ԿարևորՔաղաքական

Բրիտանացի պատգամավորը կոչ է անում կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Բրիտանացի պատգամավոր Ֆերյալ Քլարկը կոչ է արել Միացյալ Թագավորության կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը։

«Այն, ինչ տեղի ունեցավ հայ ժողովրդի հետ 100 տարի առաջ, ցեղասպանություն էր, և ժամանակն է, որ մեր կառավարությունը ճանաչի դա»,- Հոլոքոստի հիշատակի օրվան նվիրված բանավեճի ժամանակ ասել է Քլարկը։

«Ես ծնվել եմ հարավ-արևելյան Թուրքիայում և մեծացել եմ՝ լսելով այդ տարածաշրջանում հայ ժողովրդին պատուհասած սարսափների մասին պատմությունները: Գրեթե 100 տարի առաջ մի ամբողջ մշակույթ և մի ամբողջ ժողովուրդ ոչնչացվեց, և ջնջվեց նրանց ինքնությունը: Ընտանիքները բաժանվեցին, երեխաներն այլևս չտեսան իրենց ծնողներին: Մոտ 1,5 միլիոն հայ տղամարդ, կին և երեխա  սպանվեց։ Կենսունակ, դարավոր համայնքներ պարզապես ջնջվեցին քարտեզի երեսից»,- ասել է Ֆերյալ Քլարկը:

Նա նշել է, որ ավելի քան մեկ դար անց, ամբողջ աշխարհի հայ համայնքների պայքարը հանուն արդարության և ճանաչման շարունակվում է, և շեշտել, որ Մեծ Բրիտանիայի հայ համայնքը մշտապես եղել է այդ պայքարի առաջնագծում:

«Միացյալ Թագավորությունը մի քանի քայլ հետ է մնում մեր եվրոպացի հարևաններից: Ֆրանսիան, Գերմանիան, Ավստրիան, Լեհաստանը և Դանիան ընդամենը մի քանիսն են այն երկրներից, որոնք ընդունել են, որ տեղի ունեցած սարսափելի գործողությունները ցեղասպանություն էին: Քարդիֆի և Էդինբուրգի վարչակազմերը նույնպես ձեռնարկել են այդ կարևոր քայլը, սակայն մեր կառավարությունը դեռ հրաժարվում է դա անել», — ասել է պատգամավորը:

«Անցյալ տարվա ապրիլին մենք ականատես եղանք այն անհավանական պահին, երբ նախագահ Բայդենը ճանաչեց Հայոց ցեղասպանությունը, առաջին անգամ ամերիկյան կառավարությունը պաշտոնապես դա արեց։ Ինչո՞ւ ենք այդ դեպքում մենք Մեծ Բրիտանիայում այդքան զիջում մյուսներին, երբ խոսքը վերաբերում է ցեղասպանության ճանաչմանը»,- հավելել է Քլարկը:

Նա շեշտել է, որ ժամանակն է, ոորպեսզի Մեծ Բրիտանիայի կառավարությունը ճանաչի Հայոց Ցեղասպանությունը:

Back to top button