ԿարևորՏնտեսական

Անհավասար մրցակցությունը՝ խոչընդոտ թռչնամսի տեղական արտադրության համար

Հայաստանում տարեկան սպառվում է 51-52 հազար տոննա թռչնամիս։ Դրա 30 տոկոսը տեղական արտադրանք է։  Կառավարության որոշմամբ՝ թռչնամսի ներմուծման  ծավալները կկրճատվեն։ Նախորդ տարի ներմուծված 44 հազար տոննայի փոխարեն այս տարի սահմանված է 30 հազար տոննա։ Գործադիրում կարծում են, որ սա խթան կլինի  տեղական արտադրողի համար։ Մինչդեռ մասնագետներն ասում են, որ նոր սահմանափակումներն առանձնապես իրավիճակ չեն փոխի։ Հավասար մրցակցային պայմաններ ստեղծելու համար նախ պետք է զարգացնել տեղական արտադրանքը և հավասար մրցակցային պայմաններ ստեղծել։

2021 թվականին Հայաստանում թռչնամսի ներմուծման  ծավալի սահմնափակումներ կիրառվեցին, թույլատրվեց ներկրել 44 հազար տոննա թռչնամիս։ Բայց քանի 2021-ի համար բաշխված քվոտայի ամբողջ ծավալով ներմուծում չի իրականացվել, կառավարությունը որոշեց կրճատել  Հայաստանի տարածք ներմուծվող թռչնամսի սակագնային քվոտան։ Նախորդ տարվա 44 հազարի փոխարեն կկիրառվի 30 հազարը։  Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը կարծում է՝ սա կխթանի նաև տեղական արտադրողին։ 

«Արդյունքները ցույց են տալիս, որ հայկական թռչնամիսը լիովին մրցակցային է ներմուծվողի հետ։ Հաշվի առնելով նաև գլոբալ փոփոխությունները, որոնք տեղի են ունեցել աշխարհում, թռչնամսի ներմուծման ծավալների հետ կապված միշտ խնդիր ենք ունենալու, և գնային առումով դրանք գրեթե հավասարվել են տեղական արտադրության թռչնամսին։  Բացի այդ՝ տեղականը թարմ է, իսկ հիմնական ներմուծված թռչնամիսը սառեցված է լինում։ Այսինքն, նույն սպառողների տեսանկյունից դրանց կիրառումը շատ ավելի նպատակահարմար է, քան սառեցված թռչնամիսը»։

Տեղական արտադրանքը ներկրվող թռչնամսի հետ հավասար մրցակցային պայմաններում չէ, ինչից, բնականաբար, օգտվում են նաև ներկրողները և առևտրական ցանցը։ Արդյունքում, անբարեխիղճ մրցակցություն  է ծավալվում, ներկրվող թռչնամսի խնդիր են դառնում  ցածր որակն ու խոնավությունը,-նկատում է «Թռչնաբույծների միության» նախագահ Սերգեյ Ստեփանյանը։

«Հավաստիացնում եմ, որ մեր արտադրած թռչնամսի որակը շատ ավելի բարձր է, քան ներկրվողինը։ Ընդհանրապես, թռչնամսի մեջ սառեցված ջրի քանակը 4 տոկոսից ավել չի թույլատրվում։  Ուկրաինայից ներկրվողի մեջ կրկնակի, եռակի բարձր է նորմայից։ Եթե ճիշտ վերլուծենք, դուրս է գալիս՝սպառողին խաբում է ներկրողը։ Որպես մսի գումար՝ առնվազն 150-200 գրամ ջրի համար է վճարում։ Այդ դեպքում  հավասարվում է մեր տեղականի գնին»։

Վրաստանից ևս ցածր գնով է ներկրվում, բայց չեն պահպանվում կանոնակարգով նախատեսված պահանջները։ Թռչնամիսը հիմնականում սառեցված վիճակով է ներկրվում, բայց  վաճառվում է որպես թարմ՝ պաղեցված։ Մինչդեռ թարմ պաղեցվածի շուկան տեղական  արտադրողները ամբողջությամբ ապահովում են։ Զրուցակիցս կարծում է, որ շատ ավելի կարևոր են մրցակցային պայմանները հանրապետության ներսում։ Միայն այդ դեպքում կկարողանանք մրցակցել նաև դրսից ներկրվողի հետ։ Վերջին 4 տարում ներկրվող թռչնամսի առավելագույն քանակը բաժին էր հասնում ԱՄՆ-ին։

Խոշոր ներկրող երկներ են նաև Բրազիլիան, Ռուսաստանը, բայց այժմ վիճակը փոխվել է։ Խոշոր ներկրողների ցուցակը գլխավորում է Ուկրաինան՝ օգտվելով իրեն հատկացված արտոնությունից։ Նախորդ տարվանից նաև Վրաստանից է թռչնամիս ներկրվում։ Երկու երկրներից էլ ներկրումն իրականացվում է ցածր աժեքով։ Քանի որ թարմ մսի պահանջարկն ամբողջությամբ բավարարում ենք, հարկավոր է սառը մսի շուկայում հավասար մրցակցային պայմաններ ստեղծել, ինչը կխթանի տեղական արտադրողին ավելացնել արտադրության ծավալները։

«Մեր արտադրած թռչնամսի գերակշռող մասը կազմում է հարևան երկրներից, այդ թվում՝ 3-րդ երկրներից ներկրվող բրոյլերի ճտերը։ Այսինքն՝ վերարտադրության համար մեզ անհրաժեշտ է սեփական վերարտադրող տնտեսություն, որը կկարողանա ամբողջ տարվա սեզոնային պահանջը բավարարել։ Սա է այսօր արտադրողների գերխնդիրը։

Մի կողմից խոսում ենք արտադրության ծավալների ավելացման մասին, մյուս կողմից ահազանգում՝ թռչնամսի օգտագործումը ռիսկեր է պարունակում, և մեծ տարբերություն չկա՝ տվյալ թռչնամիսը ներկրված է, թե արտադրված է տեղում,-ասում է ՍԱՏՄ Սննդամթերքի անվտանգության վարչության պետ Վահե Դանիելյանը

«Մենք թռչնամիսը սահմանային վերահսկողության շրջանակում փորձաքննում ենք, նոր ենք թույլ տալիս դրա մուտքը ՀՀ, բայց մեզ համար հավասարապես ռիսկային է նաև մեր տնտեսվարողների արտադրած և թռչնամիսը, և մենք մեր վերահսկողությունը երկու ուղղությամբ էլ իրականացնում ենք»։

Հայաստանում թռչնամսի տարեկան սպառումը կազմում է 51-52 հազար տոննա, որից 14000-ը տեղական արտադրության է։

Back to top button