Գերդաստաններ

Չախմախչյաններ․ նավթարդյունաբերողներից մինչև բժիշկ ու մանկավարժ․ «Գերդաստաններ»

Շատ հայտնի գերդաստաններ իրենց ազգանունը վերցրել են ապրած բնակավայրի անվանումից։ Չախմախ կամ Չակմակ անվանմամբ գյուղեր եղել են Արևմտյան Հայաստանի Էրզրումի, Խարբերդի, Տրապիզոնի, Վանի և Կարսի նահանգներում, ինչպես նաև պատմական Գարդմանում։ Այս գերդաստանի նահապետը՝ Վարոս կամ Վարդան Չախմախչյանը կնոջ՝ Մարիամի հետ, ունեցել է 9 զավակ՝ 6 որդի և 3 դուստր։

Չախմախչյան գերդաստանի պատմությունը սկսենք Վարոսի ավագ թոռան՝ Հայկանդուխտ Գրիգորի Չախմախչյանի պատմությամբ. ինչո՞ւ, որովհետեւ այս կինը, ավարտելով Շվեյցարիայի Բեռնի համալսարանի բժշկական ֆակուլտետը, որոշում է վիրաբույժ դառնալ, բայց փրկելով Բաքվի ցույցերին մասնակցող մի տղայի՝ վիրավորվում է ձեռքից և որոշում զբաղվել ընդհանուր բժշկությամբ՝ աշակերտելով Ֆրայբուրգում հանրահայտ պրոֆեսոր Վեյսմանին:

1924 թ․-ից Հայկանդուխտին հրավիրում են Երևանի պետական համալսարանի բժշկական ֆակուլտետ, որտեղ ղեկավարում է հյուսվածքաբանության ամբիոնը։ Այսօր էլ համալսարանի հյուսվածքաբանության ամբիոնը կրում է Հայկանդուխտ Չախմախչյանի անունը։ Հայկանդուխտը առաջին կինն էր, որը գերմանացի և շվեյցարացի գիտնականների հետ փորձեց բարձրանալ Արարատի գագաթը՝ դեռևս 1912 թ․-ին, սակայն 4250 մ բարձրությունը հաղթահարելուց հետո նա վերադառնում է՝ ալպինիստական փորձ չունենալու պատճառով։

Դեռևս նախախորհրդային տարիներից Չախմախչյան եղբայրները՝ Գրիգորը, Սերգեյը և Եգորը, Բաքվում զբաղվել են նավթի արդյունահանմամբ և վաճառքով։ Մինչև այսօր Բաքվի կենտրոնում՝ ներկայիս Տոլստոյի և Արտիստիչեսկի փողոցների խաչմերուկում, պահպանվել է 1900-ականներին կառուցված 2-րդ գիլդիայի վաճառականներ Գրիգոր և Սերգեյ Չախմախչյաններին պատկանող երկհարկանի շքեղ առանձնատունը՝ Չախմախչյանների հստակ մոնոգրամով։

Ինձ հաջողվեց զրուցել նաև Եգոր Չախմախչյանի թոռնուհու՝ Գյումրիում ճանաչված բժշկուհի Սեդա Չախմախչյանի հետ, որը պատմում է Եգորի և Ձիթողցյանների դստեր ամուսնության մասին, և նաև այն մասին, թե ինչպես է Եգորը կարողացել Բաքու ներմուծել ասբեստից պատրաստված հատուկ հակահրդեհային սարքավորումներ՝ նավթահորերում հրդեհների դեմ պայքարելու համար։

Վարոսի կրտսեր որդու՝ Հայկ Չախմախչյանի որդիները, թոռները, ծոռները մեծ ավանդ են ունեցել Խորհրդային Ադրբեջանի նավթագազային համալիրի կայացման գործում։

Այս գերդաստանի երկրորդ սերնդի ներկայացուցիչները եղել են բժիշկներ ու ճարտարապետներ։ Անհնար է չհիշել Սիրամարգի թոռնուհուն՝ Շուշանիկ Ամատունուն, որը կոնսերվատորիայում պրոֆեսոր էր, հայտնի երաժշտագետ-տեսաբան, Բաբաջանյանի ստեղծագործությունների հանրահայտ հետազոտող, որը Հայկ Մելիք-Ադամյանի մայրն է։

Չախմախչյան գերդաստանի և՛ կանանց, և ՛տղամարդկանց մեծ ներդրումը գիտության, արդյունաբերության և մշակույթի բնագավառում անգնահատելի է և կհիշվի։

Back to top button