Գոյության ծածկագիր

Ո՞րն է գեղեցիկի թվաբանական բանաձևը. «Գոյության ծածկագիր»

Հույն քանդակագործ Պոլիկլետը մ․թ․ա․ 5-րդ դարի կեսին ստեղծեց «Դորիֆոր» արձանը՝ երիտասարդ մարտիկի կերպար, որը մարմնավորում էր քաջ քաղաքացուն։ Արձանը ստեղծվեց գլուխ-մարմին 1-ը 7-ի հարաբերակցությամբ։ Մարմնի համաչափությունը, կանգնած դիրքի հավասարակշռությունը բանաձևվեցին, դարձան կանոն և մինչև օրս օգտագործվում են նկարչության մեջ։

Ինչպե՞ս է ճշգրիտ գիտությունը տեղավորվում բացարձակ գեղագիտական արժեքներում, արդյո՞ք գեղեցիկը թվաբանական ֆորմուլա է։

«Ես չեմ դիտում արվեստը որպես ազատ ստեղծագործման, էմոցիոնալ, միայն ոգուց բխող ինչ-որ ցանկություն։ Իհարկե, դա է հիմքը, բայց միայն դա չի արվեստը։ Արվեստը շատ ավելի բազմակողմանի երևույթ է, որի մեջ գիտությունը մեծ մաս է կազմում»։

Մի օր նկարիչ, գեղագիր Ռուբեն Մալայանի մայրիկին դպրոց կանչեցին՝ երեխան մաթեմատիկայից թույլ էր։ Երկար զրուցեցին, դրանից հետո ուսուցիչը Ռուբենին հանգիստ թողեց․ կարծեց, թե տղան մի աշխարհից է, ուր մաթեմատիկան տեղ չունի։

Եթե ցանկացած արվեստի գործ վերցնեք, որը ունիվերսալ տեսանկյունից համարվում է գեղեցիկ, դուք կգտնեք իր մեջ համաչափության, ոսկե հատման սկզբունքը

«Եթե ինքն այն ժամանակ ինձ բացատրեր, որ թվաբանությունը ունիվերսալ լեզու է, ու որ 1-ը 1 է Երկիր մոլորակի վրա ու 1-ը 1 է Մարսի վրա կամ տիեզերքի ցանկացած տեղում ու թվաբանությունը կլինի այն ունիվերսալ լեզուն, որով մենք կկարողանանք խոսել տարբեր քաղաքակրթությունների հետ՝ նույնիսկ ոչ երկրագնդից եկած, ինձ թվում է՝ իմ հետաքրքրությունն ավելի մեծ կլիներ»։

Տարիներ անց բացահայտեց, որ հետաքրքրություն պե՛տք է լինի․ առանց ճշգրիտ գիտության մեծ նկարիչ չես դառնա․

«Արդյո՞ք գեղեցիկը կարելի է վերածել թվերի․ պարզվում է, որ ոսկե հատումը հենց փայլուն օրինակն է։ Ինքը անմիջական կապ ունի բնության հետ, իսկ մարդը բնության մի մասն է, բնականաբար նույն պրոեկցիան կա մեր մեջ ու նաև կա այն արվեստի մեջ, որը մենք ստեղծում ենք։ Իհարկե՝ եթե այդ արվեստը կիրթ արվեստ է, եթե ոչ թե ստեղծվել է միայն ու միայն էմոցիայի հիման վրա, այլ նաև եկել է որոշակի գիտակցությունից։ Ինտելեկտուալ արվեստի մասին է խոսքը»։

Արվեստի պատմության մասնագետ Գայանե Պողոսյանը պատմում է՝ հնադարում նկարչությունը ոչ թե արվեստի ճյուղ էր, այլ պաշտամունքային երևույթ։ Սկզբնական շրջանում այնտեղ գծային հեռանկար, խորություն, ծավալ չկար, որովհետև կարևոր էր ոչ թե ֆիզիկական գեղեցկությունը, այլ՝ հոգևոր իմաստը։ Հետո ինչ-որ բան փոխվեց։ Աստիճանաբար աշխարհը գերվեց, օրինակ, դա Վինչիի կոդով ու բանաձևով։ Եվ որքան մարդը հեռացավ իր սկզբնական գիտելիքից, այնքան թիվն արվեստում դարձավ առեղծված․

Լեոնարդո դա Վինչին՝ որպես իմաստուն, մաթեմատիկայի հանդեպ մեծ սեր ունեցող մարդ, համաչափություններն ու թվերն օգտագործել է ճշգրիտ պատկեր ստանալու համար։

«Միգուցե այն ժամանակ առեղծված չէր։ Շատ սովորական նկարների էին։ Բայց քանի որ դարերի ընթացքում մարդկանց կողմից կորսվում են իմաստության, մաթեմատիկայի մասին գիտելիքները և այլն, դրանք դառնում են արդեն առեղծված։ Բայց միգուցե Լեոնարդո դա Վինչին ուղղակի որպես իմաստուն մարդ, մաթեմատիկայի հանդեպ մեծ սեր ունեցող մարդ այդ համաչափություններն ու թվերն օգտագործել է ճիշտ պատկեր, ճշգրիտ պատկեր ստանալու համար»։

Հյուսիսային վերածննդի ամենաակնառու գործիչներից Ալբրեխտ Դյուրերը, լինելով նկարիչ, ստեղծեց մոգական քառակուսի․ դրա ցանկացած տողի, սյան, անկյունագծի, կենտրոնական քառակուսու թվերի գումարը հավասար է 34-ի։ Այստեղ առանց հաշիվը խախտելու տեղավորվել են նաև փորագրության ստեղծման տարվան և նկարչի անուն-ազգանվան սկզբնատառերին համապատասխանող թվեր․

«Մինչև օրս տարբեր ուսումնասիրողներ չեն կարողանում հասկանալ, թե այդ 34-ը ինչ թիվ է։ Ամեն դեպքում, դա կարող լինել 3+4, դառնալ 7 սրբազան թիվը, որը քրիստոնեական և նախաքրիստոնեական ժամանակաշրջանում օգտագործվում էր»։

Անգամ դեմքը կառուցված է երկրաչափական մարմիններից, լինի եռանկյունի, սեղանաձև մարմին։ Ինքը սկսում է դեմքը մասնատել հարթությունների։ Իսկ հարթությունը երկրաչափական մարմին է։

«Պիկասոն շատ ակնհայտ ցույց է տալիս, որի նկարչության հիմքում դրված է հենց երկրաչափական մարմինների խաղը. մեկ-մեկ տարօրինակ է թվում, ոչ բոլորի համար է ընկալելի, անգամ վերջերս կարդացի կարծիք, որ Պիկասոն կարծես ձեռ առներ մարդկանց, բայց իրականում հիմքում դրված է երկրաչափական մարմինների մասնատումը։ Ինքն արդեն վիրտոուզ ձևով կարողանում է երկրաչափական մարմինները հատել, պտտել, իրար մեջ ծավալներ զգալ»։

Շախարյանցը ապագա նկարիչներ է պատրաստում, բոլորին է բացատրում՝ առանց մաթեմատիկա հեռու չեք գնա․

«Մենք անցնում ենք նաև ստվեր, ստվերի կառուցումը, այս ամենը նորից գալիս է երկրաչափությունից՝ արտացոլումը ջրի մեջ։ Մենք նայում ենք կտավը և չենք պատկերացում որ ծառի արտացոլումը ջրի մեջ երևում է, մենք նայում ենք զուտ էսթետիկորեն, բայց դրա հիմքում կա կառուցում»։

Համոզիչ է այն նկարը, որի հիմքում մաթեմատիկա կա։ Հարց է առաջանում՝ Մալևիչի «Սև քառակուսին» և՞ս մաթեմատիկորեն է կառուցված․

-Նայած ոնց ես իրեն ընկալում, արվեստաբանները շատ տարբեր կարծիքներ են հայտնում։ Եթե վերցնենք զուտ որպես քառակուսի, այո․․․

Դա Վինչին ավելի մեծ մաթեմատիկո՞ս էր, թե՞ նկարիչ։ Ավելի մեծ տեղ էր հատկացնում գիտությա՞նը, թե՞ արվեստին։ Պատասխանը գուցե ինքն էլ չգիտեր, բայց ստեղծածը հուշում է՝ մաթեմատիկան արվեստ է, արվեստը՝ հաշվարկ։

3-4 տարեկան երեխան մայրիկին է նկարում․ գլուխը՝ շրջան, մարմինը՝ եռանկյուն, ոտքերը՝ ուղիղ գծեր։ Մարդն ի սկզբանե աշխարհը տեսնում ու ընկալում է երկրաչափորեն։ Ճշգրիտ գիտությունից խոսափել «չի հաջողվում» անգամ կյանքի առաջին տարիներին։

Back to top button