Սփյուռքի ձայնը

Ինքներս մեզ ճանաչելով՝ աշխարհին կստիպենք հաշվի նստել մեզ հետ․ «Սփյուռքի ձայնը»

Ուկրաինայի Օդեսա քաղաքում արդեն մի քանի տարի է գործում է հայագիտական կենտրոն, որn ունի տարաբնույթ և շատ կարևոր գործառույթ։ Կենտրոնի հիմնադիրը այնտեղ ապրող Արմեն Պետոյանն է, որն այսօր Հայաստանում է։

«Մի քանի տարի առաջ է կազմավորվել կենտրոնը, մինչ այդ մենք ստեղծել էինք Օդեսայի մշակութային ժառանգությունը ուսումնասիրող հիմնադրամ, որի միջոցով կարողանում էինք հայկական հետք գտնել։ Հենց այդ հետքը Օդեսայում ապրող հայերին՝ մեծից մինչև փոքր ներկայացնելու և ծանոթացնելու համար ստեղծեցինք հայագիտական կենտրոնը»,- ասում է Արմեն Պետոյանը։

Տասնամյակներ Օդեսայում ապրող Արմեն Պետոյանը, իր խոսքով, այնտեղ ստեղծում է փոքրիկ Հայաստան։ Ասում է, որ այսօր մեր ժառանգությունը որևէ երկրում չի ուսումնասիրվում կամ քիչ է ուսումնասիրվում։ «Հենց այս է պատճառներից մեկը, որ մենք կորցնում ենք մեզ պատկանող հարստությունները, բացի այդ՝ կորցնում այդ երկրներում մեր համայնքային գործունեությունը»,- ասում է։

Արմեն Պետոյանը համոզված է, որ այսօր հայ մարդու՝ Հայաստանում , թե արտերկրում, կարևոր գործը՝ սեփական մշակույթը ճանաչելն է։ «Մշակույթը մեր բարքերն են, մեր կենցաղը մեր երկրի հանդեպ ունեցած վերաբերմունքը, երկիրը, քաղաքը մաքուր պահելը և այլն։ Այսօր այդ երևույթները նվազել են, որի հետևանքով փոքրանում են նաև մեր սահմանները»,- ցավով նշում է Արմեն Պետոյանը։

Անդրադառնալով Օդեսայում հայկականությանն ու հայի ձեռագրին, Արմեն Պետոյանը նշում է, որ այն ամենուր է և ուկրաինացիները գիտեն այդ մասին։ «Այլ հարց է, որ մենք մեզ ներկայացնելու խնդիր ունենք, ժամանակն ու հարաբերությունները մեր օգտին օգտագործելու։ Հենց այդ գործառույթն ունի հայագիտական կենտրոնը»։

Խոսելով օտար և հայազգի հայագետների մասին, Արմեն Պետոյանը ցավով է նշում, որ այստեղ էլ մենք լավ չենք աշխատում՝ մեզ ներկայացնելու և ուսումնասիրության համար հետաքրքիր դարձնելու համար։ «Մինչ ուրիշներին մեզ ներկայացնելը, պետք է ինքներ մեզ ճանաչենք ու սիրենք։ Այսօր այդ վերաբերմունքը կենացներից այն կողմ չի անցնում»,- նշում է։

Ցուցադրել ավելի
Back to top button