ԿարևորՎերլուծական

Մերձեցումը՝ վերահսկելու միջոց․ իրանա-ադրբեջանական ջերմացող հարաբերությունների սառը կողմերը

Նոր էջ իրանա-ադրբեջանական հարաբերություններում․ ռազմական բախման եզրին հատնված երկրները թուլացնում են հռետորաբանությունը՝ տնտեսական, ռազմական համագործակցության նոր  պայմանգրեր ստորագրելով: Միջազգային փորձագետներն արձանագրում են՝ չնայած 2021 թվականի լարվածությունը թուլացել է, բայց դրա առիթ դարձած  հակասությունները մնում են չլուծված:

Իրանա-ադրբեջանական  լարվածությունը 2021 թվականին

Նախորդ տարի Իրանը ռազամական ուժեր կուտակեց Արաքսի երկայնքով և լայնածավալ զորավարժություններ անցկացրեց երկրի հյուսիսում: Այդպես պաշտոնական Թեհրանն արձագանքեց Գորիս-Կապան ճանապարհի մի հատվածի՝  Ադրբեջանի հսկողության տակ անցնելուն  ու դրան հաջորդած  իրադարձություններին՝ իրանական բեռնատարների ստուգում, մաքսատուրքի  գանձում  ու  անգամ իրանցի վարորդների  ձերբակալություն: Լարվածությունը մեղմվեց բարձր մակարդակի տարբեր ձևաչափերով հանդիպումներից հետո միայն, որից հետո ադրբեջանական մամուլը սկսեց գլխագրերով ազդարարել իրանա– ադրբեջանականան ջերմացող հարաբերությունների մասին: Կարծրացած հարաբերությունների մեղմացումը  փորձագետներն այսպես են մեկնաբանում՝ իրանական դիվանագիտությունը խոսում է այլ լեզվով:

Հնարավոր ռազմական և տնտեսական համագործակցության մասին

Այս օրերին Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Իրանում է, իսկ Իրանի ճանապարհների ու քաղաքաշինության նախարար Ռուստամ Ղասեմիի գլխավորած պատվիրակությունը՝ Ադրբեջանում: Ադրբեջանական մամուլը թմբկահարում է, որ Իրանի բարձրաստիճան պաշտոնյան այցը սկսում է  ոչ թե արարողակարգային ձևաչափով ամրագրված կետից՝ Բաքվից, ոչ թե՝ Ասթարայից, որտեղ երկու երկրները միմյանց կապող ավտոմոբիլային կամուրջի հիմնարկեքն արվեց, այլ՝ Վարանդայից՝ Ֆիզուլիից:

Իրանագետ Գարիկ Միսակյանը կարծում է՝  այս  մերձեցմամբ առկա խնդիրները չեն չեզոքանում, որքան էլ տեղեկատվական դաշտը ակտիվորեն  հակառակն է քարոզում: Իրանին մշտապես անհանգստացրել է Ադրբեջանում  Իսրայելի ներկայացվածությունը, թուրքական ազդեցության մեծացումը, իսկ այս խնդիրները շարունակում են պահպանվել և դժվար թե լուծվեն՝ ասում է քաղաքագետը:

«Հենց այն փաստը, որ Իրանի պաշտոնյաները վայրէջք են կատարել բռնազավթված հայակական հատվածներում կառուցված օդանավակայանում նույնպես քարոզչական բնույթ ունի, չնայած հայտնի չէ նաև՝  Իրանի՞ նախաձեռնություամբ է եղել, թե՞ Ադրբեջանի: Նաև այդ կերպ այս գործընթացը Հայաստանի վրա ներազդելու նպատակ է հետապնդում»:

Ադրբեջանական մամուլը գրում է ռազմական նոր համագործակցության  մասին, իսկ իրանական մամուլը, վերլուծելով Իրանի ԶՈՒ ԳՇ պետ Մոհամեդ Բաղերի և Զաքիր Հասանովի հանդիպման արդյունքները ,  արձանագրում ՝ Իրանի նպատակը  հարևանների հետ հարաբերությունները զարգացնելն է։ Իրանագետ Գարիկ Միսակյանն ասում է՝ հանդիպման ընթացքում մեզ համար ոչ բարենպաստ հայտարարություն է հնչել, որն ադրբեջանցիները շահարկում են, բայց  լռում բարձրաձայնված մյուս  խնդիրների մասին:

«Հայտարարվել է հարաբերությունների զարգացման մասին․ սա պաշտոնական ձևակերպումն է: Իսկ մեզ համար ոչ ակնհաճոն այն է, որ Իրանը դրական է գնահատել այսպես ասած «ադրբեջանական հողերի ազատագրումը»։ Մյուս կողմից՝ Իրանն իր ցանկությունը հայտնել է ՝ հակաիսրայելական հայտարարություն  անելով և նշելով, որ  Իսրայելի ներկայությունը Իրանի սահմաններին պետք է կրճատվի: Այսպիսով  նշմարվում են այն խնդիրները, որոնք գոյություն ունեն երկու պետությունների միջև, և չեմ կարծում, որ դրանք հեշտությամբ կհաղթահարվեն»:

National Interest-ի հոդվածագիր Ադամ Լամմոնը, վերլուծելով երկու երկների ՙջերմացող՚ հարաբերությունները, առանձացրել է ծագած խնդիրները։ Ըստ վերլուծաբանի՝  քանի դեռ Իրանի ռազմավարական տարածաշրջանային գործընկեր և հյուսիսային հարևան Հայաստանը ենթարկվում էր Ադրբեջանի և Թուրքիայի հարձակմանը, Թեհրանն աջակցում էր «օկուպացված» հողերը «ազատագրելու» Բաքվի իրավունքին, որը հաշվարկված քայլ էր՝ ուղղված Իրանում ադրբեջանական ազգայնականությունը ճնշելուն:

Սակայն Ադրբեջանի հաղթանակը միայն բացեց նրա ախորժակը և Թուրքիայի հետ ստորագրվեց  «Ադրբեջանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության միջև դաշնակցային հարաբերությունների մասին Շուշիի հռչակագիրը»․ քաղաքական և տնտեսական ճանապարհային քարտեզ, որը ամրացրեց նրանց դաշինքը փոխադարձ պաշտպանական պայմանագրով և Զանգեզուրի միջանցքը կառուցելու պարտավորությամբ։ Հոդվածագիրը շեշտում է, որ Զանգեզուրի միջանցքը թուլացած Հայաստանին պարտադրելու ջանքերը կհատեին Թեհրանի կարմիր գիծը` միաժամանակ մեծացնելով Թուրքիայի տարածաշրջանային ազդեցությունը: 

«Իրանի և Ադրբեջանի տնտեսական ինտեգրման ծրագրերը բթացնում են կատաղի աշխարհաքաղաքական մրցակցության հեռանկարները։ Այնուամենայնիվ, այսօրվա ինտեգրացիոն քաղաքականությունը կարող է վաղը լծակի աղբյուր դառնալ, երբ լարվածությունը մեծանա։ Տրանսպորտային կապերը, որոնք ժամանակին երկրներին միասին էին պահում, կարող են կտրուկ խզվել, ճիշտ այնպես, ինչպես կախվածությունը արտասահմանյան էներգակիրներից կարող է վերածվել զենքի»:

Իրանագետ Գարիկ Միսակյանը նաև  հավելում է, որ Ադրբեջանը լուրջ տնտեսական օրակարգ է առաջարկել Թեհրանին, որից հրաժարվել հնարավոր չէ: Իսկ Իրանը, Արցախի օկուպացված տարածքում տնտեսական ծրագրերին մասնակցելով, փորձում է լուծել անվտանգային խնդիրները՝ չեզոքացնելով և վերահսկելի դարձնելով թուրքական և իսրայելական ներկայությունը:

«Իրանը Ադրբեջանը  չի դիտարկում որպես վտանգ ներկայացնող պետություն, այլ համարում է պետություն, որտեղ մեծանում է թշնամական պետությունների ազդեցությունը ու այս կերպ փորձում է հակազդել: Ադրբեջանն էլ լավ է աշխատում, հստակ օրակարգով:  Իրանի գործող կառավաությունը, ունենալով մեծ խնդիրներ լուծելու կարողություն, չի ցանկանում հարևանների հետ խնդիրներ ստեղծել, և բազմիցս հայտարարել է, որ նրանց հետ  բարիդրացիական հարաբերություններ է վարում»:  

Ի դեպ, Իրանի հյուսիսում՝ Արաքսի երկայնքով Ադրբեջանի սահմանին 2021 թվականին տեղակայված  իրանական զորքերն ու ռազմատեխնիկան շարունակում են մնալ նույն տեղում: Փորձագետն ասում է ՝ եթե անգամ որոշակի ուժեր հետ են քաշվել, միևնույնն է՝ Իրանի ռազմական ներկայությունը ադրբեջանական սահմանին շարունակում է  պահպանվել։

Back to top button