Վերնատուն

Հայկական ջազ․ փոխակերպումներ կյանքի ռիթմին համընթաց․ «Վերնատուն»

Ջազը Հայաստանում 90-ամյա պատմություն, ավանդույթներ ու արդեն ձևավորված ունկնդիր ունի՝ ասում է Հայաստանի պետական ջազ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և դիրիժոր, սաքսոֆոնահար Արմեն Հյուսնունցը։

Ըստ նրա՝ կարևոր է այն մայրաքաղաքային միջավայրից դուրս բերել, մարզերի ջազային կյանքը նույնպես ակտիվացնել։ Արմեն Հյուսնունցը 2010 թվականից ղեկավարում է Հայաստանի պետական ջազ նվագախումբը։ Խոսելով խորհրդային ջազի մասին՝ Օրբելյանական հաջողություններից, անձնական փորձառությունից և առհասարակ ջազի փոխակերպումներից, Հյուսնունցը նկատում է, որ հայատանյան ջազային գունապնակն այսօր էլ շատ գունեղ է։

«Ջազային երաժշտությունը առօրեական է ու կենսունակ, այն ուղղակիորեն կապված է այսօրվա կյանքի ու ժամանակի հետ։ Ոչ միայն մեզ մոտ, այլ ողջ աշխարհում, ջազային երաժշտությունը փոխակերպվում է, որովհետև կյանքն է փոխվում՝ մարդկանց ապրելակերպը, արժեքները, տեմպը, ռիթմը։ Այդ փոփոխությունների առաջին կրողը ջազային երաժշտությունն է», – ասում է Արմեն Հյուսնունցը։

Անցյալ տարի, երկարատև ընդմիջումից հետո, Հայաստանի ջազ նվագախումբը թողարկեց «Մենք ու Մունք» վերնագրով ձայնասկավառակը, որտեղ ընդգրկված են տարբեր սերունդների հայ կոմպոզիտորների 9 ստեղծագործության նորովի վերամշակումները:

Ցուցադրել ավելի
Back to top button