ԿարևորՄշակույթ

Կինոերաժշտության վարպետն ու անուղղելի հայրենասերը․ մաեստրո Տիգրան Մանսուրյանը 83 տարեկան է

«Երաժշտության մեջ երկու երևույթների հարաբերություն կա՝ ձայնի և լռության։ Ո՞րն է ավելի հարուստ, ո՞րն է ավելի հագեցած, որի՞ մեջ ավելի խորհուրդ կա։ Երաժշտություն գրելն ինձ համար գործ չէ։ Ինքնարտահայտման միջոց էլ չէ։ Ես եմ»։ Մաեստրո Տիգրան Մանսուրյանի խոսքերն են՝ գրված և ասված հայերեն․ կոմպոզիտորի համոզմամբ՝ իրեն հոգեհարազատ երաժշտության լեզուն մայրենին է․

«Հայերեն երաժշտական լեզուն բոլորովին ուրիշ ծաղկունք է երաժշտության մեջ։ Լեզուն, անշուշտ, ծնում է երաժշտություն։ Երբ ես ուսումնասիրում էի հայերեն և լատիներեն երաժշտական մշակույթը, դրանց խորքերը, հասկացա, որ հայ մեղեդու համար տեղ պիտի բացել լատիներենի կողքին։ Գրել եմ սաղմոսներ, ցավոք սրտի, այդ գործերը ոչ կատարվում են, ոչ էլ տպագրվում։ Ներսես Շնորհալու 24 աղոթքների շարքից 14-ին ես երաժշտություն եմ գրել, և խնդիրը այստեղ այնքան երաժշտությունը բառերի հետ կապելը չէ, որքան մեծերի ծնունդ տված գործերին նոր կյանք տալն ու շարունակելը 21-րդ դարի ավանդույթներով»,-ասում է Մանսուրյանը։

Տիգրան Մանսուրյանը 83 տարեկան է։ Նա հեղինակ է նվագախմբային, կամերային, երգչախմբային և վոկալ գործերի, որոնք կատարվել են ամբողջ աշխարհում, նրա ստեղծագործությունները հայկական երաժշտարվեստի և ժողովրդական ավանդույթների միասնություն են։ Որոշումը՝ կյանքը կապել արվեստի հետ, մաեստրոն դեռ մանկուց էր կայացրել։ Կոմպոզիտորի ընտանիքը 1940 թվականին Բեյրութից ներգաղթում է Հայաստան։ Տարիներ անց հենց հայրենիքում Մանսուրյանը սկսում է երաժշտական կյանքի առաջին քայլերն անել․ սկզբում ընդունվեց  և ավարտեց  Երևանի Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանը՝ սովորելով  ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, սովետական հայտնի «Տժվժիկ» ֆիլմի երաժշտության հեղինակ, կոմպոզիտոր Էդուրադ Բաղդասարյանի դասարանում։ 1960-1965 թվականներին Մանսուրյանն արդեն Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում էր՝ Ղազարոս Սարյանի դասարանում, որի ղեկավարությամբ 1967 թվականին ավարտել է ասպիրանտուրան։ Ուսանողական տարիներին Մանսուրյանը արժանանում է մրցանակների, իսկ 1967-ից հենց ինքն է սկսում դասավանդել կոնսերվատորիայում՝ երաժշտական տեսություն, 1986–ին Մանսուրյանին շնորհվում է երաժշտության պրոֆեսորի կոչում։  

«Նռան գույնը», «Կտոր մը երկինք», «Մենք ենք մեր սարերը», «Հին օրերի երգը», «Մեր մանկության տանգոն»․ ֆիլմեր, որոնց երաժշտության հեղինակը մաեստրո Մանսուրյանն է, անվերջ կարելի է թվարկել։ Փարաջանովն անձամբ է խնդրել Մանսուրյանին գրել իր «Նռան գույնը» ֆիլմի երաժշտությունը, երբ Մանսուրյանը դեռ երիտասարդ տղա էր․

«Երբ ես նայեցի նռան գույնը, արդեն գիտեի իմ անելիքը։ Ձայնը երաժշտական մարմին է դառնում, հետո դառնում է  զգացողություն։ Ֆիլմում լավ եմ աշխատել, աշխատանքի ընթացքում որևէ խնդիր չեղավ, ինձ տվեց նյութը ու գնաց Կիև՝ լիովին վստահելով։ Հիմա ֆիլմերի համար երաժշտություն էլ չեմ գրում, չեն էլ դիմում, անկեղծ ասած։ Շատ-շատ եմ գրել կինոերաժշտություն, «Հայֆիլմ»–ն այն ժամանակ, երբ 4 ֆիլմի պատվեր էր ստանում, 3-ի երաժշտությունը ես էի գրում»,-ասում է Մանսուրյանը։

Սիրելի Մաեստրոյի հետ կապ հաստատել այսօր մեզ չհաջողվեց։ Նախորդ տարի էլ ծննդյան օրը հազիվ շնորհավորեցինք․երկար զանգերից հետո միայն ինքնապատասխանիչի փոխարեն լսվեց կոմպոզիտորի ձայնը։ Ասաց՝ աշխատում էր աղոթքի երաժշտության վրա։

Ցուցադրել ավելի
Back to top button