Բնական ընտրություն

Ապագայում «կես մարդիկ» չեն լինի․ ArmBionics-ում արհեստական ձեռքեր են ստեղծում. «Բնական ընտրություն»

Գլուխ 1

«Սանսկրիտական գրականության հնագույն շերտերից մինչև ժամանակակից հայ ինժեներական մտքի ուժը»

Վեդաները՝ հնագույն Հնդկաստանի բանահյուսական տեքստերն են, «Ռիգվեդան»՝ վեդայական սանսկրիտերենով, այսինքն հնագույն հնդկերենով գրված ժողովածու է։ Պարզվում է՝ բիոնիկ պրոթեզների մասին առաջին հիշատակումը հենց Ռիգվեդայում է, ըստ այս բանահյուսական տեքստի՝ պատերազմի դաշտում մի կին ռազմիկ կորցնում է իր ոտքը, իսկ ժամանակի բժիշկները նրա համար պատրաստում են երկաթյա ոտք։

Առասպելից տեղափոխվենք իրականություն․  մ.թ.ա. 16-րդ դարից մինչև մ.թ.ա. 11-րդ դարը Եգիպտոսի նոր թագավորության ժամանակաշրջանն է։ Այս ժամանակաշրջանի մումիաների ձեռքերն ուսումնասիրելիս` գիտնականները պարզել են, որ նրանցից շատերի մատները կտրված են եղել, բայց դա չի խանգարել այդ մարդկանց լիարժեք կյանք վարել, քանի որ եգիպտական բժշկությունը գտել էր այլընտրանք և ստեղծել փայտից մատներ, որոնք ծառայել են որպես պրոթեզներ։ Ժամանակակից աշխարհում բնական վերջույթներին փոխարինող պրոթեզների պահանջարկը ևս մեծ է․

«Առաջին համաշխարհային պատերազմ, երկրորդ համաշխարհային պատերազմ․ սրանք իրադարձություններ են, որոնց հետևանքով  հազարավոր մարդիկ կորցրել էին ձեռքեր ու ոտքեր, և բիոնիկան իսկապես հսկայական օգնություն է ցույց տվել։ Այսօր մենք կարողանում ենք ստեղծել բազմաֆունկցիոնալ արհեստական ձեռքեր ու ոտքեր»,-ասում է կենսաքիմիկոս Նորայր Գաբրիելյանը։

Արհեստական ձեռքեր ստեղծում են նաև Հայաստանում, երիտասարդ հայկական գիտուժը հավաքվել է մի տեղում, ավելի կոնկրետ՝ ArmBionics ստարտափում։  Եվ եթե զուգահեռ իրականությունում գիտական ներուժը դուրս է գալիս Հայաստանից, ապա այս դեպքում ՝ վերադարձել է Հայաստան։

ArmBionics-ի թիմում շատ են սփյուռքից եկած երիտասարդները, որոնք զբաղվում են վերին վերջույթի հաշմանդամություն ունեցող անձանց համար մեխանիկական և միոէլեկտրիկ կառավարում ունեցող  ձեռքերի պրոթեզներ ստեղծելով։ Ստարտափի համահիմնադիր, մեխանիկական ինժեներ Մանվել Գրիգորյանը պատմում է ստեղծվող արհեստական ձեռքերի մասին.

«Մի քանի տեսակի պրոդուկտներ ունենք՝ մեխնիկական և միոէլեկտրիկ լուծումներ ունեցող։ Միոէլեկտրիկի դեպքում տպիչները կպնում են մկաններին դրսի կողմից և վերարտադրում են մկաններից գնացող ազդակները, փոխանցում են շարժիչներին, որոնք էլ վերարտադրում են բնական շարժումները․ այս պահին երեք շարժում ենք ի վիճակի վերարտադրել։ Մեխանիկականի դեպքում լուծումը մեխանիկական է, այն աշխատում է լծակների շնորհիվ, և փաստ է, որ կա ձեռք, որը կարող է փոխարինել բնականին և կատարել առօրյա մի շարք գործողություններ»,-ասում է Մանվել Գրիգորյանը։

Ստարտափն իր ակտիվ գործունեությունն սկսել է հատկապես 44-օրյա պատերազմից հետո՝ հաշմանդամություն ձեռք բերած անձանց համար վերին վերջույթի արհեստական պրոթեզներ ստեղծելով։ Ընդ որում, ոչ միայն ձեռքը կորցրած, այլ մասնակի՝ օրինակ մի քանը մատը պատերազմի հետևանքով կորցրած անձանց համար։

«Ամպուտացված մատները ևս կարող ենք փոխարինել մեխանիկական լուծումներով, օրինակ մի քաղաքացի, որը 44-օրյա պատերազմի արդյունքում կորցրել էր 4 մատները, կրում է այսպիսի պրոթեզ։ Ամբողջ ձեռքը պատրաստելու պրոցեսն ի դեպ տևում է մոտավորապես 1 շաբաթ․ տպագրում ենք, վերամշակում, ներկում, հետո սկսում հավաքել բոլոր մասերը»,-ասում է Մանվել Գրիգորյանը։

Արհեստական ձեռքը ստեղծվում է պացիենտի ձեռքի 100% նմանությամբ։ Որքան էլ արհեստական ձեռքերը հեշտացնում են մարդու կյանքը, վերջնական արտադրական վիճակը դեռ բարելավման կարիք ունի․

«Օրինակներ բերեմ, տեսեք, երբ փակում ենք ձեռքը, առաջինը երկրորդ մատն է փակվում հետո նոր առաջինը, բայց բնական ձեռքը փակելիս այդպես չէ, նաև դիզայնը պետք է վերանայենք, այսպես մի քանի բարեփոխումներ անենք՝ վերջնական արտադրական վիճակի հասնելու համար»,-պատմում է Մանվել Գրիգորյանը։

Գլուխ 2

«Արհեստական ձեռքը՝ մրցակից բնական ձեռքին ապագայում հաշմանդամություն եզրույթն արդյո՞ք դուրս կգա կիրառումից»

Աշխարհում վերին վերջույթի լավագույն պրոթեզների գինը սկսվում է 50 հազար դոլարից և հասնում մի քանի հարյուր հազարի։ ArmBionics-ի ներկայացուցիչների խոսքով՝ շատ ավելի ձեռնտու է Հայաստանում ստեղծել պրոթեզներ, օգնել օգտվել դրանցից և նաև ցուցաբերել հոգեբանական աջակցություն։ Armbionics հայկական ստարտափ ընկերության հիմնադիր Մարինա Դավթյանն ասում է․

«Մեր գլխավոր նպատակն է բարելավել մարդու կյանքը, կարողությունների ընդլայնում անել նրանց համար։  Այսինքն, եթե մարդն ունենա արհեստական վերջույթ, որը կփոխարինի ամբողջապես բնականին, «հաշմանդամություն» եզրույթը կորցնում է իր իմաստը, այստեղ նաև մտնում է ռեաբիլիտացիոն գործընթացը, թրեյնինգներ՝ ինչպես կառավարել արհեստական վերջույթը, ինչպես նաև հոգեբանների հետ աշխատանքը, թե ինչ բարդություններ և դժվարություններ կարող է առաջանալ, ինչպես ներգրավվել սոցիումի մեջ և այլն»։

Մարինա Դավթյանի խոսքով, այսօր աշխարհում կան պրոթեզներ, որոնք արտաքնապես գրեթե չեն տարբերվում բնական ձեռքից, բայց ֆունկցիոնալության տեսանկյունից էապես զիջում են, և կան պացիենտներ, որոնք դեռ «ձևը» նախընտրում են «բովանդակությունից»․

«Կան տարբեր մոտեցումներ պացիենտների մոտ․ ոմանք ուզում են, որ միայն արտաքնապես նման լինի ձեռքին, դա կոչվում է պասիվ պրոթեզ, որը սիլիկոնե է և հնարավորինս նման է ձեռքին, բայց իմ կարծիքով կարևոր է ֆունկցիոնալությունը, թեպետ կարծում եմ, որ ապագայում կստեղծվեն այնպիսի պրոթեզներ, որոնք ոչ միայն նման կլինեն արտաքնապես բնական ձեռքին, այլ կլինեն ավելի գործունակ»,-ասում է Մարինա Դավթյանը։

Բիոնիկան «անկարող» բառը պատրաստվում է ջնջել մարդկության կենսագրությունից։ Գիտական հանրությունը կանխատեսում է՝ պրոթեզները կլինեն այնքան «Smart», որ ոչ միայն կաշխատեն բնական ձեռքից ավելի ճկուն, այլև կկատարեն բոլոր այն ֆունկցիաները, որոնք այսօր իրականացնում են սմարթֆոնները։

«Ունակությունների տեսանկյունից կես մարդ հասկացություն չի լինի, բայց հակառակը կարող է լինել, կարող են ստեղծվել այնպիսի ոտքեր ու ձեռքեր, որ շատ ավելի գործունակ ու ուժեղ լինեն, քան` բնականը»,-ասում է Մանվել Գրիգորյանը։

ArmBionics ստարտափի թիմն առաջիկա ամիսների համար ապահովված է ֆինանսական ռեսուրսով, հույս ունի՝ կգտնի աջակիցներ և Հայաստանում բիոնիկ բժշկության այս ճյուղն իսկապես ծաղկում կապրի։

Back to top button