ԿարևորՏնտեսական

Տասից երեքը հանքարդյունաբերական ձեռնարկություններ են․ խոշոր հարկատուների ցանկն արտացոլում է տնտեսության վիճակը

2021 թվականի Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել շուրջ 1 տրիլիոն 207 մլրդ դրամի հարկեր և տուրքեր։  2020 թվականի համեմատ ցուցանիշն  աճել է մոտ 130 մլրդ դրամով կամ 12%-ով։  Հարկերի կառուցվածքում, սակայն, շարունակում է ավելանալ անուղղակի հարկերի բաժինը։

Հազար խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակում  երեք հանքարդյունաբերական ընկերություն է։ Հազար խոշոր հարկատուների 71 տոկոսը գրանցված է Երևանում, վճարված 1․2 տրիլիոն հարկերի 66 տոկոսը հավաքվել է մայրաքաղաքում։  Փորձագետները կարծում են, որ հարկատուների ցանկն արտացոլում է տնտեսության վիճակը։

Թույլ տեմպերով կայունացում ու վերականգնում՝ վերլուծելով 2021թվականի հազար խոշոր հարկատուների ցանկը՝ փորձագետներն  այսպես են բնութագրում տնտեսության վիճակը։  Հազար խոշոր հարկատուների ցանկի առաջին տասնյակում երեք հանքարդյունաբերական ընկերություն  է։ Ցուցակը գլխավորում է  «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը․  պետական բյուջե է վճարել 48.8 մլրդ դրամի հարկեր։ 2020 թվականի համեմատ ընկերության վճարած հարկերն աճել են 5.8 մլրդ դրամով կամ 13.6%-ով։ 

Տնտեսագետ Համլետ Մկրտչյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում նկատում է՝

«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ը ՀՀ խոշոր հարկատուների ցանկում մշտապես զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։ Սակայն 4-րդ եռամսյակում գլխավորել է հարկատուների ցանկը՝ շուրջ 1 մլրդ դրամով գերազանցելով  «Գազպրոմ Արմենիա»-ի վճարած հարկերի ցուցանիշը։ Այս ընկերությունը խոշոր հարկատուների ցանկում երկրորդն է ՝ 47.8  մլրդ դրամի հարկերով։ Երրորդ խոշոր հարկատուն ՀՀ պաշտպանության նախարարությունն է՝ 42.6  մլրդ դրամի հարկով։ Ցուցակում 4-րդը «Գրանդ Տոբակո» ՍՊԸ-ն է,  2021 թվականին պետբյուջե է վճարել մոտ 42.2  մլրդ դրամի հարկ։ 5-րդ տեղում Սոթքի ոսկու հանքը շահագործող «Գեոպրոմայնինգ  գոլդ» ՍՊԸ-ն է՝ 20.8 մլրդ դրամի հարկերով։ Ապա 6-րդ տեղում  «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ընկերությունն  է, յոթերորդ խոշոր հարկատուն բենզինի ներմուծմամբ և առևտրով զբաղվող «Սիփիէս օիլ» ՍՊԸ-ն է։ 8-րդ տեղում «ՄՏՍ Հայաստան» ՓԲԸ-ն է, 9-ում՝ «Ֆլեշ» ՍՊԸ-ն։ Տասնյակը եզրափակում է «Թեղուտ»  ընկերությունը»։

1000 խոշոր հարկատուները 2021-ին  վճարել են մոտ 1․2 տրիլիոն դրամի հարկ, 2020-ին՝ գումարը 1 տրիլիոնից մի փոքր ավելի էր։ Առաջին 100 խոշորները 50 մլրդ դրամով ավելի շատ հարկ են վճարել, քան  2020-ին։ Արմեն Քթոյանը «Ռադիոլուր»-ի հետ զրույցում, համեմատելով առավել խոշոր ու առավել փոքր սուբյեկտների հարկերի հարաբերակցությունը,  որոշակի նվազում է արձանագրում։  Սա, ըստ փորձագետի, նշանակում է, որ փոքր կազմակերպությունների վճարած հարկերը ավելի  առաջանցիկ տեմպով են ավելանում։

«Առաջին հարյուրյակի միջին կազմակերպությունը  32 անգամ ավելի շատ հարկ է վճարել, քան  վերջին հարյուրյակինը, 2020-ին այդ հարաբերակցությունը  34 էր։  2021թվականին  35 կազմակերպություն է եղել, որոնք  5 մլրդ դրամից շատ հարկ են վճարել, 2020 թվականին մենք նմանատիպ  27 կազմակերպություն ունեինք»։

Վճարված  հարկերի կառուցվածքում շարունակում են ավելանալ անուղղակի հարկերը, ուղղակի հարկերը՝ շահութահարկն ու եկամտային հարկը՝ նվազել։ Եթե 2020-ին ուղղակի հարկերն ընդհանուրի 36  տոկոսն էին կազմում, ապա 2021-ին այդ ցուցանիշը 34 էր։ Այդուհանդերձ, Արմեն Քթոյանը դրական միտում է նկատում։

«Հանրապետությունում հարկատուների ցանկում 74 կազմակերպություն վճարել է 1 մլրդ դրամը գերազանցող ուղղակի հարկեր։ 2020-ի համեմատությամբ 2021-ին մոտ 20 հարկատուով ավելացել է թիվը»։

Հազար խոշոր հարկատուների 71 տոկոսը գրանցված է Երևանում։ Վճարած հարկերի  66 տոկոսը նույնպես  հավաքվել  է Երևանում։ Ընդ որում՝ թե եկամտային հարկի, թե շահութահարկի դեպքում  շուրջ 70 տոկոսը դարձյալ հավաքվում է մայրաքաղաքում։

«Մենք ունենք նաև ռեգիոնալ ընդգծված անհամամասնություն։ Սա նաև տնտեսական գործունեության անհամաչափ բաշխումն է  ցույց տալիս ՀՀ-ում»:

Սա, ըստ փորձագետների, միակ մտահոգիչ փաստը չէ։ Խոշոր հարկատուների ցանկը նաև փաստում է, որ տնտեսության կշռում գերիշխողը շարունակում է մնալ  հանքարդյունաբերության ոլորտը։ Պղնձի համաշխարհային գները բարձրացել են, ուստի ավելացել են ոչ միայն հանքարդյունաբերական ընկերությունների եկամուտները, այլ նաև նրանց վճարած հարկերը։ Սա էլ նշանակում, է, որ համաշխարհային շուկայում գների  շեշտակի նվազումն  ուղղակիորեն ազդելու է ոչ միայն հանքարդյունաբերական ընկերությունների, այլև  մեր երկրի բյուջեի եկամուտների վրա։

Հուսադրողն այն է, որ թե մասնագետներն առաջիկա մի քանի տարիներին ոչ թե գների նվազում չեն կանխատեսում, այլ աճ են  ակնկալում։ Ուստի դեռ տնտեսության կառուցվածքը փոխելու ուղղությամբ ռեալ քայլեր իրականացնելու ժամանակ կա։

Back to top button