ԿարևորՏնտեսական

Գյուղվարկերը կտրամադրվեն 2 տոկոսով․ գյուղոլորտի զարգացման ծրագրերն ընդլայնվում են

Արդեն օրեր անց գյուղացուն հասանելի կլինեն էժան գյուղվարկեր․կառավարությունը սուբսիդավորում է այդ վարկերը, և շուկայում մոտ 14 տոկոսով տրվող վարկերը այս տարի կտրվեն ընդամենը 2 տոկոս տոկոսադրույքով։

Գյուղատնտեսական տարվան ընդառաջ ՝ կառավարությունը ոլորտի խթանման  ծրագրերն ընդլայնում է՝ նկատի ունենալով նաև ոլորտում առկա մի շարք խնդիրներ։ Փորձագիտական դաշտում, սակայն, կարծում են, որ միայն սուբսիդավորվող վարկերով ոլորտը հնարավոր չէ խթանել։ Խնդրահարույց են համարում ոռոգման ջրի հարցը։   Նկատում են՝  տարեցտարի ոռոգվող տարածքները քչանում են։ Կաթիլային ոռոգման ներդրման ծրագրեր իրականացվում են, այստեղ էլ, սակայն,  մոտեցումները միանշանակ չեն։  

Աջակցել գյուղոլորտին՝ ձեռք բերելու նոր տեխնիկա և ներդնելու նորագույն տեխնոլոգիաներ։ Կառավարությունը ընդլայնում է ոլորտային ծրագրերը։ Գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկին ընդառաջ՝ ագրոպարենային սարքավորումների լիզինգի նոր պայմաններն արդեն հայտնի են։ Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի տեղեկացմամբ՝        

«Կանխավճարի չափը՝ 20 տոկոս։ Լիզինգի առավելագույն տոկոսադրույքը բանկերի համար դրամով մինչև 12 տոկոս է, արտարժույթով՝ մինչև 9 տոկոս: Սուբսիդավորման արդյունքում տնտեսվարողին հասանելի կլինի դրամով՝ 2 տոկոսով, և արտարժույթով՝ 3 տոկոսով: Ձեռքբերվող սարքավորումների արժեքների հանրագումարը մեկ տնտեսվարողի համար մինչև 1 մլրդ դրամ է, այս չափը չենք փոխել: Մարման ժամկետը մինչև 5 տարի է, արտոնյալ ժամկետը՝ մինչև 3 ամիս: Կա նաև դադարի շրջանների հնարավորություն, տարեկան մինչև 6 ամիս»:

Գյուղացին  20 տոկոս կանխավճարով հնարավորություն ունի նաև գյուղտեխնիկա ձեռք բերել։  Տարեկան  14 տոկոս տոկոսադրույքով, մարման 10 տարվա ժամկետով վարկը պետական սուբսիդավորման արդյունքում տնտեսվարողին  հասանելի կլինի  2 տոկոսով: Այս վարկով մեկ տնտեսվարողը կարող է ձեռք բերել մինչև 250 մլն դրամ արժեքով գյուղտեխնիկա։ Նախկինում այդ շեմը 200 մլն դրամ էր։  Վարկի մարման դադարի  հնարավորություն էլ կա՝  տարեկան մինչև 6 ամիս: Կառավարությունը նախատեսում է նաև սուբսիդավորել ինտենսիվ այգեգործության և բարձրարժեք մշակաբույսերի մշակությամբ զբաղվողների վարկը

«Այստեղ վարկի տոկոսը մինչև 14 տոկոս է, սուբսիդավորման արդյունքում այն տնտեսվարողին հասանելի կլինի 2 տոկոսով: Վարկի մարման ժամկետն այգի հիմնելու դեպքում 8 տարի է, կարկտապաշտպանի դեպքում՝ 7 տարի, ոռոգման համակարգերի և ջրավազանների դեպքում՝ 4 տարի, ոչ ավանդական մշակաբույսերի դեպքում՝ 2 տարի։ Մայր գումարի արտոնյալ ժամկետը այգի հիմնելու դեպքում մինչև 5 տարի է, կարկտապաշտպանի դեպքում՝ մինչև 3 տարի, ոռոգման համակարգերի և ջրավազանների դեպքում՝ մինչև 1 տարի, ոչ ավանդական մշակաբույսերի դեպքում մինչև 1 տարի»։

Նախարարն ընդգծում է՝ սուբսիդավորվող վարկերը ոլորտում ներդրումներ են դիտարկվում։ Այս դիտարկմանն է նաև տնտեսագետ Տաթևիկ Առուստամյանը՝ կարևորելով, թե որքան արդյունավետ ու նպատակային են դրանք ծախսվում․

 «Երբ մենք խոսում ենք գյուղոլորտի վարկերի մասին, դրանք կարող են լինել ներդրում, հատկապես, երբ սուբսիդավորվում են, բայց ճիշտ և նպատակային օգտագործելու դեպքում միայն»։

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը գյուղոլորտի ծրագրերը կարևորում է, բայց ունի մտահոգություն՝  ոռոգման համակարգում ջրախնայող համակարգերի ներդրման կարիք կա։

«Որքան էլ մենք ջրամբարներ կառուցենք, համակարգերը բարելավենք, որպեսզի ջրի կորուստը քիչ լինի, երկրագնդի վրա կլիմայի փոփոխություն կա, ինչը բերում է ջրի քանակի խնդրի։ Մենք չենք կարող նույն մշակաբույսերով ակնկալել մեծ քանակի ջրատվություն համակարգերի կողմից»։

Ջրային ոլորտի փորձագետները նույնպես խնդիր են տեսնում՝ ջրի սակավության պատճառով տարեցտարի ոռոգվող տարածքները քչանում են։ Ազգային ագրարային համալսարանի ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում ընդգծում է՝ նույն ծավալի ջրով խորհրդային տարիներին ոռոգվում էր 275 հազար հա հողատարածք, այսօր՝ մոտ  208 հազար հա։ Հողակտորները մասնավորեցումից հետո փոքր հողամասերի են բաժանվել, իսկ այդպես ոռոգման ջրի հասանելիությունըւ պակասում է։

«Մոտավորապես 70 հազար հա ջրովի տարածություն, որոնք պետք է ոռոգման համակարգից օգտվեին, չեն սնվում։ Ոռոգման ջրի օգտագործման արդյունավետության խնդիր կա։ Գյուղատնտեսական մշակաբույսերի 90 տոկոսը ոռոգվում է մակերեսային եղանակով։ Իսկ այս դեպքում բարձր ՕԳԳ ունենալ, խոսել ոռոգման ջրի արդյունավետության մասին՝  դժվար է»։

Մասնագետները փաստում են՝  հողօգտագործման և ջրօգտագործման համակարգերի միջև խզում է առաջացել։ Երկրում ջրօգտագործումը խնդրահարույց է՝ ջրանցքերից ջրի կորուստներն ահռելի ծավալների են հասնում։ Ստեղծված իրավիճակում կաթիլային ոռոգման համակարգը կարող է լուծում լինել՝ կարծում է Ազգային ագրարային համալսարանի ջրային ռեսուրսների կառավարման ամբիոնի վարիչ Գուրգեն Եղիազարյանը։

Սակայն կաթիլային ոռոգման համակարգի ներդրման հարցում կարծիքները միանշանակ չեն։ ԵՊՀ երկրաբանության ֆակուլտետի դեկան Մարատ Գրիգորյանն արձանագրում է՝ կաթիլային ոռոգման համակարգն արդյունավետ կաշխատի նոր ստեղծվող այգիների դեպքում

«Հեշտ է ասել՝ կաթիլային համակարգի ներդրում։ Մեր այսօրվա այգիները չեն կարող կաթիլային ոռոգման համակարգով ջրվել, նրանց արմատները շատ խորն են տարածվել։ Սա շատ ծախսատար է, իսկ նոր ստեղծվող այգիների դեպքում  հնարավոր կլինի»։

Տարատեսակ խնդիրները նկատի ունենալով՝  կառավարությունը փորձում է աջակցել, որպեսզի գյուղացին կարողանա մինչ սեզոնի մեկնարկը քայլեր ձեռնարկել դրանք լուծելու համար։ Իսկ խնդիր լուծելու տարբերակներից մեկն էլ էժան վարկերն են։ Իսկ սուբսիդավորված և տարեկան 2 տոկոս տոկոասդրույքով գյուղվարկերը գյուղացուն հասանելի կլինեն արդեն օրեր անց՝ առևտրային մի շարք բանկերից։

Back to top button