ԿարևորՀասարակություն

Ո՞վ է քննում դատական գործը․ մակագրման գործընթացը անհանգստացնում է փորձագետներին

Շուրջ 6 ամիս՝ դատական նյութերը դատավորներին հասնում են ոչ թե ավտոմատացված համակարգով՝ պատահականության սկզբունքով, այլ մակագրվում են «ձեռքով»՝ այբբենական հաջորդականությամբ։ Գործը այս կամ այն դատավորին հասցնելու այս ձևը կարող է խախտել անձի արդար դատաքննության իրավունքը․ ահազանգը ՄԻՊ գրասենյակն է ստացել։ Հետազոտական և կրթական կենտրոնի աշխատակից Մերի Մամիկոնյանն է ներկայացնում․

«Ստացվել են ահազանգեր, որ վարչական դատարանում հինգ դատավորից բաղկացած դատական կազմերում հաճախակի ընտրվում են նույն դատավորները՝ վարչական դատարանի նախագահի հայեցողությամբ։ Այս մակագրությունները այնպիսի գործերով են լինում, ինչպիսիք են տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին վերաբերող հարցերը»

ՄԻՊ աշխատակազմի ներկայացուցիչը կարծում է, որ այս պայմաններում գործով անցնողի կամ անկախ դիտորդի համար կասկածի տակ է դրվում դատական գործերի բաշխման անաչառությունը։ Իսկ այդ պայմաններում արդար դատաքննություն ակնկալել հնարավոր չէ։

Իրավական հարցերով փորձագետ Հասմիկ Հարությունյանը հիշեցնում է՝ ավտոմատացման համակարգին հեշտ չհասանք, դա 10 տարվա ջանքերի արդյունք էր, որը նպատակ ուներ վերացնել մարդկային գործոնը․

2015-ի սահմանադրական և 18-ի Դատական օրենսգրքի փոփոխություններից հետո դատական համակարգի անկախության երաշխավորը ԲԴԽ-ն է։ Փորձագետը կարծում է, որ պատասխանատվությունը հենց այս կառույցինն է․

«6 ամիսը բավարար չէ՞ր, որ փորձ արվեր մեկ այլ համակարգի միջոցով փոխարինել, գտնել այլ լուծումներ, որոնք կվերացնեին մարդկային գործոնը, և աշխատակազմի ղեկավարը, դատարանի նախագահը չէին ունենա մակագրություն իրականացնելու պարտավորվածությունը։ Դատավորների մոտ էլ չէր լինի այս անհանգիստ վիճակը։ Կա ծանրաբեռնվածության խնդիր անհամաչափ բաշխման պատճառով, որոշակի խումբ գործերը շարունակաբար նույն դատավորների մոտ գնալ և մի շարք այլ խնդիրներ, ինչը մեզ լավ տեղ չի տանելու։ Այստեղ առաջին հերթին հենց ԲԴԽ-ն պետք է հանդես գա շատ սկզբունքային, լուրջ մոտեցումներով»։

ԲԴԽ-ն տեղեկացնում է՝ այս ուղղությամբ բազմաթիվ քայլեր են ձեռնարկվել։ Մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյան․

«ԲԴԽ-ին մեղադրել նրա մեջ, որ որևէ քայլ չի ձեռնարկում, որ հասկանա թե ինչ փուլում է գործը, սխալ է։ Մենք հայտարարություն էինք տարածել, որտեղ հստակ թվականներով, օրերով նշել էինք, որ  ԲԴԽ-ի նախագահի պաշտոնակատարի կողմից նախաձեռնվել է հանդիպում ԱԱԾ քնչական դեպարտամետի ղեկավարի հետ, անմիջապես ԱԱԾ պետին է գրություն ուղարկվել, որ հասկանանք, թե երբ հնարավոր կլինի վերականգնել սերվերները։ Ի պատասխան մեզ հայտել են, որ համակարգչային փորձաքննությունը ավարտին չի հասցվել, այսինքն՝ հայտնի չի արդյունքները, և հայտնի չի, թե երբ կվերադարձվեն սերվերները»։

Գործի ընթացքի վերաբերյալ տեղեկություն փորձեցինք ստանալ նաև Դատախազությունից։ Մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյան «Ռադիոլուր»-ին ասաց․

«ՀՀ ԱԱԾ քնչական դեպարտամենտում քննվող գործի  շրջանակներում նշանակվել է դատահամակարգչային փորձաքննություն։ Այդ փորձաքննությունը ներկայումս ընթացքի մեջ է, փորձաքննության եզրակացություն դեռևս չի ստացվել։ Քրեական գործի նախաքննությունը ներկայումս շարունակվում է կատարվում են բազմաթիվ քնչական, դատավարական գործողություններ։ Ցավոք՝ ելնելով նախաքննական գաղտնիքի հանգամանքից, այլ տվյալներ քրեական գործի վերաբերյալ հայտնել չեմ կարող։ Միայն կարող եմ նշել, որ այս քրեական գործով այս պահի դրությամբ դեռևս որպես մեղադրյալ ներգրավված անձիք չկան»։

Ավտոմատացված համակարգին վերադառնալու ժամկետները հստակ չեն, ԲԴԽ-ն մտածում է այլընտրանք ստեղծելու մասին։ Լիլիթ Շաբոյանը նշում է՝ միջազգային գործընկերների հետ քննարկումներ են ընթանում՝ այլընտրանքային համակարգ ներդնելու ուղղությամբ, սակայն այստեղ ևս անգամ մոտավոր ժամկետները հստակեցնել հնարավոր չէ։

Ոչ օբյեկտիվ բաշխմամբ արդար դատաքննությանը խոչընդոտելու դիտարկմանը Շաբոյանը պատասխանեց՝ արձագանքի կարժանանան հստակ փաստարկված դեպքերը։ Կասկածներին, խոսակցությունների մակարդակում արված հայտարարություններին արձագանքել չեն կարող։ ԲԴԽ-ին այդպես վարվել թույլ չի տալիս առաջին հերթի Սահմանադրությունը։

Ցուցադրել ավելի
Back to top button