Խոշորացույց

Կրկին Նժդեհը. հերոսները մեր ընկալումներում, ժամանակի ու տարածության մեջ. «Խոշորացույց»

Գարեգին Նժդեհը մեր պատմության ոչ միայն հերոսական դեմքերից է, հայ ազատագրական շարժման ինտելեկտուալ գործիչներից մեկը, այլեւ ամենաողբերգական անձնավորությունը։

Նրա ոչ միայն կյանքն էր իրադարձություններով ու պայքարով հարուստ, այլեւ մահվանից հետո, կարծես, հանգիստ չի գտնում։ Նրա անունն իսկ արդեն իր շուրջն ստեղծում է իրադարձություն ու պայքար։

«Գարեգին Նժդեհ» ֆիլմի մոսկովյան ցուցադրությունը եւս դարձավ իրադարձություն` իրարամերժ տեղեկություններով, ապա եւ քննարկումներով ուղեկցվող։ Միանգամից երեք մայրաքաղաքներում Նժդեհի մասին խոսում են նրա մահվանից վեց տասնամյակ անց։

Երեւանի համար Նժդեհը ազգային հերոս է, Բաքվի համար` Սյունիքում իրենց անհաջողության մեղավորը, Մոսկվայի համար` նոր աշխարհակարգի ստեղծման շուրջ պայքարի աշխարհաքաղաքական մարտերի գործիքներից մեկը։

Մարիամ Հովսեփյանը պատմում է, թե ինչպես Վլադիմիրի բանտում իր մահկանացուն կնքած Գարեգին Նժդեհի մասունքները հնարավոր եղավ բերել հայրենիք եւ իր պաշտպանած Սյունյաց հողում ամփոփել։

Խորհրդային Հայաստանում Նժդեհը հակահերոս էր, անգամ հայտնի «Զանգեզուր» ֆիլմում էր նրա կերպարը ծաղրի ենթարկվում։ Բայց անգամ խորհրդային իշխանությունն էր հասկանում Նժդեհի պատմական կշիռը, ուստի նրա դերակատարման համար ընտրվել էր հայ բեմի ամենաշնորհալի ու տաղանդավոր անհատականություններից մեկը` Ավետ Ավետիսյանը։

Դրանից հետո` նրան փորձեցին մատնել մոռացության։ Մահվանից 66 տարի հետո էլ դա անհնար է։

Բայց պարզվում է, որ անգամ մեր նորագույն հերոսներն են դառնում, այսպես ասենք, ոչ միայն թշնամական երկրների, այլեւ սոցցանցը համակարգողների աչքի փուշը։ Վերջերս Մոնթեի մասին հիշատակումները ֆեյսբուքում խնդիրներ առաջացրեցին։

«Ռադիոլուրի» մեր գործընկերներ Էլիզա Մխիթարյանն անդրադարձել է այն հարցին, թե ինչ է տեղի ունենում, երբ, օրինակ Ֆեյսբուքին, որեւէ մեկը դուր չի գալիս։

ԱՍԱԼԱ-ի պատմությունն սկսվում է Գուրգեն Յանիկյանով։ Նա Հայոց ցեղասպանության շուրջ համաշխարհային լռության պատը սկսում է քանդել` սպանելով Կալիֆորնիայում Թուրքիայի հյուպատոսին ու փոխհյուպատոսին։ Բնական է՝ մամուլը կարող էր չխոսել ցեղասպանության մասին, բայց դիվանագետների սպանությունը լռության մատնել ուղղակի անհնար էր։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Հերոսների, հերոսների մասին ժամանակակից ընկալումների, պատմության մեջ անհատի դերի մասին ենք խոսել «Խոշորացույցի» եթերում լրագրող Միքայել Յալանուզյանի հետ։

Back to top button