Խոշորացույց

Կլիմայի գլոբալ փոփոխությունները մարդկային գործունեության արդյունք չեն. «Խոշորացույց»

Կլիմայի փոփոխություններին մարդը պետք է հարմարվի, ասում է ԵՊՀ աշխարհագրության եւ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանը։ Նա չի կարծում, որ կլիմայի գլոբալ տաքացումը մարդկային գործունեության արդյունք է։ Երկրի վրա կյանքը գոյություն ունի միայն մոլորակի ներքին էներգիայի շնորհիվ։

«Այն, ինչ այսօր կատարվում է, կախված չէ մեզանից, դա կախված է Երկրի զարգացման պրոցեսից, Երկրի ընդերքում եւ տիեզերական միջավայրում կատարվող փոփոխություններից։ Մենք դրա վրա ոչ կարող ենք ազդել, ոչ` փոփոխել»։

Մարատ Գրիգորյան

Մարիամ Հովսեփյանը` թե ինչպես է կանխատեսվում եղանակը

Գիտնականը պնդում է, որ մեր մոլորակը կլիմայական փոփոխությունների ենթարկվել է նաեւ նախկինում։

Մասնավորապես, իր զարգացման պատմության ընթացքում Երկրագունդը մի քանի անգամ ենթարկվել է սառցակալման. այն հասել է նույնիսկ եվրոպական մի շարք երկրներ, մինչեւ, կարելի է ասել, Սեւ ծովի ափեր, պնդում է Մարատ Գրիգորյանը։

Պատմական երկրաբանական ուսումնասիրությունները նաեւ ցույց են տալիս, որ Արեւմտյան Սիբիրում եղել է փարթամ բուսականություն, որը միայն արեւադարձային կլիմայի պարագայում է հնարավոր։

Հռիփսիմե Հովհաննիսյանը` ջրի, հողի ու ոռոգման մասին

Մարատ Գրիգորյանը պնդում է, որ միջին ուժգնության հրաբխի ժամանակ հարյուրապատիկ անգամ շատ թունավոր գազեր են մթնոլորտ արտանետվում, քան` մարդու գործունեության ամբողջ ընթացքում։ Հսկայական հրաբուխի ժամանակ այդ արտանետումներն ավելի շատ են։

Սակայն, ըստ գիտնականի, իր ասածն ամենեւին չի նշանակում, որ մարդկությունը չպետք է հոգատար լինեի բնության նկատմամբ, քանի որ բնությանը հասցված վնասի հետեւանքները մարդը, նախեւառաջ, իր վրա է կրում։

Իսկ ես մինչեւ հիմա հիշում եմ, թե ինչպես 90-ականներին մեր տան դիմացից մարդիկ հարեւանությամբ գտնվող անտառակից կտրած կամ հավաքած փայտը սայլակներով ու սահնակներով տանում էին`հատկապես ձմռան ցրտաշունչ օրերին։ Պատերազմի ու էներգետիկ ճգնաժամի ժամանակ մարդիկ պետք է ինչ-որ կերպ տաքանային։

Հիշում եմ, թե ինչպես այդ դեպքերից մի քանի տարի առաջ հեռուստատեսությամբ՝ ուղիղ եթերով, կամ ինչպես այսօր կասեին` ռիալիթի շոուով, դադարեցվեց Մեծամորի ատոմակայանի աշխատանքը։ Որոշումն ընդունել էր Նիկոլայ Ռիժկովի ղեկավարած խորհրդային կառավարությունը, փակման արարողությանը մասնակցում էր Հայկոմկուսի ղեկավար Սուրեն Հարությունյանը։ 

Հիշում եմ, թե ինչպես այդ դեպխից առաջ` 1987 թվականին Հայաստանում սկսվեց բնապահպանական շարժումը, որտեղ բարձրացվում էր Հայկական ատոմակայանի, Հայաստանի քիմիական արդյունաբերության վնասակարության հարցը։

Որտեղի՞ց է սկսվում բնապահպանությունը, ինչպե՞ս անել, որ բնապահպանական շարժման արդյունքում բնությունն ավելի մեծ վնաս չկրի։ Գուցե շատերի համար սրանք պարադոքսային հարցեր են, բայց ոչ ինձ համար։ 

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Խոշորացույցի» տակ Մարատ Գրիգորյանը խոսում է կլիմայի գլոբալ տաքացման պատճառների մասին, պատմում, որ մարդը եւ բնությունը պետք է ներդաշնակ գործեն, պետք է ջուրը արդյունավետ կառավարել սովորեն։

Back to top button