Փոխարենը, ինչպես JPG պատկերով, այն ակնթարթորեն կրճատվում է՝ ըստ չափի, անգամ՝ մինչև տեղեկատվությունը դուրս է գալիս ցանցաթաղանթից:

Լուսանկարիչ  Շուշանիկ Ասատրյանի աչքը և տեսախցիկը հատկապես ֆիքսում են բնապատկերներ և կադրեր՝ գյուղ-կենցաղից, աչքի և ֆոտոխցիկի նմանությունը բացատրում է՝

«Եթե մենք փակենք մեր աչքերը՝ ոչինչ չենք տեսնի, այսինքն մեզ լույս է պետք տեսնելու համար, լուսանկարչական ապարատի համար էլ է լույսն ամենակարևորը, որովհետև ապարատն ունի էքսպոզիցիա, այսինքն լուսազգացողություն, ինչի դեպքում էլ երեք ֆունկցիա ունի լույսը կարգավորելու համար։ Օրինակ՝ դրանցից է դիաֆրագման բացատրեմ, եթե մենք մեր աչքը կկոցենք, լույսը քիչ ներս կմտնի, պատկերը աղոտ կստացվի, ապարատի մեջ նույն ձև է, հատուկ ձևով կառավարում ենք այդ գործողությունը»,-բացատրում է լուսանկարիչը։

Գլուխ 2

«Այդ անպոչ երկկենցաղն ու բնության մեջ անպիտան թվացող միջատը տեսնում են ամեն ինչ»

Տեսախցիկը պարտադիր չէ, որ լինի լուսանկարչական ապարատի վրա։ 1935 թվականին բրիտանական կառավարության պատվերով անգլիացի գիտնական Վաթսոն Վատտը ստեղծեց ռադար։ Մեր օրերում ռադարները տեղակայված են օրինակ արհեստական արբանյակներում և տիեզերքից դիտարկում են երկրի մակերևույթը։ Նույն ռադարներով հսկում են նաև ճանապարհային երթևեկությունը, չափում ավտոմեքենաների արագությունը և այլն։ Պատկերը ֆիքսող այս տեխնոլոգիական հայտնագործությունը ևս ստեղծվել է աչքի օրինակով, միայն ոչ թե մարդկային, այլ այն կենդանի օրգանիզմների, որոնց աչքի շառավիղը 360 աստիճան է։ Հաջորդ զրուցակիցս ֆիզիկոս Լիլիթ Եգանյանն է, բացատրում է՝

«Ինչո՞ւ է լուսանկարչական ապարատը նմանեցվել մարդու աչքին, որովհետև գունազգացողությունը, լույսի բեկումն ամբողջովին նույնն է։ Բայց միաժամանակ կան ռադարներ, որոնք օրինակ ինքնաթիռների կամ նավերի դեպքում որոշում են 360  աստիճանով, թե այսքան հեռավորության վրա ի՞նչ օբյեկտներ կան, որպեսզի դրանք ինքնաթիռը կամ նավը շրջանցեն։ Անգամ այսպիսի տեսողությունն է փոխարինված բնությունից, դիցուք գորտի աչքը դիտարկենք, որը ևս ունի 360 աստիճանի շառավիղ։ Գորտը տեսնում է և ընկալում իր դիմաց և շուրջը գտնվող օբյեկտները, օրինակ կարո՞ղ են իր համար կեր ծառայել, թե ոչ»,-ասում է ֆիզիկոս Լիլիթ Եգանյանը։

Ֆասետային աչքի կառուցվածքը

Այլ կերպ ասած՝ գորտերն այն կենդանի օրգանիզմների դասին են պատկանում, որոնք ունեն ֆասետային աչքեր։ Ֆասետային աչքերը կազմված են 10-12000 պարզագույն տեսողական միավորներից՝ օմմատիդներից։ Ի տարբերություն ողնաշարավորների աչքի, որն ունի մեկ ոսպնյակ, հազարավոր ոսպնյակներ պարունակող Ֆասետային աչքերի մեջ լուսապատկերի ստացումը հիմնված է լուսատար մանրաթելերի օպտիկայի սկզբունքների վրա։ Դրա շնորհիվ չափազանց փոքր չափերի հետ կապված լույսի դիֆրակցիայի, այսինքն բեկման վնասակար ազդեցությունը հասցված է նվազագույնի։ Ֆասետային աչքեր ունեցող հաջորդ կենդանի օրգանիզմը ճանճն է․ կենսաքիմիկոս Նորայր Գաբրիելյան․

«Կան կենդանիներ, որոնց աչքի տեսադաշտը շատ մեծ է, դիտարկենք ճանճի աչքը, եզակի կենդանի է իսկապես, աչքերն ավելի մեծ տարածք են զբաղեցնում, քան սեփական գլուխը։ Հաճախ մարդկանց մոտ հարց է առաջանում՝ ինչպե՞ս է ստացվում, որ ճանճին ուզում ես հետևից հարվածել, ինքը հասցնում է փախչել։ Բանն այն է, որ ճանճի աչքը 360 աստիճան տեսողություն ունի և ընկալում է հետևի պատկերը անգամ»,-ասում է Նորայր Գաբրիելյանը։

Տեսախցիկն այնքան ճշգրիտ չի ֆիքսում պատկերը, որքան մարդու աչքը, սակայն այն օգնում է, որպեսզի աչքը խոշորացման շնորհիվ կարողանա տեսնել այնպիսի օբյեկտներ, ինչպիսին է, օրինակ, Լուսինը։ Լուսանկարիչ Շուշանիկ Ասատրյան․

«Հույս ունեմ, որ կգա մի օր, որ տեխնոլոգիան իսկապես ամբողջովին կարտացոլի այն, ինչ տեսնում է մեր աչքը։ Եթե չի էլ տեսնում, այսօր մեզ օգնության են գալիս լուսանկար մշակելու ծրագրերը։ Տեսախցիկը երկու ֆունկցիա ունի, որոնց շնորհիվ մենք նմանեցնում և կարգավորում ենք գույները մեր աչքի տեսածին, եթե չի ստացվում՝ հատուկ ծրագրով ենք ուղղում մեր մատրիցայի չարտաբերած գույները»,-ասում է լուսանկարիչ Շուշանիկ Ասատրյանը։

Համոզվում ենք ևս մեկ անգամ՝ բնությունը իսկապես որ կատարյալ է։

Back to top button