Մտքի ուժը

Ինչպիսի՞ն են լինելու ապագայի պատերազմները․ ԱԹՍ-ներո՞վ, թե՞ արհեստական բանականությամբ․ «Մտքի ուժը»

Հայաստանում  ԱԹՍ նոր աշխատանոց լաբորատորիաներ են ստեղծվում․ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում գործող ԱԹՍ լաբորատորիային կմիանան ևս 10-ը։ Նախաձեռնողը Առաջատար տեխնոլոգիաների միությունն է։ «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանն է պատմում․

Սեդրակ Վարդանյան

«Սյունիքի մարզում կունենանք  երեք ԱԹՍ լաբորատորիա՝ Գորիսում, Կապանում, Սիսիանում։ Եվս մեկը կտեղակայվի Ստեփանակերտում, Վանաձորում, Գյումրիում։ Հետագայում ԱԹՍ լաբորատորիաների թիվը 65-ի կհասցնենք։ 1200 երեխա կմասնակցի, նրանց մեծ մասը պատրաստ կլինեն ու կկարողանան ԱԹՍ-ների սպասարկումներն իրականացնելուն։ 44-օրյա պատերազմի ժամանակ մենք մասնագետների, կառավարողների կարիք ունեինք։ Մեր աշխատանոցները ամեն տարի մասնագետներ կպատրաստեն ու կտրամադրենք բանակին»։

ԱԹՍ լաբորատորիաներում մասնագիտական հմտություններ կարող են ձեռք բերել 14 տարեկանից բարձր տղաներն ու աղջիկները։ Նրանք կունենան գիտելիքների որոշակի պաշար։

«ԱԹՍ լաբորատորա աշխատանոցի փաթեթի արժեքը 6․5 մլն դրամ է։ Ցանկացողները կարող են դիմել մեզ։ 10-ից 9 մասնավորի ջանքերով է աշխատելու, մեկը՝ ԿԳՄՍ-ի հատկացրած միջոցների հաշվին»։  

Արցախյան պատերազմի ժամանակ կիրառված ԱԹՍ-ները տարբեր՝ թեթև ու ծանր նյութերից էին պատրաստված։ Այս մասին գիտենք այժմ, գիտեինք՝ նաև նախկինում։ Ավելին, Առաջատար տեխնոլոգիաների միությունը մշակել էր ռազմարդյունաբերության ռազմավարական ուղղությունն անգամ Ապրիլյան պատերազմից առաջ։ 2013-2016 թթ․-ին ԱԹՍ-ներին վերաբերող մրցույթներ էին անցկացնում, այդպես կարևորում ռազմարդյունաբերության զարգացումը ոչ միայն խոսքով, այլև դրան միս ու արյուն տալով, այս դեպքում՝ ԱԹՍ- ների արտադրություն սկսելը։ Արձագանք, սակայն, այդպես էլ չեղավ։ Արդյո՞ք լաբորատորիաների բացման անհրաժեշտությունը 44-օրյա պատերազմից հետո առաջացավ.  

«Հիմա ԱԹՍ-ների թեման շատ թրենդային է։ Բայց մենք դեռ հինգ-վեց տարի առաջ էինք դիմել, որ այդ աշխատանոցները ստեղծեինք։ Ունենք պաշտոնական բոլոր գրությունները։ Մինչև վերջերս որևէ արձագանք չկար։ Ընդամենը անցյալ տարեվերջին կրթության նախարարությունը օժանդակեց ու մենք Կապանում կբացենք ԱԹՍ լաբորատորիա։ Մենք առանց այդ էլ շատ ժամանակ ենք կորցրել ու իրավունք չունենք հապաղելու»։

Սեդրակ Վարդանյանն ասում է, որ եթե  մասնագետներ ունենայինք, ապա գուցե 44-օրյա պատերազմի  ժամանակ առաջացած մի շարք խնդիրներ կարողանայինք լուծել։

Օրերս ԲՏԱ նախարար Վահագն Խաչատուրյանն էր հայտարարել, որ Հայաստանը մինչև տարվա վերջ կունենա սերիական կամ մասսայական արտադրության անօդաչու թռչող սարքեր։ ԱԹՍ լաբորատորիաներում  աշակերտներին ԱԹՍ նախագծելու բանալիները կտան, կօգնեն, որպեսզի երեխաները կարողանան բացել դուռն ու ներս մտել։ «Արմաթ» ծրագրի ղեկավար Սեդրակ Վարդանյանն ասում է, որ հետագայում արդեն գիտելիքները կխորացնեն․ «Այստեղ երեխաներին կսովորեցնեն սկզբունքները, հետագայում իրենք կոնկրետ խնդիրներից ելնելով գիտելիքները կխորացնեն»։ 

Ավագ Սաիյան

Ավագ Սաիյանը «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մասնագիտական պատասխանատուն է։ Ասում է, որ նախատեսում են իրենց փորձը ներդնել հանրակրթական դպրոցներում։ Վստահ է՝ իրենց դասընթացները կօգնեն աշակերտներին՝ ավելի լավ հասկանալու առաջին հայացքից բարդ թվացող առարկաները։ Առաջարկը հատկապես ռոբոտաշինությամբ հետաքրքրվողների համար է․ իսկ կրթական ռոբոտներից ռազմական ռոբոտներ՝ մեկ քայլից էլ պակաս է, ասում է Ավագ Սաիյանը։ Ռոբոտաշինության մեջ հմտանալու համար մեխանիկական սարքերի աշխատանքին տիրապետելն է պետք, ասում է։ Մինչ ծրագրավորմանը հասնելը, նախ պետք է սարքը ստեղծել․  

«Սարքաշինությունը շատ կարևոր է, որ կարողանան համալիր խնդիրներ լուծեն։ Շատ ավելի կարևոր է սարքը ստեղծելը, որ կարողանա աշխատել՝ քաղաքացիականից մինչև ռազմական։ Հմտությունը, որը ձեռք է բերում, ամբողջ կյանքում կիրառելու է»։

Առաջատար տեխնոլոգիաների միությունը ռազմարդյունաբերության ոլորտին վերաբերող ևս մեկ նախաձեռնություն ունի։ Արմաթ ծրագրերի ղեկավար Սեդրակ Վարդանյանը փոխանցում է ․

«Նպատակ կա, որ խոշոր զորամասերում «Արմաթ» լաբորատորիաների նման, բայց ավելի բարձրակարգ լաբորատորաները, որտեղ ժամեկտային զինծառայողները գիտելիքներ կստանան։ 1․5 տարվա ուսումնական պլան ենք կազմել, դիմել ենք ՊՆ-ին։ Մեր զինվորները պետք է ոչ միայն անվտանգության հարցեր լուծեն, այլև կրթություն ստանան ու ավարտելուց հետո շատերը կարող են աշխատանքի անցնել»։

Աշխարհը պատրաստվում է վեցերորդ սերնդի պատերազմներին։ Այս ուղղությամբ առաջատար տենխոնոլոգիաների միությունում նույնպես աշխատում են․  

«Մենք պետք է նաև ապագ սերունդներին ու ապագայի պատերազմներին նայենք։ Պատրաստ պետք է լինենք։ Ապագա պատերազմները զինվորներով ու հետևակով չի լինելու։ Պետք է արհեստական բանականության միջոցով աշխատենք, նախապատրաստվենք։ Առաջնագծում պետք է տեխնիկական այնպիսի միջոցներ լինեն, որոնք կկառավարեն բունկերներում նստած մասնագետները»։

Տեսական գիտելիքները հնարավոր է գործնական դարձնել անգամ խաղաղ ժամանակ, դրանք կիրառել նաև տնտեսության մեջ։ Սեդրակ Վարդանյանը զարգացած երկրների փորձն է մատնանշում։ Նույն ԱԹՍ-ները կարելի է կիրառել բժշկության մեջ, ԱԻՆ-ում, քարտեզագրության, գյուղատնտեսության մեջ։ Շատերը տեսել են հիվանդ տեղափոխող ուղղաթիռները։ Դրանք կարելի է դարձնել անօդաչու։ Կարելի է բեռների տեղափոխում կազմակերպել։ Իսկ բոլոր ծրագրերը կյանքի կոչելու համար քաղաքական կամք ու ֆինանսներ են անհրաժեշտ։

Back to top button