Մենաստան

Աստծուն ծառայելն իմ երազանքն է. քույր Շուշանիկ․ «Մենաստան»

«Մենաստան» փոդքասթի 2-րդ էպիզոդը՝ «Աստծուն ծառայելն իմ երազանքն է. քույր Շուշանիկ», պատմում է Հայաստանի միակ՝ Ղազարավանի մենաստանի երիտասարդ միանձնուհու՝ 34-ամյա քույր Շուշանիկի պատմությունը:

Առաջին անգամ քույր Շուշանիկը Սուրբ Գայանե եկեղեցի գնաց 2012 թվականին, երբ 25 տարեկան էր: Գիտեր, որ այնտեղ երկու միանձնուհիներ են ապրում ու որոշեց միանալ նրանց, բայց մեկամսյա փորձաշրջանը հաղթահարարելուց հետո, չցանկացավ մնալ այնտեղ: Այդ ընթացքում աշխատում էր երևանյան դպրոցներից մեկում որպես դաստիարակ, օգնում էր հաշմանդամություն ունեցող երեխաներին մասնակցել դասապրոցեսին:

2018 թվականին, երբ հիմնադրվեց Ղազարավանի մենաստանը, նա արդեն վերջնական որոշում կայացրեց՝ չնայելով բարեկամների հորդորներին, թե ամուսնացիր, ընտանիք կազմիր: Ասում է, որ ինքն էլ բոլորի նման մարդ է, սիրահարվել է, ցանկություն է եղել նաև երեխա ունենալ, բայց այդ զգացումներից որևէ մեկն առավել կարևոր չի եղել, որքան Աստծուն ծառայելը:

Մենաստանում ապրելու միակ դժվարությունն իր համար ընտանիքից հեռու լինելն է, սակայն արգելքներ չկան այդ հարցում: Համապատասխան օրհնություն՝ թույլտվություն, ստանալուց հետո կարելի է գնալ ընտանիքին տեսության, մի քանի օր մնալ ու վերադառնալ:

Քույր Շուշանիկն ասում է, որ մենաստանում գտել է այն, ինչ փնտրում էր՝ անանձնական կյանքով ապրելու երազանքը, որ աշխարհիկ կյանքում չէր կարող իրականացնել: Մենաստան լիքը անելիք կա, այնպես որ աշխարհիկ մարդկանց մտավախությունը, թե այնտեղ ձանձրալի է, անհիմն է: Այստեղ նա երջանիկ է, ներդաշնակ ինքն իր ու աշխարհի հետ։

Ցուցադրել ավելի
Back to top button