ԿարևորՀասարակություն

Բրյուսելում մանրամասն ներկայացրել եմ Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների խախտումները․ Թաթոյան

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը գրել է, որ այսօր Բրյուսելում քննարկում է ունեցել Եվրոպական խորհրդարանի Ադրբեջանի հարցերով մշտական զեկուցող Ժելյանա Զովկոյի հետ, իսկ երեկ` Հայաստանի հարցերով մշտական զեկուցող Անդրեյ Կովաչևի հետ: 

«Զեկուցողներին եմ ներկայացրել փաստերը ադրբեջանական զինված ծառայողների կողմից Սյունիքում, Գեղարքունիքում, Երասխում Հայաստանի բնակիչների իրավունքների խախտումների (գողություններ, կրակոցներ, արոտավայրերի հրդեհում, տեսախցիկներով քաղաքացիական տների դիտարկում և այլն) մասին: 

Գորիս-Կապան և Կապան-Ճակատեն ճանապարհները առանց որևէ իրավական հիմքի փակելու հետևանքով շրջակա գյուղերի բնակիչները կանգնել են մեկուսացման և հումանիտար խնդիրների առաջ: Ավելին, ադրբեջանական զինված ծառայողները նշանառության ներքո են պահում, այսպես կոչված, այլընտրանքային ճանապարհները, քաղաքացիական բնակիչներին, նրանց տները: 

Խախտումների վերացման իրական լուծումը ադրբեջանական զինված ծառայողների հեռացումն է մեր գյուղերի մոտից ու ճանապարհներից` խաղաղ բնակչության իրավունքների երաշխավորման նպատակով: Սրա հիմքում էլ ադրբեջանական իշխանությունների հայատյացության ու թշնամանքի քաղաքականությունն է, որը որևէ կերպ չի նվազել: 

Ընդ որում, ասածս վերաբերում է նրանց բոլոր տեղակայումներին ու ոչ միայն մայիսյան ներխուժումներին: Սա չի նշանակում, թե այդ կերպ միանգամից որոշում ենք՝ ի՞նչ կամ ու՞մ տարածքն է: Դա կորոշվի հետագայում՝ առնվազն զուգահեռ սկսված դելիմիտացիայի ու դեմարկացիայի արդյունքում, բայց պետք է ամեն ինչ անել մարդկանց նորմալ կյանքը, անվտանգությունը վերականգնելու համար: 

Մանրամասն ներկայացրել եմ Արցախում խաղաղ բնակիչների իրավունքների խախտումները (գրեթե ամենօրյա դարձած կրակոցները, գողությունները և այլն) Արցախի մարդու իրավունքների պաշտպանի զեկույցների հիման վրա: 

Փոխանցել եմ նաև հայ գերիների խոշտանգումների (այդ թվում` նոր ձևերը) վերաբերյալ զեկույցները՝ նշելով նրանց վերադարձի հրատապությունը և ադրբեջանական իշխանությունների անօրինական արարքները (արհեստական դատավարություններ, մարդկանց պահելը քաղաքական ու ռազմական առևտրի նպատակով և այլն)»,- գրել է Արման Թաթոյանը։

Ցուցադրել ավելի
Back to top button