ԿարևորՔաղաքական

Հայկական Սփյուռքը, սև խավիարն ու Հայաստանի մասին ԵԽԽՎ զեկույցը

ԵԽԽՎ լիագումար նիստում 1.5 ժամ տևած քննարկումից հետո Հայաստանին վերաբերող բանաձև է ընդունվել, որում  արձանագրվում է՝ Հայաստանի ժողովրդավարական կառույցները, ըստ էության, կարողացել են հաղթահարել  համավարակի ու  պատերազմի ծանր մարտահրավերները: Բավական ուշագրավ պատկեր է գրանցել փաստաթղթի քվեարկությունը, իսկ քննարկման ողջ ընթացքում ադրբեջանական պատվիրակության անդամները փորձել են խեղաթյուրել իրականությունն ու այլ քննարկում տանել: Ադրբեջանական առաջարկներից ոչ մեկն, ի դեպ,  չի ընդունվել:

Մինչ Ստրասբուրգում՝ Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում, ադրբեջանցի պատվիրակը փորձում է համոզել , թե Ադրբեջանը վճռական  է տրամադրված տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործում, Հայաստանում փորձում են հասկանալ, թե որոնք են հայկական  առաջարկները մերժելու Բաքվի  պատճառները. Պաշտոնական Երևանը  տեղյակ է, որ սահմանազատման և սահմանագծման հարցով Հայաստանի առաջարկների մի մասն անընդունելի է Բաքվի համար, փորձում է հասկանալ, թե հատկապես որոնք՝ ասում է արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանն է ասում.

«Մենք հստակեցումները դեռ չունենք, ճշգրտման փուլում են: Քննարկում անընդհատ կա, քննարկումը շարունակվում է: Հիմա մենք փորձում ենք պարզաբանումներ ստանալ, թե հատկապես որ մասն է անընդունելի, ինչ հիմնավորմամբ և ըստ այդմ՝ ինչպիսի՞ նոր լուծումներ կարող են լինել»:

Հայկական կողմն իր առաջարկները փոխանցել է ինչպես Ռուսաստանին, այնպես էլ ուղիղ Ադրբեջանին․ առցանց ասուլիսում ասել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը, իսկ ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը պարզաբանել էր  դրանց էությունը՝ զինված ուժերի «հայելային հետքաշումը» շփման գծից Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծում ու սահմանազատում սկսելու նվազագույն նախադրյալն է:

Պատերազմը սովորաբար մրտահրավեր է ժողովրդավարությանը, բայց Հայաստանն այդ առումով օրինակ կարող է դառնալ անգամ եվրոպական երկրների համար՝ արձանագրվեց ԵԽԽՎ-ում: Շվեդ պատգամավոր, զեկույցը ներկայացնող Բորիանա Աբերգի կարծիքով՝ համավարակի, պատերազմի չափազանց դժվար ժամանակաշրջանից Հայաստանի ժողովրդավարական ինստիտուտները դուրս եկել հաջողությամբ: «Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների գործունեությունը» անվանումով  բանաձևին կողմ է քվեարկել 50 պատգամավոր, դեմ՝ 14-ը, ևս 16-ը՝ ձեռնպահ։ Դեմ քվեարկողների թվում են Թուրքիայի և Ադրբեջանի պատվիրակությունները, մեկ պատգամավոր Նիդերլանդներից և Հայաստանի ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։ Ձեռնպահ է քվեարկել ռուսական պատվիրակությունը՝ 14 պատգամավոր, մեկական պատգամավոր էլ՝ Շվեյցարիայից ու Ավստրիայից։

Բանաձևի հետ որևէ առնչություն չունեցող քննարկում էր փորձում ծավալել Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Սամեդ Սեիդովը, որի բոլոր առաջարկները մերժվեցին: Սեիդովը զարմանում էր, թե ինչպես կարելի է մերժել խաղաղության օրակարգին միտված առաջարկները, որոնք հիմնված են տարածքային ամբողջականության սկզբունքը հարգելու մոտեցման վրա։ Ադրբեջանցի պատվիրակը հայտարարում  էր, թե հակամարտությունը լուծված է, փախստականները վերադարձել են , նաև հորդորում էր այլևս չօգտագործել Լեռնային Ղարաբաղ ձևակերպումը: Առաջարկների մերժման հիմքում նա տեսնում էր հայկական Սփյուռքի հետքը, ինչին ի պատասխան հայկական պատվիրակության ղեկավար, ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հակադարձեց․

«Իհարկե, Սփյուռքն այնքան զորեղ չէ, որքան սև խավիարը: Հակամարտության կարգավորման համար ԵԱՀԿ ՄԽ առաջարկները հիմնված են երեք սկզբունքի վրա՝ տարածքային ամբողջականություն, ազգերի ինքնորոշում և ուժի կամ սպառնալիքի չկիրառում: Պարոն Սեիդով, հաշտեցումը ձեռք չի բերվում կրակոցներով կամ նիստերի դահլիճներում բարձր բղավելով: Ցավոք սրտի, եթե ամեն ինչ այնքան լավ լիներ, ինչպես ներկայացնում եք, ապա հայ ռազմագերիները վաղուց վերադարձած պետք է լինեին, իսկ Լեռնային Ղարաբաղում վերջին 2 ամիսներին քաղաքացիներ չէին զոհվի: Ադրբեջանի Զինված ուժերը կրկին կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ Լեռնային Ղարաբաղում: Այն, ինչ ասում է պարոն Սեիդովը, չի համապատասխանում իրականությանը: Դուք ասում եք, որ բոլոր փախստականները կարողացել են վերադառնալ իրենց տները: Իսկ դուք գիտե՞ք, թե որքան հայ է ապրում հետպատերազմյան շրջանում ադրբեջանի վերասհողության տակ հայտնված տարածքներում: Ոչ մի: 21-րդ դարում էթնիկ հայը չի կարողանում վերադառնալ իր բնակավայր»:

Հայ ռազմագերիների վերադարձի մասին ԵԽԽՎ լիագումար նիստում խոսել է նաև Հայաստանի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ ընդգծելով. պետք է հասնել ԼՂ հակամարտության արդար եւ երկարաժամկետ հանգուցալուծման՝ այդ թվում՝ հայ ռազմագերիների եւ այլ պատանդների ապահով վերադարձն իրականացնելով: Խոսելով 44-օրյա պատերազմի ծանրագույն հետևանքների մասին՝ նա ասել է.

«Ամենամեծ մարտահրավերը մնում է մեր երկրի  անվտանգությունը: Հայ ժողովուրդը եւ մեր ժողովրդավարական նվաճումները մշտական սպառնալիքի տակ են եղել՝ սկսած 2020 թվականի սեպտեմբերից: Միայն խաղաղությունը կարող է ապահովել երկարաժամկետ անվտանգություն եւ կայունություն, որի վերջնական իրագործումը կախված է նաեւ տարածաշրջանի այլ երկրներից, եվրոպական հաստատությունների տրամադրած աջակցությունից»:

Եվրոպացի պատվիրակների մեծ մասը, հակառակ ադրբեջանական պնդումներին, համոզված է, որ Ղարաբաղյան հակամարտությունը դեռ լուծված չէ  և բարձրաձայնում է այդ մասին:

ԵԽԽՎ–ում  ծավալված քննարկումներին զուգահեռ Ստրասբուրգում  հանդիպումներ է ունեցել նաև Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը: Նա քննարկումներ է վարել ԵԽ Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի և Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ: Զեկուցողներին է ներկայացրել ամբողջական փաթեթներ տարբեր խնդիրների առնչությամբ: Փաստերի առաջին խումբը վերաբերում է ադրբեջանցի  զինծառայողների կողմից Սյունիքում, Գեղարքունիքում, Երասխում Հայաստանի բնակիչների իրավունքների խախտումներին: 

Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհներն առանց որևէ իրավական հիմքի փակելու հետևանքով շրջակա գյուղերի բնակիչները կանգնել են մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ, տեղեկացրել է Թաթոյանը: Նա պնդել է իր դրքորոշումը, որ խախտումների վերացման իրական լուծումը ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է հայկական գյուղերի շրջակայքից ու ճանապարհներից` խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման նպատակով:

Ներկայացրել է նաև Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների խախտումները՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների հիման վրա:

Հայաստանի և Ադրբեջանի հարցերով զեկուցողներին փոխանցել է հայ գերիների խոշտանգումների, այդ թվում` դրանց նոր ձևերի վերաբերյալ զեկույցները՝ նշելով նրանց վերադարձի հրատապությունը և ադրբեջանական իշխանությունների  ձեռնարկած ապօրինի դատավարությունները, որոնք քաղաքական ու ռազմական սակարկության նպատակ են հետապնդում։

Ցուցադրել ավելի
Back to top button