ԿարևորՀասարակություն

Մեր հաղթանակներն առջևում են. նորակոչիկները հայրենիքին անձնվիրաբար ծառայելու երդում են տվել

Այսօր՝ հունվարի 28-ին, կայացել է ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկի նորակոչիկների երդման հանդիսավոր արարողությունը:

Զինվորական երդման արարողությանը ներկա են եղել Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, ուժային կառույցների ներկայացուցիչները, զորամասի հրամանատարական կազմը, սպաներ, զինծառայողների ծնողներ, այլք:

Զորամասի հրամանատար, գնդապետ Վահան Սարգսյանը, զինվորական երդման կապակցությամբ շնորհավորելով ներկաներին, մասնավորապես ասել  է. «Հիշարժան օր է բոլորիս համար, ձեզ համար՝ առավել ևս, քանզի դուք հենց այսօր եք տալիս ձեր երդումն առ Հայրենիք: Օր, երբ 30 տարի առաջ կազմավորվեց Հայոց բանակը… Հայրենիքի պաշտպանության պատասխանատու լինել պարտավոր ենք բոլորս: Այսօր դուք ևս դարձաք այդ պատասխանատուներից մեկը, և այսուհետ նաև  ձեզանից է կախված մեր երկրի, մեր հայրենիքի անվտանգությունը: Սիրելի՛ զինվորներ, մեր խստապահանջությունը թող չհիասթափեցնի ձեզ, թող ոչինչ անհնար չթվա: 2 տարվա ձեր ծառայությամբ  մեր հայրենիքը դարձրե՛ք առավել պաշտպանված, ապահով ու հզոր: Երկրի որ սահմանում էլ  կանգնեք, վստահ եղեք, որ հենց այդ կետից է սկսվում հայրենիքը, և հենց դա է այն դարպասը, որը պետք է ամուր պահել»:

Բերդ համայնքի ղեկավարի տեղակալ Սամվել Հովսեփյանը, դիմելով նորակոչիկներին և նրանց ծնողներին, նշել է. «Համայնքային իշխանությունների անունից ողջունում եմ բոլորիդ: Դուք այսօր և դեռ  առնվազն երկու տարի՝ գտել եք ձեր երկրորդ ծննդավայրը՝ լրացնելով մեր՝ տեղացիներիս շարքերը: Սիրելի՛ զինվորներ, հպարտ եմ, որ պատրաստ եք հայրենիքը, ձեր տունը,  ձեր  թաղամասն ու գյուղը պաշտպանել հենց  Տավուշ աշխարհի դիրքերից: Շնորհավորում եմ նաև ՀՀ ԶՈւ կազմավորման 30-րդ տարեդարձի կապակցությամբ: Վստահ եմ, որ մենք կկերտենք նոր հաղթանակներ»:

ՀՀ ԶՈւ կազմավորման 30-րդ տարեդարձի և նորակոչիկների երդման արարողության կապակցությամբ շնորհավորել է նաև Բերդի և տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Արամ քահանա Միրզոյանը. «Մեր բանակը  ծնունդ է առել խրամատի մեջ  և 30 տարի շարունակ գտնվում է խրամատում: ՀՀ զինված ուժերը պատվով է կատարել իր առջև  դրված բոլոր խնդիրները, բոլորը՝ անխտիր, նաև 44-օրյա ծանրագույն պատերազմի ընթացքում: Ի վերջո, պիտի գիտակցենք, որ վերջին պատերազմում հայ զինվորը չի պարտվել թշնամի զինվորին, մե՛նք ենք պարտվել նորագույն տեխնոլոգիաներին: Մեր հաղթանակները դեռ առջևում են, մեր զինվորի փառքը դեռ պիտի տարածվի, մեր զինվորը դեռ իր վերջնական խոսքը պիտի ասի, և դա լինելու է հաղթական խոսք»:

«Ցանկանում եմ շնորհավորել բոլորիդ՝ ՀՀ ԶՈւ կազմավորման 30-րդ տարեդարձի և մեր քաջարի զինվորների երդման արարողության կապակցությամբ: Սիրելի՛ զինվորներ, մենք լիահույս ենք, որ  պատվով եք կատարելու ձեր ծառայողական պարտականությունները: Մաղթում եմ ձեզ ամրություն, կամք, ուժ և բարի ծառայություն՝ խաղաղ երկնքի ներքո»,-նշել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Բերդի բաժնի պետ, գնդապետ Սերոբ Արշակյանը:

Ելույթ են ունեցել նաև զորամասի զինծառայող, ավագ սերժանտ Շուշանիկ Մելիքբեկյանը, նորակոչիկի մայր Սոֆյա Մակունցը և նորակոչիկ, շարքային Ռոման Սանամյանը:

Ցուցադրել ավելի
Back to top button