Գերդաստաններ

Վիրաբուժությունը՝ կենսակերպ. Աղաջանյանների գերդաստանում 20 բժիշկ կա․ «Գերդաստաններ»

«Ուռոլոգիայի մաեստրո». այսպես էին անվանում նրան, ով ուրոլոգիական վիրահատությունները կատարում էր ոսկերչական աշխատանքին բնորոշ գերազանց հմտությամբ։ Հավանաբար դրա պատճառներից մեկն էլ այն էր, որ նա փոքր տարիքում զբաղվել էր ասեղնագործությամբ, իսկ այն մանրակրկիտ և համբերատար աշխատանք էր պահանջում։

Ելիզավետպոլը շատ անվանի գործիչների ծննդավայրն էր, այդ թվում և հայտնի վիրաբույժ, պրոֆեսոր Իվան Աղաջանյանի նախնիների։

Վանո Աղաջանյանը և իր կինը՝ Սիրանուշ Մանվելյանը

Վանո Աղաջանյանը Իվան Աղաջանյանի պապն էր, որը փայտագործ էր։ Իվան Աղաջանյանի հայրը՝ բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր սրտաբան և կուրորտաբան Գերասիմ Աղաջանյանն էր։ 1933 թվականին Երևանի բժշկական ինստիտուտն ավարտլուց հետո, նրան ուղարկում են Կիև, որտեղ ակադեմիկոս Վասիլենկոյի ղեկավարությամբ նա զբաղվում է սրտաբանությամբ։


Վերևի շարքում՝ Գերասիմ Աղաջանյան, քույրը  Թամարա Աղաջանյան
Մեջտեղի շարքում՝ Գերասիմ Աղաջանյանի մայրը, տատիկը և հայրը
Ներքևի շարքում՝ Գերասիմ Աղաջանյանի եղբայրը՝ Մանվելը և քույրը՝ Գալինան

1950 թվականին նա նշանակվում է «Ջերմուկ» առողջարանի տնօրեն, որտեղ հանգստանում և լիարժեք բուժում էին ստանում ժամանակի անվանի գործիչները։

Գերասիմի կինը՝ Թամարան, վրացուհի էր, նրանք ծանոթացել էին Թիֆլիսի թատրոնում, որտեղ իրար կողք են նստած եղել, ծանոթացել են, համակրել միմյանց ու սկսել զրուցել։ Նրանց հանդիպումները դարձել են հաճախակի, իսկ կարճ ժամանակ անց ամուսնացել են։

Դուստրը Մարինան, հոր մասին խոսելիս նրան այսպես է նկարագրում. շատ գրավիչ, կիրթ և բանիմաց մարդ էր: Մայրն Իվանին ասեղնագործություն էր սովորեցնում, ապագա բժիշկը օրական 3 ժամ ասեղնագործում էր՝ մեծ վարպետությամբ, նրբությամբ, ներդաշնակ գույներով։

Հետո արդեն, երբ անվանի բժիշկ էր, մի առիթով ասել է, որ իր համար վիրաբուժությունը բացի անատոմիայի իմացությունից, ձեռքերի հմտություն ու վարպետություն է պահանջում, նուրբ ու գեղեցիկ ասեղնագործություն է, կոպիտ հյուսվածքներն այստեղ տեղ չունեն, դրանք բարդությունների պատճառ կդառնան։

Իվան Աղաջանյանն ընդունվում է Լենինգրադի՝ Սանկտ Պետերբուրգի բժշկական ինստիտուտի ուռոլոգիական կլինիկայի ասպիրանտուրան, որը ղեկավարում էր Ռուսաստանի գլխավոր ուռոլոգ՝ պրոֆեսոր Աշոտ Գասպարյանը:

Այստեղ պաշտպանում է թեկնածուական ատենախոսությունը և վերադառնում Հայաստան։ 1978 թվականին Աղաջանյանի ջանքերով հիմնվում է ուռոլոգիայի ամբիոնը, որը ճանաչում է ստանում ամբողջ Խորհրդային միությունում։

Իվան Աղաջանյանը  և  բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Աշոտ Գասպարյանը․ Լենինգրադ

1983 նա պաշտպանում է իր դոկտորական ատենախոսությունը, որի թեման Ջերմուկի բուժական ազդեցության մասին էր։ Իսկ աշխատանքի ղեկավարն էր ակադեմիկոս, ուռոլոգ Լոպատկինը։

Իվան Աղաջանյանի ամենամեծ նվաճումներից մեկը համալսարանական կլինիկայի ստեղծումն էր, նա Հայաստանում օֆիսային բժշկության առաջին հիմնադիրներից էր ։

Իվան Աղաջանյանի և կնոջ՝ Գոհարի ծնողները ծանոթացել են Թիֆլիսում։ Նրանք հաճախ էին ընտանիքներով հյուր գնում միմյանց, և հենց իրենց ծնողների մտերմության արդյունքում էլ նրանք ծանոթանում են։ Իվանի ու Գոհարի միջեւ տարիքային տասը տարվա տարբերություն կար, սակայն այդ հանգամանքը չխանգարեց, որ նրանք մտերմանային։

Ձախից աջ՝ 
1․Աղաջանյան Սիրանուշ Մանվելի․
 Գերասիմ Իվանի Աղաջանյանի եղբոր աղջիկը
2․Աղաջանյան Մարինա Գերասիմի․ Գերասիմ Իվանի Աղաջանյանի   աղջիկը
3․ Աղաջանյան Իվան Գերասիմի․ Գերասիմ Իվանի Աղաջանյանի որդին
4․Սարգսյան Կարինե Ասատուրի․ Գերասիմ Իվանի Աղաջանյանի   քրոջ աղջիկը

Մարինա Աղաջանյանը սրտաբան է, բժշկական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, դասավանդում է նաև երևանի ֆիզկուլտուրայի ինստիտուտում: Իվան Աղաջանյանի որդին՝ Մանվել Աղաջանյանը ևս ուռոլոգ է։

Այս գերդաստանում 20 բժիշկ կա, նրանցից 5-ը դոկտոր-պրոֆեսորներ են։ Որքան էլ զարմանելի է, Աղաջանյանների գերդաստանում կան նաև այլ մասնագետներ։ Լեոնորա Մկրտչյանը ուսումնասիրել է որդան կարմիրի բազմացումն ու զարգացումը, մի քանի գրքերի հեղինակ է։

Գերասիմ և Իվան Աղաջանյանների մասին դեռ շատ կպատմեն հատկապես նրանք, ովքեր անցել են նրանց դպրոցը և նաև նրանք, ում բուժել են Աղաջանյանները, նրանց հետ ընկերություն արել, զրուցել, հաց կիսել։

Back to top button