Ժամանակի վկան

Հայ էթնոսին բնորոշ է ազգային ինքնատիպ արժեհամակարգը․ Արուսյակ Հովհաննիսյան․ «Ժամանակի վկան»

Խաչատուր Աբովյանի անվան ՀՊՄՀ-ի Մանկավարժության ամբիոնի դոցենտ, մանկավարժական գիտությունների թեկնածու Արուսյակ Հովհաննիսյանի հետ պատմական ճամփորդություն ենք կատարում հեթանոսական շրջանից մինչև մեր օրերը՝ վեր հանելով այն կրթական արժեքներն ու արժեհամակարգը, որոնցով առաջնորդվել են մեր նախնիները՝ սերնդեսերունդ փոխանցելով կրթական ու մանկավարժական փորձը, գիտելիքները և ազգային անգնահատելի արժեքները։ Նախ պարզենք, թե ի՞նչ ենք հասկանում արժեք ասելով։

Հին հայկական դիցաբանությունում առանձին աստվածություն կար, որը պատասխանատու էր դպրության, պերճախոսության, գիտությունների ու արվեստների համար։ Տիր աստծո մասին է խոսքը։ Նա Հայկ Աղեղնավորի ուստրն էր և աստվածների հայր Արամազդի ատենադպիրն ու սուրհանդակը։ Նա էր մարդկանց ճակատագրի գուշակն ու երազների մեկնիչը։ Նրա պարտականություններից էին մարդկանց չար ու բարի գործերը գրանցելը և ննջեցյալների հոգիները անդրշիրիմյան աշխարհ ուղեկցելը։ Նա հատուկ մատյան ուներ, որտեղ մեկ ամիս գրանցում էր մարդկանց ծնունդներն ու մահերը, իսկ մնացած տասնմեկ ամիսներին արարչագործության ավիշ էր ներարկում գրողներին, երաժիշտներին, պատկերահաններին և քարագործ-ճարտարապետներին։

Արիական գաղտնագիտության մեջ Տիր աստծոն համապատասխանել է եթերի տարերքը, որը խորհրդանշել է գիտելիքը, իսկ նրա կեցության սահմանները տարածվել են երկնոլորտում, որը ժամանակակից գիտական եզրաբնությամբ՝ իոնոլորտն է։ Բոլոր ժամանակներում հայ դպրոցն ու դպրությունն առաջնորդվել են որոշակի արժեքների կուռ համակարգով, որը, որքան էլ որ կրեր արտաքին մշակութաբանական, իմաստասիրական ազդեցություններ, այնուամենայնիվ, ինքնուրույն ու ինքնատիպ էր, իսկ հիմքում ուներ միայն հայկական առանձնահատուկ տարրեր։

Հայոց դպրոցի պատմությունն անքակտելիորեն կապված է հայոց այբուբենի գյուտի հետ։ Սահակ Պարթև կաթողիկոսի աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցը հայոց գրերն ստեղծելուց հետո դպրոցներ բացեց Հայաստանի տարբեր վայրերում, այդ թվում Արցախում։ Մաշտոցյան դպրոցներում դասավանդում էին Սուրբ գիրքը և վարքաբանություն, ինչպես նաև, այսպես կոչված՝ եռյակ «արվեստները» կամ գիտությունները՝ քերականությունը, ճարտասանությունը, դիալեկտիկան։

Նշանավոր պատմիչ ու ուսուցչապետՂազար Փարպեցու ուսումնապետության ընթացքում՝ 5-6-րդ դարերում, հատկապես հատուկ ուշադրություն է դարձվել սաների ֆիզիկական դաստիարակությանը․ նրանք տարբեր խաղեր էին խաղում, մարզվում էին, զինավարժությամբ ու ձիավարժությամբ էին զբաղվում։ Հայկական միջնադարյան դպրոցները միաժամանակ նաև գրչության կենտրոններ էին և ունեին կից գործող ձեռագրատներ։

V–VI դարերի հայ փիլիսոփա, նեոպլատոնականության հետևորդ Դավիթ Անհաղթի գործունեությամբ նոր դարաշրջան է բացվում հայ կրթության, դպրության ու իմաստասիրության պատմության մեջ։ Հին հայկական փիլիսոփայության աշխարհիկ ուղղության հիմնադիր Դավիթ Անհաղթը դպրոցներում դասավանդվող առարկայացանկը լրացրեց քառյակ «արվեստների» կամ գիտությունների՝ թվաբանության, երկրաչափության, երաժշտության ևաստղագիտության, ինչպես նաև այլ առարկաների դասավանդմամբ՝ աստղաբաշխություն, բարոյագիտություն եւ այլն։ Ավելի ուշ Դավիթ Անհաղթի ներդրած կրթական չափորոշիչները զարգացրեց Անանիա Շիրակացին։

13-րդ դարում ի հայտ եկած բարձրակարգ կրթական հաստատությունները՝ համալսարանները՝ Գլաձորում, Տաթևում և այլուր, նոր գիտակրթական չափանիշներ ու չափորոշիչներ սահմանեցին։ Առաջին եկեղեցական ու աշխարհիկ դպրության, գրչության արվեստի, խազագիտության ու երաժշտության լսարանները, առաջին քննաճառերը հայտնի են Գլաձորի համալսարանի պատմությունից։

19-րդ դարում միջնադարյան կրթական ավանդույթներն ավելի բյուրեղացան։ Հակառակ քաղաքական ու տնտեսական ծանր վիճակին, լուսավորական գաղափարներն ու գիտական նվաճումներն արագորեն ներթափանցում էին Հայաստան, քանի որ այստեղ դարերի պարարտ հող կար նախապատրաստված՝ դրանք յուրացնելու և զարգացնելու համար։  

Ուսուցիչն ամենապահանջված ու ամենամեծ արժեքն էր 19-րդ դարում։ Անդրադարձանք նաև մեր օրերում տիրող վիճակին և ազգային արժեհամակարգից շեղվելու միտումներին։

Back to top button