ԿարևորՔաղաքական

Փոխվարչապետն ու Հայաստանում Շվեդիայի դեսպանը շեշտել են հայ գերիների անհապաղ վերադարձը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր ընդունել է Հայաստանում Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին։

Փոխվարչապետը ողջունել է հայ-շվեդական երկկողմ հարաբերություններում առկա դրական դինամիկան և բարձր գնահատել Շվեդիայի կառավարության՝ Հայաստանի բարեփոխումների օրակարգին նպաստելու շահագրգռվածությունն ու 44-օրյա պատերազմի ընթացքում ցուցաբերած աջակցությունը։

Դեսպան Սվենսոնը կարևորել է Հայաստանի հետ գործընկերությունն ու Շվեդիայի կառավարության պատրաստակամությունն է հայտնել՝ նպաստելու Հայաստանում ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների պաշտպանության զարգացմանը։

Հանդիպման ընթացքում կողմերը շեշտել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների անհապաղ հայրենադարձումը ու համակարծիք եղել, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսումը պետք է իրականացվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության մանդատի ներքո։

Զրույցի ժամանակ անդրադարձ է կատարվել 44-օրյա պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար խնդիրներին, Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացներին, տարածաշրջանում տևական խաղաղության և կայունության ամրապնդմանն ուղղված ջանքերին։

Հայ-շվեդական համագործակցության օրակարգային հարցերը քննարկելիս՝ փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը կարևորել է շվեդական ընկերությունների ներկայությունը հայաստանյան տնտեսությունում, մասնավորապես՝ ճանապարհային ենթակառուցվածքների կառուցման գործընթացներում, ինչպես նաև փոխգործակցության ակտիվացումը՝ դատական համակարգի բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի և մարդու իրավունքների պաշտպանության ուղղություններով։

Ցուցադրել ավելի
Back to top button