Մոռացված ֆիլմերի ստվերները

Առաջին ներկայացումը՝ որպես «Ժայռ»-ֆիլմ. «Մոռացված ֆիլմերի ստվերները»

Վրթանես Փափազյանի «Ժայռը» պիեսի բեմադրությունը թատրոնում մեծ հաջողություն ունեցավ, ինչից ոգևորված Վարդան Աճեմյանը և երիտասարդ ռեժիսոր Արկադի Հայրապետյանը որոշեցին ներկայացումը վերածել ֆիլմի։ Սակայն հակառակ սպասվածի, ֆիլմն էկրան բարձրացավ բազմաթիվ արգելքներ հաղթահարելուց հետո միայն։ Գեղարվեստական խորհդի անդամները գտնում էին, որ ներկայացումը ֆիլմի վերածելը անընդունելի տարբերակ է։ Անհեթեթ այդ պնդումների պատճառով ավարտուն ֆիլմի ճանապարհը դեպի էկրան երկարաձգվեց, ինչն էլ դարձավ Արկադի Հայրապետյանի, մեղմ ասած, զայրույթի պատճառը։ Բայց «Ժառը» դարձավ հայկինոյում առաջինը՝ որպես ներկայացման էկրանավորում։

1944 թվականին Գաբրիել Սունդուկյանի անվան մայր թատրոնի խաղացանկում ավելացավ նոր ներկայացում։ Հանդիսատեսի դատին հանձնվեց Վրթանես Փափազյանի «Ժայռը» դրաման՝ Վարդան Աճեմյանի բեմադրությամբ։ Գուրգեն Ջանիբեկյանի, Վերջալույս Միրիջանյանի, Հովհաննես Ավագյանի, Մայրանուշ Պարոնակյանի, Խորեն Աբրահամյանի և այլ դերասանների մասնակցությամբ  ներկայացումն ավելի քան երեք տասնամյակ լեփ-լեցուն դահլիճ էր ապահովում։

Անցյալ դարի 50-ականների երկրորդ կեսին, իսկ ավելի ստույգ՝ 1953 թվականին, Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի նորավարտ ռեժիսոր՝ Արկադի Հայրապետյանն աշխատանքի ընդունվեց Սունդուկյանի անվան թատրոն՝ որպես բեմի վարիչ։ Պարտականությունների բերումով բոլոր ներկայացումներն ու դրանց  ստեղծման պատմությունները շատ լավ իմացող երիտասարդն առանձնակի վերաբերմունք ուներ բեմի մեծ վարպետի՝ Վարդան Աճեմյանի նկատմամբ։ Նրա բեմադրած ներկայացումները՝ առավել ևս «Ժայռը», կատարելագործման դպրոց էին սկսնակ ռեժիսորի համար։

Արկադի Հայրապետյանի դուստրը՝ Անահիտ Հայրապետյանը, վերհիշելով տարիներ առաջ տեղի ունեցած իրադարձությունները, պատմում է, որ հայրը «Ժայռը» ներկայացումը դիտելու առաջին իսկ օրից երազում էր նկարահանել այն։

Անահիտ Հայրապետյան

Ներկայացումը կինոնկարի վերածելու միտքը իրականություն դարձավ 1973 թվականին։ Այդ տարվա ամռանը երկու ռեժիսորների համագործակցությամբ «Հայֆիլմ» կինոստուդիայում ընթանում էին Վրթանես Փափազյանի «Ժայռը» պիեսի էկրանավորման աշխատանքները։ Նկարահանման խմբում ընդգրկվեցին կինոօպերատոր Սերգեյ Իսրայելյանը, բեմադրող նկարիչներ Հրաչյա Մեքինյանն ու Միքայել Առաքելյանը, իսկ որպես երկրորդ ռեժիսոր նրանց միացավ Վարդան Աճեմյանի արվեստանոցն ավարտած և արդեն «Հայֆիլմ» կինոստուդիայում աշխատող երիտասարդ ռեժիսոր Նիկոլայ Ծատուրյանը։

««Ժայռը» ֆիլմ-ներկայացումը իմ վերջին աշխատանքն էր կինոստուդիայում, այս ֆիլմի նկարահանումներից հետո Աճեմյանի առաջարկով ես աշխատանքի ընդունվեցի Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնում։ Վարդան Աճեմյանը շատ ուրախացավ, որ երկրորդից ռեժիսորի պարտականություններն ինձ էին վստահել և մենք շատ անմիջական աշխատանքային մթնոլորտում նկարահանեցինք ֆիլմը»,-պատմում է ՀՀ ժողովրդական արտիստ Նիկոլայ Ծատուրյանը։   

Նիկոլայ Ծատուրյան

Գրիգոր Աղայի կերպարը Գուրգեն Ջանիբեկյանի դերասանական արվեստի բարձունքն է։ Իզուր չէ, որ այդ կերպարով էլ նրան անվանում են հայ թատրոնի «Ժայռը»։ Նիկոլայ Ծատուրյանը նշում է, որ հայ հանդիսատեսը և՛ ներկայացման մեջ, և՛ ֆիլմում սիրել ու բարձր է գնահատել նրա հզոր խաղն ու մարդկային հմայքը։ 

«Դժգոհ գյուղացիներին իր տանը հյուրընկալած Գրիգոր աղայի մասնակցությամբ տեսարանում Գուրգեն Ջանիբեկյանը այնքան համոզիչ է ասում «…նստե’ք, նստե’ք այ շուն շան որդիք։ Դուք ինչի՞ց եք բողոքում», որ գյուղացիների դերակատարներն ասում էին, ինքնաբերաբար մեր ծնկները ծալվում էին»,- նշում է Նիկոլայ Ծատուրյանը։

Արկադի Հայրապետյանի և Վարդան Աճեմյանի մտահղացումը կյանքի կոչելու շնորհիվ, հայկինոյի պատմության մեջ առաջին անգամ, լեգենդ դարձած ներկայացումը վերածվել է ֆիլմի։

Հայ բեմի մեծանուն արտիստների անզուգական խաղի կենդանի հմայքը ներկայացնող՝ 95 րոպե տևողությամբ «Ժայռը» կինոնկարը, ազգային կինոկենտրոնը վերջերս թվայնացրել և տեղադրել է համացանցում։ Այժմ հանդիսատեսը հնարավորություն ունի առնչվելու շուրջ կես դար առաջ ռեժիսորական և դերասանական մեծ հաջողություն գրանցած աշխատանքի հետ և հաստատելու գեղարվեստական բարձր արժեքների ապրելու իրավունքը։  

Back to top button