ԿարևորՀասարակություն

Թբիլիսիում հայտնաբերվել է եզակի հայկական պողպատե տապանաքար

Եվս մեկ հայկական հետք Թբիլիսիում` հայտնի Լորիս-Մելիքովների գերդաստանից Գևորգ Լորիս-Մելիքովի տապանաքարն է հայտնաբերվել։

Թբիլիսիիի առանձնատներից մեկի վերանորոգության ընթացքում գտնվել է հայտնի Լորիս-Մելիքովների գերդաստանից Եգոր (հայերեն Գևորգ) Լորիս-Մելիքովի հայկական գրությամբ տապանաքարը։

Թբիլիսիահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանի ջանքերով այն տեղափոխվել է Հավլաբարի սուրբ Էջմիածին եկեղեցու բակ․

«Տապանաքարը բացառիկ է մի քանի առումով՝ պատկանում է հայտի Լորիս-Մելիքովների գերդաստանին։ Մենք գիտենք, ով է այս մարդը, նրա շառավիղները։ Երկրորդը՝ պողպատից է պատրաստված, ինչն արդեն հազվագյուտ է․ պողպատե տապանաքար Վրաստանում ես դեռ միայն Թելավիի հայկական եկեղեցու բակում եմ տեսել»։

Փոխգնդապետ Գևորգ Լորիս-Մելիքովը եղել է Թիֆլիսում Կովկասի փոխարքայության հատուկ բանագնացը։ Նրա որդիները ևս բարձրաստիճան զինվորականներ են եղել՝ գեներալ-մայոր Հովհհանես (Իվան) և փոխգնդապետ Ալեքսանդր Լորիս-Մելիքովները։

Գտնված տապանաքարը մոտ 1,65 մետր բարձրությամբ, 80 մ լայնությամբ պողպատե ձուլվածք է, որն օգտագործվել է որպես շինանյութ։ Գևորգ Լորիս-Մելիքովը մահացել է 1860 -ին։ Թաղամասը (Էլիավա), որտեղ գտնվել է տապանաքարը, այդ ժամանակ դեռևս գոյություն չուներ։

Չիդիլյանի խոսքով․ «Ինձ թվում է դա կարմիր տեռորի ժամանակ ինչ-որ մեկը տեղափոխել է այդ բնակավայր՝ որպես շինանյութ օգտագործելու կամ փրկելու։ Փաստն այն է, որ այսօր մենք փրկեցինք ևս մեկ տապանաքար և մեր պատմության մի մասունք»։

Կոմունիստների շրջանում՝ 30-ականների սկզբին արդեն փակված էին եկեղեցիները, սկսված էին նաև դրանց ոչնչացումը․ տասնյակ հազարավոր տապանաքարեր եկեղեցիների բակերից ու գերեզմաններից օգտագործվում որպես շինանյութ այդ ժամանակ հաստատված Թիֆլիսի գլխավոր հատակագծի հիմնական շինությունների կառուցման համար։

«Կարելի է ասել «Կարմիր տեռոր»-ի հերթական զոհերից մեկին մենք գտանք․ այդ ժամանակաշրջանում ողջ Խորհրդային Միությունում արժեզրկվեց ամեն ինչ, ոչնչացվեցին եկեղեցիներ, գերեզմաններ, տապանաքարեր։ Հիմա ինչ գտնում ենք, դա միլիոնից մեկն է, ու ամեն անգամ դեռ կգտնենք»։

Թբիլիսիի տարբեր հատվածներում իրականացվող վերանորոգման ընթացքում վերջին տարիներին 10-ից ավելի հայկական տապանաքար է հայտնաբերվել։ Հայ համայնքի ներկայացուցիչները դրանք փրկում են շինարարական աղբ դառնալուց՝ տեղափոխելով Խոջիվանքի հայ գրողների և հասարակական գործիչների պանթեոն:

Գևորգ Լորիս-Մելիքովի հայատառ պողպատե տապանաքարը սուրբ Էջմիածին եկեղեցու բակում է, ինչպես Չիդիլյանն է ասում՝ որպես մասունք և հիշատակ երբեմնի ու հզոր հայ համայնքի։

Ցուցադրել ավելի
Back to top button