ԿարևորՀասարակություն

Կարմիր շուկայում և Թաղավարդում վերականգնման աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են

Հրետակոծության հետևանքների վերացմանն ուղղված աշխատանքների շրջանակներում ԱՀ Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքներում շարունակվում են բնակելի տների վնասված տանիքների կապիտալ վերանորոգման աշխատանքները։ Այս մասին «Արցախպրես»֊ին տեղեկացրեց ԱՀ քաղաքաշինության նախարարության մամուլի խոսնակ Մարթա Դանիելյանը։

Նրա խոսքով՝ հաշվի է առնվում նաև այն հանգամանքը, որ տվյալ վայրերում ակտիվ մարտական գործողությունների արդյունքում շատ առանձնատների տանիքներ զգալի վնասներ են կրել, ինչպես նաև նախապատերազմական շրջանում արդեն եղել են վերանորոգման կարիք ունեցող տանիքներ։

«Հրետակոծությունների արդյունքում վնասներ կրած առանձնատներում, բացի տանիքների վերանորոգումից, իրականացվում են նաև ներքին հարդարման և վերականգնման աշխատանքներ, կամ, անհրաժեշտության դեպքում, հիմքից կառուցվում է նոր առանձնատուն։ Նշված համայնքներում իրականացվում է նաև 44-օրյա պատերազմի ընթացքում մարդկային կորուստներ և անհայտ կորած համարվող անդամ ունեցող ընտանիքների առանձնատների հիմնանորոգում»,֊նշել է նա և հավելել՝ Թաղավարդ համայնքում արդեն կատարվել է 104 առանձնատների տանիքների կապիտալ վերանորոգում, շուտով ևս 41֊ում կմեկնարկեն աշխատանքները։

Back to top button