Վերնատուն

Պատկերապատման ժանրի հայաստանյան «պատկերը»․ «Վերնատուն»

Պատկերապատման ժանրը ժամանակակից կյանքի մշակութային բացառիկ դրսևորումներից է։ Սա մի ժանր է, որն իր շուրջն է համախմբում նկարիչներին, գրողներին, անիմատորներին, ռեժիսորներին և որն այսօր մեծ պահանջարկ ունի ողջ աշխարհում՝ տարիքային, ինտելեկտուալ բոլոր խմբերում։ Ինչպե՞ս է պատկերապատման ժանրը զարգանում հայաստանյան միջավայրում։

Նկարիչ, պատկերապատող Տիգրան Մանգասարյանը շուրջ երեք տասնամյակ աշխատում է պատկերապատման ոլորտում, ասում է՝ իր ստեղծած 13 ալբոմներից ընդամենը երկուսն են շուկա մտել՝ «Զակո․ խակ պտուղը» և վերջերս լույս տեսած՝ «Հայկ և Բելը»։ «Պատկերապատման շուկա գոյություն չունի։ Շուկա չի ձևավորվում, քանի որ նրանք, ովքեր վճարունակ են, տեղեկացված չեն, հիմնականում տեղյակ են նրանց երեխաները։

Հետաքրքրությունը շատ մեծ է հիմնականում երիտասարդների շրջանում»,– ասում է Տիգրան Մանգասարյանը։ Աշխարհում պատկերապատման առաջնորդ երկրներ են համարվում ֆրանսիան, Միացյալ Նահանգները և Ճապոնիան։ Մանգասարյանն ասում է, որ այս երկրներում կինոարտադրության մի ստվար մաս հենված է պատկերապատումների վրա, ու նրանք էլ որոշում են այսօր ժանրի ողջ ռազմավարությունը: Հայ մշակույթում միջնադարյան մանրանկարիչների շրջանում հայտնի էր նկարներով պատմություն պատմելու մշակույթը։

«Ազգային գրաֆիկան մենք չկարողացանք զարգացնել և հասցնել մինչև մեր օրերը, ինչը 200 տարի առաջ արեցին ֆրանսիացիները»,– ասում է Տիգրան Մանգասարյանը։ Չնայած այս ամենին, Հայաստանը նախկին խորհրդային երկրների շարքում այսօր առաջատար դիրքերում է։ Հայաստանում պատկերապատման նկարիչներ շատ կան, հայ նկարիչները 2007 թվականից մասնակցում են միջազգային հեղինակավոր փառատոնների։

Տիգրան Մանգասարյանը պատմում է, որ անցյալ տարի Երևանում և Հայաստանի մի շարք մարզերում 7 վարպետաց դաս է ունեցել, երիտասարդների ու դեռահասների շրջանում հետաքրքությունը մեծ է։ Եվ որպեսզի ստեղծվի պատկերապատման դպրոց, պիտի նախ սցենարական դպրոց ստեղծվի և հիմնվի կայք, որտեղ հնարավոր կլինի ներկայացնել բոլոր գործերը։

Back to top button