ԿարևորՀասարակություն

«ՀիմնաՏավուշ»–ը՝ Տավուշից դուրս․ ծրագրեր կիրականացվեն նաև Սյունիքում

Հայ-ֆրանսիական «ՀիմնաՏավուշ» զարգացման հիմնադրամը, բացի Տավուշից, ծրագրեր է իրականացնում նաև Սյունիքում։ Զուգահեռաբար, կազմակերպության մասնագետները այս օրերին սահմանամերձ գյուղերում կարիքների գնահատում են կատարում։ Սյունիքի մեր թղթակցի հետ զրույցում հիմնադրամի ներկայացուցիչը խոսել է Որոտանի ոռոգման համակարգի նորոգման ու գործարկման աշխատանքներից։ Որոտանում, սահմանից 100 մետր հեռավորության վրա, նոր այգի են հիմնել։

«ՀիմնաՏավուշ» հիմնադրամը 13 տարի Տավուշի մարզում համայնքային զարգացման ծրագրեր է իրականացնում։ Անցած աշնանը հայ–ֆրանսիական կազմակերպությունը որոշեց գործունեություն ծավալել նաև Սյունիքի մարզում։ Այստեղ Հիմնադրամի աշխատանքները համակարգում է Տեղ համայնքի նախկին ղեկավար Ներսես Շադունցը։ Ասում է՝ առաջին անգամ չէ, որ «ՀիմնաՏավուշը» Սյունիքի համայնքներում ծրագրեր է իրականացնում, բայց 44- օրյա պատերազմից հետո գրանցված սահմանային փոփոխությունները հաշվի առնելով՝ հիմնադրամը մեծացրեց մարզում իրականացվող ծրագրերի ծավալը։ Դրանք գյուղատնտեսական ուղղվածության են։ Ներսես Շադունցին լսենք․

«Իրենք ահագին աշխատանքներ արդեն արել են։  1500 ընտանիքի աշնանացան սերմացու են տրամադրել,  տնկիներ են տվել, թռչուններ՝ հավեր են բաժանել բնակիչներին»։

Հիմնադրամի մասնագետները այս օրերին մարզի համայնքներում կարիքների գնահատում են կատարում։ Արավուսում պոմպակայանից գյուղ տանող նոր ջրագծի կառուցում, կերաղացի տեղադրում, Քաշունի և Սվարանց բնակավայրերում խմելու ջրի ջրատարի անցկացնում, Որոտանի ոռոգման համակարգի վերականգնում։ Ներսես Շադունցը կարևորում է հատկապես վերջին ծրագիրը։ Դեռ չի կարող ասել, թե որքան գումար պետք կլինի, նախագծահաշվարկային փաստաթղթերի կազմումը ընթացքի մեջ է․

«էս պահին տեղանքներից հաշվարկներ ենք անում, որպեսզի պարզենք քանի կիլոմետր ջրագիծ է, ինչ խողովակներ ենք պետք, մեծ ճնշման խողովակներ են պետք։ Մի հատվածը արդեն անցնում է հակառակորդի տարածքով, այդ հատվածն էլ պիտի փոխվի, որ հակառակորդը չվնասի հետագայում»։

Որոտանում մոտ 40 հեկտար  տարածք՝ այգիներ, արտեր այս ծրագրի շնորհիվ կդառնան ոռգելի։ Ներսես Շադունցը ասում է՝ Որոտանից արտագաղթ չկա․ Արցախից տեղահանված երկու բազմազավակ ընտանիք Հիմնադրամի աջակցությամբ  բնակեցվել են Որոտանում։

«Այնտեղ նույնիսկ ընկերություն կա, որ պատերազմից հետո 10 աշխատեղ է բացել։ Պատերազմից հետո նոր այգի  են հիմնել, նոր տնկիներ են տնկել։ Ընդամենը սահմանից, թշնամու թիկունիքց 100 մետր հեռավորության վրա նոր այգիներ են հիմնել։ Ու մինչեւ էսօր աշխատում են, արտադրանք են տալիս՝ մտադիր են արտասահման առաքել։ Ամեն ինչ պիտի անենք, որպեսզի այս ծրագրերը կյանքի կոչվեն»։

Որոտանի ոռոգման համակարգի վերագործարկումը ֆինանսական լուրջ ներդրում  կպահանջի։ Այս հարցում «ՀիմնաՏավուշ» հիմնադրամին աջակցելու են այլ գործընկերներ։ Ներսես Շադունց․

«ՄԱԿ-ի պարենային ծրագրի ներկայացուցիչը խոստացել է օգնել։ Հիմնադրամը ներդրում կանի, համայնքը իր մասնաբաժինը կտրամադրի, իսկ բնակիչները իրենց ներդրումը կանեն աշխատուժի տեսքով։ Իրենք էլ են պատրաստակամություն հայտնել օգնելու»։

Մինչև օրս «ՀիմնաՏավուշը» Սյունիքում ծրագրեր է իրականացնել միայն Գորիսի տարածաշրջանում։ Գարնանը նախատեսում է գործել մարզի այլ բնակավայրերում ևս։

Back to top button