ԿարևորՄշակույթ

Իր ձայնով նա ձայն տվեց ողջ աշխարհի հայերին․ Ռուբեն Մաթևոսյանն իր 80-ամյակին օպերայի բեմում էր

23 տարեկանում՝ վաստակավոր արտիստ․ խորհրդային տարիների պատմությունը հազվադեպ է նման դեպքեր հիշում։ Նա այդ բացառիկներից էր իր   բացառիկ կատարողականի շնորհիվ։ Անշփոթելի ձայնի տերը 80 տարեկան է։

Կուլիսներում բոլորից շուտ է կազմ ու պատրաստ սպասում հոբելյական երեկոյին։ Ընկճված չէ, 80 տարին էլ բեռ չէ  իր ուսերին:

«Ես մոռացել եմ, որ 80 տարեկան  եմ: Միշտ ասում եմ՝ 60, քանի որ 60 տարի է՝  երգում եմ Հանրային Ռադիոյի Արամ Մերանգուլյանի անսամբլում»։

Կատարել է հետևյալ հեղինակների երգերը․․․, պարգևատրվել է․․․ , համերգներով հանդես է եկել ․․․․ այս ցանկերում անունները տասնյակով չեն ավարտվում, փրկում է «և այլն»  ձևակերպումը։  

Ստացած մեդալների թիվն այնքան մեծ է, որ դրանց համար չափման արտառոց միավոր է կիրառվում՝ կիլոգրամը։

Օրվա ամենաանկեղծ ձևակերպումը՝ հարազատներից որևէ մեկը որևէ կերպ չէր պատկերացնում, որ իրենց ճանաչած Ռուդիկը եթերում Ռուբեն է դարձել ու առավել ևս երգում է։  «Այ տղա, դու երգու՞մ ես»․ զարմանքը տևում էր մինչև առաջին նոտան։

Իր ձայնով նա ձայն տվեց աշխարհում ապրող բոլոր հայերին ու նրանց մեկտեղեց հայ երգի շուրջ․ Ռուբենին նաև այդպես են նկարագրել։

Կային հեղինակներ, որոնք իրենց երգը գրում էին հենց Ռուբենի ձայնի համար։ 1961 թ-ին, երբ ընդունվեց Հանրային ռադիոյի Արամ Մերանգուլյանի անվան անսամբլ, երիտասարդ Ռուդիկին առաջինը կոմպոզիտոր Վլադիլեն Բալյանը ներկայացրեց որպես Ռուբեն։
Ժողովրդական արտիստն այսօր ղեկավարում է նույն անսամբլը, որտեղ ինքը ծնունդ առավ որպես երգիչ Ռուբեն Մաթևոսյան։

Իսկ Օպերայի թատրոնի կուլիսներում իրարանցում է։

Ռեժիսոր Արամ Սուքիասյանին հարցազրույցով խանգարել չենք համարձակվում․ կազմակերպչական ողջ պատասխանատվությունը նրա վրա է,  իսկ համերգից նրա առաջ ամենալարված պահն է։

ՀԽՍՀ արտիստ, կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանի հետ ոչ թե տարիների, այլ արդեն երկու դարի ընկեր են։ «Միասին մեծ կենսագրություն ունենք անցած: Իմ երգերից շատերը ճանաչում ունեցան հենց Ռուբեն Մաթևոսյանի շնորհիվ»,-պատմում է:

80 տարի ու պատմելու, հիշելու շատ բան կա։ Շա՞տ։ Թերևս անսպառ։

«Երանելի ժամանակներ էին, երբ հանդիպում էինք Հանրային հեռուստատեսությունում․ ամեն հանդիպում վերածվում էր տոնի։ Ուզում եմ, տասնյակ տարիներ մեր մաեստրոն մեր կողքին լինի»,-պատմում է ՀՀ վաստակավոր արտիստ Մայրանուշ Գրիգորյանը։

«Այսօր նոր երգ սովորելուց առաջ անպայման լսում  եմ նրան, քանի որ նա ամեն երգ կատարում է ակադեմիական մաքրությամբ»,-ասում է երգիչ Վարդան Բադալյանը: 

 «Նա իսկապես բացառիկ արվեստագետ է՝ բազմաժանր լինելով,թե՛ աշուղական, թե՛ գուսանական  թե՛ կոմպոզիտորական գործեր կատարելիս: Բացառիկ  է նաև նրանով,որ կարողանում է  գնահատել երիտասարդ կատարողներին: Իսկ մեծ վարպետից լսել նման խոսքեր պարտավորեցնող է»,- երգչուհի Լեյլա Սարիբեկյանն է շեշտում։

«Ես երազում էի, որ ինքն ինձ նկատեր, ու այսօր մենք արդեն ընկերներ են: Երբ ասում ենք «հայ երգ», ես պատկերացնում եմ Ռուբեն Մաթևոսյանին»,-ասում է երգչուհի Նունե Եսայանը։

 Այլ կերպ չէր լինի։ Հերթական, բայց հատուկ բեմել՝ սեփական 80-ամյակին։ Պատվի է առնում զինվորական երգչախումբը։ Դահլիճը հոտնկայս է ծափահարում, երբ բեմում մաեստրոն է։

Back to top button