ԿարևորՔաղաքական

ՌԴ հետ ռազմական գործակցության, հարևանների հետ խաղաղության օրակարգերը չեն փոխվել․ Աղաջանյան

Իշխող «Քաղաքացիական պայմանագիրը» վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին ՀՀ նախագահի պաշտոնում առաջադրելու որոշում չունի: Տարածվող լուրերը խորհրդարանում պարզաբանել է ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը:

Արտաքին քաղաքականությանն առնչվող մի շարք հարցերին անդադառնալիս Աղաջանյանը հստակեցրել է, թե, ըստ հայկական կողմի, որոնք են լինելու Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանագծման և սահմանազատման աշխատանքները սկսելու իրական նախադրյալները:

Կարդում է Մառլենա Հովսեփյանը

Պատգամավորի խոսքից պարզ է դարձել նաև, որ հայկական կողմը սկզբունքորեն դեմ չէ Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հաջորդ հանդիպման վայր ընտրելու համար դիտարկել Երևանը կամ Անկարան: Թուրքական մամուլի  հրապարակումների համաձայն, այդ մասին ակնարկել էր Թուրքական կողմը՝ չցանկանալով հանդիպել երրորդ երկրում:

Առաջարկները, որոնք Հայաստանը ներկայացրել է Ռուսաստանին և Ադրբեջանին սահմանագծման և սահմանազատման աշխատանքները սկսելու համար, նախապայման չեն: Հայկական կողմի դիրքորոշումը հերթական անգամ պարզաբանել է ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ հստակեցնելով, որ անգամ Ադրբեջանի մերժման դեպքում «հայելային հետքաշման» առաջարկը շարունակում է ուժի մեջ մնալ.

«Դա նվազագույն նախապայմանն է, որպեսզի ֆիզիկապես առհասարակ հնարավոր լինի նման գործընթաց սկսել: Սա է եղել ՀՀ դիրքորոշումը: Մեր ընկալումն այն է, որ մեր ռուս գործընկերները կիսում են մեր դիրքորոշումը, և մենք կարծում ենք, որ բանակցությունները պետք է շարունակել, որևէ պարագոյւմ այս առաջարկությունից ՀՀ-ն չի հրաժարվում: Կարծում ենք, որպես առաջին քայլ, նախադրյալ նման գործընթաց սկսելու «հայելային հետքաշումը» լավագույն տարբերակն է»:

Սահմանազատման եւ սահմանագծման հարցում միջնորդի և խորհրդատուի դերը ստանձնած Ռուսաստանը պնդում է, որ համապատասխան հանձնաժողովն անհրաժեշտ է ձևավորել հնարավորիս արագ: Օրեր առաջ՝ հունվարի 14-ին, ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ասում էր, որ Երևանի և Բաքվի միջև տարաձայնություններ կան, Ռուսաստանն առաջարկում է չհամակարգված հարցերը լուծել սահմանազատման պաշտոնական հանձնաժողովի շրջանակներում։ Լավրովը ևս մեկ հստակեցում էր արել, պարզաբանել էր, որ «դա չի վերաբերում Ղարաբաղի տարածաշրջանին և կարգավորման հարցին, զուտ երկկողմանի խնդիր է»:

Սահմանագծման և սահմանազատման հարցով աշխատանքային խումբ ստեղծելու առաջարկը շրջանառվում է արդեն մեկ տարի: Փաստացի, այդ ընթացքում կողմերի դիրքորոշումները չեն մոտեցել: Միայն որոշակիորեն պարզ է դարձել, թե որ թվականների քարտեզները կարող են հիմք ընդունվել։

Մինչդեռ  հիմնախնդիրների կարգավորման նպատակների առումով վարչապետ Փաշինյանն իր վերջին առցանց ասուլիսում շեշտել էր՝ Ադրբեջանի հետ «խաղաղության պայմանագրի» ստորագրման բանակցություններին Հայաստանը պատրաստ է: Այս հարցում ի՞նչ «կարմիր գծեր» ունի Հայաստանը՝ վարչապետը չի մանրամասնել: ԱԺ-ի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահն այս մասով պարզաբանում է, որ Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունների համար հրապարակվող տեքստը պետք է կազմվի երկկողմանի ընդունելի տրամաբանության մեջ: 

«Բնականաբար, այս պահին մենք խոսում ենք խաղաղության պայմանագրի մասին, որի հետ կապված որևէ դետալային քննարկում որևէ ձևաչափով դեռ չի եղել: Ինչը տրամաբանական է՝ հաշվի առնելով, որ մենք այս պահի դրությամբ նույնիսկ սահմանագծման և սահմանազատման և այդ գործընթացի վերաբերյալ դժվարանում ենք կոնկրետ առաջընթացներ և կոնկրետ քայլեր իրականացնել: Հետևաբար՝ այս պահի դրությամբ վաղ է խոսել  խաղաղության պայմանագրի մասին: Դա երկար և համապարփակ գործընթաց է ենթադրում, որտեղ ցանկացած դետալ կարևորագույն նշանակություն է ունենալու ՀՀ համար»:

Ռուսաստանի արտաքին քաղաքականությանը վերաբերող պարզաբանումներով նախօրեին ՌԴ պետդումայում Սերգեյ Լավրովը հաստատել էր, որ մեր տարածաշրջանը ՌԴ հետաքրքրությունների շրջանակում է՝ և՛ տնտեսական՝ ԵԱՏՄ-ի, և՛ անվտանգային՝ ՀԱՊԿ-ի կառույցների ընդլայնման տեսանկյունից: Խոսել էր ղարաբաղյան պատերազմը դադարեցնելու հարցում Ռուսաստանի առանցքային դերի մասին:

Արդյո՞ք ՌԴ-ն հետաքրքրություններն ու նկրտումները կգնան այնքան հեռու, որ կանդրադառնան ԼՂ-ի տարածքին, առավել ևս, որ այդ պետությանն է հաջողվել այդ տարածքում տեղայակել իր խաղաղապահ ուժերը: Այս հարցին Ռուսաստանի արտգործնախարարը պատասխանել էր դեռ մեկ տարի առաջ հունվարի 18-ին: Ղարաբաղը ՌԴ-ի կազմում դիտարկելու հարցը նա գնահատել էր էկզոտիկ առաջարկ․ «Մենք նույնիսկ նման մտքեր չունենք»:

Արտաքին գործընթացներին Ռուսաստանի ակտիվ մասնակցությունը հարցականի տակ չի դնում Հայաստանի բալանսավորված արտաքին քաղաքականությունը՝ համոզված է Էդուարդ Աղաջանյանը:

«ՀՀ-ն իր արտաքին քաղաքականությունը և դրա ուղղությունները և բալանսավորումը պայմանավորում է առաջին հերթին միայն ու միայն ՀՀ շահերով: Ըստ այդմ՝ թե 44-օրյա պատերազմից առաջ, թե դրանից հետո ՀՀ-ն մշտապես այդ սկզբունքով է առաջնորդվել: Ստեղծված իրավիճակում պետք է արձանագրել, որ ՀՀ ռազմավարական գործընկերն է հանդիսանում ՌԴ-ն: Սա որևէ կերպ մեկնաբանել որպես ազդեցության կամ ավելի ուժեղ ազդեցության տակ հայտնվելու փաստ սխալ է: Մասնավորապես, պատերազմից հետո ՀՀ անվտանգային ճարտարապետության հարցում և գործում ՌԴ-ն ունի առանցքային կարևորություն: Այստեղ մենք պատրաստվում ենք մեր գործընկերների հետ շարունակել համագործակցությունը և էլ ավելի խորացնել այն, մասնավորապես, ռազմական ոլորտում»:

Հայ-թուրքական հանդիպումների և քննարկումների հարցում դեռ որևէ հստակություն չկա՝ ասում է Աղաջանյանը: Իսկ թե ինչ հիմքով է վարչապետը հայտարարում, որ հայ դատի օրակարգը մշտապես եղել է հայկական Սփյուռքի օրակարգը՝ Աղաջանյանը պարզաբանում է.

«Նորանկախ ՀՀ պատմության բոլոր իշխանությունները կողմնակից են եղել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորմանը առանց նախապայմանների: Հետևաբար, ՀՀ բոլոր իշխանությունների ժամանակ Հայոց Ցեղասպանության հարցը երբևէ չի դիտարկվել որպես հարաբերությունների կարգավորման նախապայման: Այս համատեքստում ես միանշանակորեն կիսում են վարչապետի դիրքորոշումը և վստահ եմ, որ հենց այս կոնտեքստը նկատի ուներ վարչապետը»:

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահը նաև նկատել էր՝ դեռ հստակեցված չէ Անթալիայի ֆորումին հայկական պատվիրակների մասնակցության հարցը, թեեւ վարչապետը չէր բացառել դրա հնարավորությունը: Նոր որոշումներ չկան նաև բանագնացների հաջորդ հանդիպման օրվա և վայրի մասին:

Back to top button