Դպրություն

Դպրոցի կառավարման փոփոխությունը մեծ ռիսկեր է պարունակում․ փորձագետ. «Դպրություն»

«Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին›› նախագծի լրամշակված տարբերակում հստակեցվել են հանրային տարընկալումների տեղիք տված պետական ուսումնական հաստատության կառավարմանն առնչվող դրույթները:

Սահմանվել են պետական ուսումնական հաստատության տնօրենի և վարչատնտեսական մասի համակարգողի իրավասությունները և պարտականությունները:

Սերոբ Խաչատրյան

Կրթության ոլորտի փորձագետ, փիլիսոփա Սերոբ Խաչատրյան․ Դպրոցների կառավարման համակարգում փոփոխությունը լավ հիմնավորված չէ, այն բավական ռիսկային է։ Ամբողջ խնդիրն այն է, որ այս պահին ընթանում է հետազոտություն Ասիական զարգացման բանկի և ՄԱԿ–ի մանկական հիմնադարամի շրջանակներում ՝ դպրոցների կառավարման վերաբերյալ։ Հետազոտությունը դեռևս ավարտված չէ՛։ Եթե մենք գումար ենք ծախսում հետազոտություն իրականացնելու համար, ինչո՞ւ ենք օրենքը փոխում մինչ այդ հետազոտության ավարտը։ Ո՞ւր ենք շտապում։ Ինձ այս շտապողականության իմաստն է անհասկանալի։

Միգուցե սպասենք հետազոտությունն ավարտվի, տեսնենք ի՞նչ են բացահայտել փորձագետները, ի՞նչ են առաջարկում։ Այս փոփոխությունը շատ մեծ ռիսկեր է պահանջում, կարծում եմ նախարարության համար էլ դեռևս շատ բաներ հստակ չեն։ Իմ տպավորությամբ՝ մի քանի մարդ հավաքվել են և որոշել այդպիսի համակարգ ներդնել և մեծ ռիսկի տակ դնել կրթական համակարգը։ Նախարարությունը ախտորոշում է արել, որ դպրոցների տնօրենները շատ զբաղված են՝ չեն հասցնում զբաղվել և՛ վարչական, և՛ ֆինանսային, և՛ բովանդակային հարցերով, ինչի արդյունքում տուժում է բովանդակայինը։

Սա է նախարարության հիմնավորումը։ Իհարկե ես այստեղ մի փոքր քննադատելու տեղ ունեմ նաև տնօրեններին, որովհետև նրանք էլ հաճախ ասում են, որ չեն հասցնում, գործը շատ է և այլն։ Նախարարությունն էլ ասում է՝ մենք գալիս ենք ձեր բեռը թեթևացնելու։ Բայց, կարծում եմ սխալ խնդիր ենք լուծում։

Հիմա դպրոց է բերվում օտար մարդ կամ կառույց։ Ես մեծ ռիսկ եմ տեսնում, որ դպրոց կարող են մտնել մարդիկ, որոնք կրթության հետ կապ չունեն, կարող են նույնիսկ հակամանկավարժական կեցվածք ունենալ։ Եվս մեկ խնդրահարույց հարց՝ կոլեկտիվը բաժանվելու է երկու մասի։ Պետք է այնպես անել այս փոփոխությունը, որ անձնային և միջանձնային խնդիրներ չառաջանան։

Էլմիրա Պողոսյան

«Հույս և ապագա» ՀԿ հիմնադիր, Երևանի համար 185 դպրոցի տնօրեն Էլմիրա Պողոսյան․ Ունենք խնդիրներ, բայց չունենք ֆինանսներ։ Հետևաբար՝ մեր խնդիրները լուծում ենք մեր հնարավորության չափով։ Այդուհանդերձ, այս պահին ոչ մի խոչընդոտ չունենք աշխատանքները չհասցնելու հետ կապված։ Ինչ–որ նոր բան իրականացնելուց առաջ ռիսկերը պետք է շատ զգույշ հաշվարկել, որպեսզի մեկ անգամ ևս ուսուցչին չմղենք հետընթացի, այլ կարողանանք նրան ավելի լավ մոտիվացնել։

Քնարիկ Համբարձումյան

Երևանի Գագիկ Ստեփանյանի անվան համար 135 դպրոցի փոխտնօրեն Քնարիկ Համբարձումյան․ Շուրջ 12 տարի է աշխատում եմ դպրոցում, որպես ուսումնական աշխատանքների գծով տնօրենի տեղակալ։ Աշխատանքս կատարում եմ պատվով։ Այն բացառիկ դրական արդյունքը, որ այսօր ունենք մեր դպրոցում՝ ամենօրյա աշխատանքի, նվիրվածության և հատկապես թիմային աշխատանքի շնորհիվ է։ Ես կարևորում եմ դպրոցում թիմային աշխատանքը։ Շատ եմ շփվում ուսուցիչների հետ, լսում նրանց կարծիքները և կարծում եմ, որ կամավոր ատեստավորման գործընթացի հետ կապված որոշակի փոփոխություններ պետք է լինեն։ Դա դառնա ընդհանուր պահանջ։

Back to top button