ԿարևորՔաղաքական

Արձագանքներ՝ ՀԱՊԿ-ի արձագանքի մասին․ կառույցի գործառույթները կփոխվե՞ն

Ղազախստանի տարածքում  այսօրվանից չեղարկվում է տարեսկզբին մեկնարկած ընդվզումների և զանգվածային անկարգությունների պատճառով սահմանված արտակարգ դրությունը: Հունվարյան դեպքերին ՀԱՊԿ միջամտության պահանջը Ղազախստանը հիմնավորել էր  ահաբեկչական վտանգին հակազդելու անհրաժեշտությամբ։

Ղազախստանի իշխանություններն առայժմ չեն հանրայնացրել զանգվածային անկարգություններին տեղացի կամ միջազգային ահաբեկիչների մասնակցության մասին փաստերը, սակայն նշում են, որ շուտով քննությունը կպարզի պատվիրատուների, կազմակերպիչների և մասնակիցների ողջ շրջանակը։

Այսօր կեսգիշերից երկրի Ահաբեկչության դեմ պայքարի հանրապետական օպերատիվ շտաբը արտակարգ դրությունը` ահաբեկչության վտանգի կրիտիկական «կարմիր» աստիճանից  նվազեցրել է մինչև ահաբեկչության վտանգի «նարնջագույն» աստիճան»։

ՀԱՊԿ խաղաղապահ առաքելությունը գունավոր հեղափոխություններին հակազդելու կամ դրա դեմ պայքարի գործիքներից մեկն է՝ այս կարծիքին է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար, Եվրասիական տեղեկատվական-վերլուծական կոնսորցիումի համակարգող խորհրդի նախագահ Նիկոլայ Բորդյուժան: Ըստ նրա` Ղազախստանում հունվարյան դեպքերը գունավոր հեղափոխության տարրեր են պարունակել, հեղաշրջումը ժամանակին կանխվել է երկրի նախագահի գրագետ և օպերատիվ պահանջի համաձայն ՀԱՊԿ խաղաղապահ առաքելության ներգրավմամբ։

«Աշխարհը փոխվել է, և այսօր շատ երևույթներ ձևավորվում են տեղեկատվական հարթակների միջոցով․ առանց ուժի գործադրման, նաև առանց որևէ ուժային կառույցի միջամտության՝ հնարավոր է կազմաքանդել պետությունը կամ փոխել գործող վարչակարգը։ Որպես կանոն՝ այս ամենը սկսվում է անկարգություններից, ինչպես Ղազախստանի դեպքում էր։ Այդ երկրում սկիզբ առած գնաճի դեմ պայքարի սոցիալական լոզունգներով ընդվզումն ավարտվեց անկարգություններով և ջարդերով` ահաբեկչական խմբավորումների մասնակցությամբ։ Երկրում ինչ-որ մեկն ուզում էր վերցնել իշխանությունը, ով`քննությունը կպարզի։ Այո,  Ղազախստանում գունավոր հեղափոխության էլեմենտներ են կիրառվել, գունավոր հեղափոխությունների տեխնոլոգիայի դեմ հակազդելու համար կարելի է օգտագործել խաղաղապահ ուժերը։ Ղազախստանի օրինակը դրա ապացույցն էր»։

Ղազախական իրադարձություններում ահաբեկչական հետքի մասին առաջին անգամ հայտարարել էր երկրի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը` Ալմաթի քաղաքում և Ժամբիլի շրջանում հայտարարելով ահաբեկչության վտանգի կրիտիկական «կարմիր» աստիճան։ Հեղուկ գազի գնի աճի դեմ հունվարյան բողոքի զանգվածային ցույցերը Ալմաթիում վերածվել էին ցուցարարների և ուժայինների միջև բախման, որի հետևանքով հարյուրավոր անձինք զոհվեցին կամ  վիրավորվեցին։ Երկրում երկշաբաթյա արտակարգ դրություն սահմանելուց հետո Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը  օգնության խնդրանքով  դիմել էր Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը, որն այս տարի նախագահում է Հայաստանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը անհապաղ խորհրդակցություններ էր սկսել կազմակերպության անդամ երկրների ղեկավարների հետ և իբրև ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նախագահ՝ հունվարի 6-ին հայտնել էր սահմանափակ ժամանակահատվածով Ղազախստանի Հանրապետություն ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժեր ուղարկելու որոշման մասին ՝ այդ երկրում իրավիճակի կայունացման և կարգավորման նպատակով։ Նիկոլ Փաշինյանն իր ֆեյսբուքյան էջում գրել էր, որ որոշումը կայացվել է «Ղազախստանի հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարդ Տոկաևի դիմումի հիման վրա և Ղազախստանի ազգային անվտանգությանը և ինքնիշխանությանը սպառնացող վտանգների բերումով, որն առաջացել է այդ թվում արտաքին միջամտության արդյունքում»։

Ղազախստանում իրավիճակի հանգուցալուծումից հետո ՀԱՊԿ անդամ երկրների փորձագիտական շրջանակներում շարունակում է քննարկման առարկա  մնալ կառույցի խաղաղապահ առաքելության`անդամ երկրներից մեկի ներքին գործերին միջամտելու հարցը։ Սրա վերաբերյալ կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը «Ռուսաստանն այսօր» գործակալության հետ զրույցում նշել էր, որ Ղազախստանի իրադրության կայունացման գործում կազմակերպության խաղաղապահ ուժերի մասնակցությունը դաս է եղել «բոլորի համար».

«Խաղաղապահների ներկայությունը Ղազախստանում որոշակի սթափեցնող ազդեցություն է ունեցել և բոլորը հասկացան, որ սա քննարկման ենթակա չէ։ Ինչ վերաբերում է գրոհայինների ներգրավվածությանը, ապա խաղաղապահ առաքելության զորախումբը անմիջական բախում չի ունեցել ավազակային խմբավորումների հետ այն տարածքներում, որտեղ վերահսկել է։ Այժմ աշխատանք է տարվում մեղավորների շրջանակը պարզելու և պատժելու ուղղությամբ»։

Ղազախստանի ներքին գործերին միջամտելու մտահոգություններին օրերս անդրադարձել էր նաև Հայաստանի վարչապետը`շեշտելով, որ ՀԱՊԿ ուժերը չեն կարող ներգրավված լինել ինչ-որ ներքաղաքական գործընթացներում, ՀԱՊԿ-ն առաջին հերթին քաղաքական կազմակերպություն է, որի փաստաթղթերում նշված է՝ իրավիճակների վրա ազդեցության առաջնային գործիքը քաղաքական-դիվանագիտական գործիքներն են։ ՀԱՊԿ ուժերը կարող են միայն զբաղվել ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությամբ, ինչը և իրագործվել է։

«Առաջին օրվանից մեր գործունեությունն ուղղված է եղել նրան, որ ճգնաժամային արձագանքման մեխանիզմներն ի վերջո կատարելագործենք ՀԱՊԿ-ում, շատ տարօրինակ կլիներ, որ նման իրավիճակ լիներ սեղանին, Հայաստանն ասեր՝ չէ, ես դեմ եմ, մինչդեռ ինքն է հետապնդել այդ օրակարգը։ Գործնականում նույն օրը, երբ որոշում ենք կայացրել ՀԱՊԿ շրջանակում զորքեր գործուղել Ղազախստան, նույն օրը ՀՀ ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ արձանագրելով խաղաղ հավաքներ անցկացնելու քաղաքացիների իրավունքների պաշտպանությունը, հստակ արձանագրել ենք, որ ՀԱՊԿ ուժերը չեն կարող ներգրավված լինել ինչ-որ ներքաղաքական պրոցեսներում, ՀԱՊԿ ուժերը կարող են միայն զբաղվել ռազմավարական նշանակության օբյեկտների պահպանությամբ։ ՀՀ զինուժն էլ հացի գործարանի պահպանությամբ է զբաղվել, և չեմ կարծում դրանում վատ բան կա՝ դա որևէ կերպ ներքաղաքական իրավիճակի վրա չի ազդում։ ՀԱՊԿ-ը զորախումբ չի, որ տարբեր տեղերում մարտական խնդիրներ է կատարում, այո, անհրաժեշտության դեպքում նաև մարտական խնդիրներ կարողանա կատարել։ Այդ օրակարգը մենք միշտ էլ հետապնդել ենք, ուրախ եմ, որ առաջին անգամ ՀԱՊԿ-ը կոնկրետ գործողություն ի ցույց դրեց։ Ամենատարբեր մեկնաբանություններ կային, թե ՀԱՊԿ-ը օկուպացնում է Ղազախստանը, բայց մի քանի օր հետո ամբողջ կոնտինգենտը դուրս եկավ Ղազախստանից»,-ասաց Փաշինյանը։

Համեմատելով 2018 թվականի հայաստանյան թավշյա հեղափոխությունը ղազախական դեպքերի հետ և անդրադառնալով հարցին, թե ինչու ՀԱՊԿ-ն այդ ժամանակ չճնշեց հեղափոխությունը, Նիկոլ Փաշինյանը նկատել էր, որ «այդ ժամանակ ՀՀ-ում ոչ մի բռնություն տեղի չի ունեցել»։

«Ոչ մեկի քթից արյուն չի եկել, էլ չեմ խոսում զոհերի մասին։ Երբ մենք որոշել ենք խաղաղապահ առաքելություն ուղարկել Ղազախստան, այնտեղ արդեն փողոցային մարտեր էին ընթանում, և իրավապահների շրջանում զոհեր կային»։

Ղազախական նախադեպը դիտարկելով՝ փորձագիտական շրջանակները քննարկում են  ՀԱՊԿ գործառույթները վերանայելու հարցը, սակայն կազմակերպության գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կարծում է, որ կառույցում գործունեության լուրջ վերակառուցման անհրաժեշտություն չկա։ Ըստ նրա` ստեղծված մեխանիզմները աշխատող են և գործում են, և այո, ՀԱՊԿ-ն իր պատասխանատվության գոտում գերիշխող ուժ է։ 

Ցուցադրել ավելի
Back to top button