Խոշորացույց

Վարդագույն ակնոցները հանելու ժամանակը. «Խոշորացույց»

2020 թվականի հայ-ադրբեջանական պատերազմն ինձ համար շատ անձնական էր։ Ես ինքս պատերազմի ժամանակ ապրում ու աշխատում էի Ստեփանակերտում, պատերազմի ողջ ընթացքում Արցախի տարբեր շրջաններ այցելելու հնարավորություն ունեի։

Բայց բնակության իմ հիմնական վայրը Ստեփանակերտն էր՝ Արցախի մայրաքաղաքը, վարչական կենտրոնը։ Այդ կենտրոնը առանջնագիծ-թիկունք էր այն պահից սկսած, երբ Ստեփանակերտի վրա ռմբակոծությունն ու հրթիռակոծությունը ամենօրյա բնույթ սկսեցին կրել։

Պատերազմի առաջին ժամերից սկսած այն առաջին բանը, որը ես տեսել եմ ու զգացել՝ քաոսն էր։ Քաոս էր ամենուրեք՝ բոլոր ոլորտներում, բոլոր հաստատություններում ու կառույցներում։

Հայ ռազմական արվեստի պատմությունը՝ Մարիամ Հովսեփյանի ռեպորտաժում

Պատերազմի ամենամեծ ու առաջին շոկն ինձ համար սեպտեմբերի 27-ի երեկոյան էր՝ Գորիսում, երբ փոքրիկ կայանատեղիում հավաքված ամբոխի միջից լսվում էին բազմաթիվ երեխաների ճիչերն ու լացը, երբ բոլոր կանայք իրար հերթ չտալով խոսում էին՝ վախեցած դեմքերով, երբ տղամարդիկ միաբերան ասում էին «վիճակը լավ չի»։

Հետո պատերազմական օրերն  անցնում էին՝ ամեն պահի սովորեցնելով, որ դաժան բաները բնական են, երբ պատերազմ է, կարեւորը՝ քաոսի մեջ կյանք գտնելն է։

Իսկ այդ կյանքն ինձ համար առաջին հերթին ռադիոն էր ու իմ աշխատանքը. ես ղեկավարում էի Արցախի հանրային ռադիոն ու զբաղվում նաեւ այն ամենով, ինչը ձեռքիցս գալիս էր ու խելքս կտրում էր։

Ես Ստեփանակերտ տեղափոխվել էի պատերազմի սկսվելուց երկու ամիս առաջ։ Որեւէ հաստիքում նշանակվելուց առաջ պիտի քո աշխատաքնի կարճաժամկետ, միջնաժամկետ ու երկարաժամկետ ծրագրերի փաթեթ ներկայացնես։ Իմ ներկայացրածում մի կետ կար. անձնակազմի էվակուացիայի կազմակերպում։ Պատերազմից երկու ամիս առաջ այդ կետին, մեղմ ասած, ծիծաղով էին վերաբերվում բոլորը՝ իմ մտահոգություններն ու ծրագիրը կապելով այն հանգամանքի հետ, որ Երեւանից եմ եւ որ չափազանց երիտասարդ եմ՝ պատերազմի մասին հիշելու համար։

Հանրային ռադիոյի  «Դպրություն» հաղորդաշարից մի կարճ հատված։ Աննա Սահակյանը ռազմագիտության ուսուցիչների հետ զրուցում է այդ առարկայում փոփոխություններ կատարելու անհրաժեշտության մասին

2020-ի պատերազմի ու այդ օրերին Արցախի հանրային ռադիոյի աշխատանքի մասին վերհիշել չեմ ուզում, բայց ուզում եմ երբեք չմոռանալ այն դասերը, որոնք սովորել եմ մեր պարտությունից, որոնք սովորեցրել է ինձ պատերազմը, որոնք ինձ համար մտորելու, քննելու, վերլուծելու ու կեղծ հայրենասիրությամբ ու պաթոսով ինքս ինձ չխաբելու հնարավորություն է տվել։

Անի ՄԻՆԱՍՅԱՆ

Հայաստանի անցյալ, ներկա ու ապագա ռազմական վեկտորն ենք փորձել դիտարկել «Խոշորացույցի» տաղավարում ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի հետ։

Back to top button