ԿարևորՀասարակություն

Վարչապետի հայտարարություններին արձագանքել են խորհրդարանում

Քաղաքական ուժերի համամասնությունն ԱԺ-ում այնպիսին է, որ խորհրդարանական մեծամասնության՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության դիրքորոշումն է որոշիչ լինելու Հայաստանի հաջորդ նախագահի ընտրության հարցում։ Կուլիսներում շրջանառվում են հնարավոր թեկնածուների անուններ, բայց իշխող ուժը դեռ պաշտոնական որևէ քննարկում չի ունեցել և թեկնածուի հարցում որոշում դեռ չի կայացրել։ Ընդդիմադիր խմբակցությունները նույնպես առայժմ հստակ դրքորոշում չեն հայտնել։

«Հայաստան» խմբակցությունը հակված է թեկնածու առաջադրելու, «Պատիվ ունեմ» դաշինքի անդամներն իրենց ձևակերպմամբ իրական ընդդիմադիր ուժերի հետ քննարկումների հավանականություն են տեսնում։

Գործող նախագահը հրաժարականի դիմումը հետ վերցնելու դեռ մի քանի օր ունի։ Իր առցանց հարցազրույցում վարչապետ Փաշինյանը ձևակերպել է, թե իր կարծիքով ինչպիսին պետք է լինի Հայաստանի հաջորդ նախագահը։
ՀՀ հաջորդ նախագահի հարցը բազմաթիվ այն հրատապ հարցերից էր, որոնց առնչությամբ պարզաբանումներ է տվել վարչապետը, իսկ խորհրդարանական ուժերն արդեն անդրադարձել են նրա պարզաբանումներին։   

Հայաստանի հաջորդ նախագահին ընտրելիս խորհրդարանական մեծամասնությունն առաջնորդվելու է վերջին 4 տարվա պատմության փորձով՝ Փաշինյանի ձևակերպումն է։ Պետության ներքին կյանքում եղել են մարտահրավերներ, որոնցից կարող էինք խուսափել, եթե  իշխանությունը ներդաշնակ լիներ․ վարչապետն է իր առցանց հարցազրույցում խոսել է հանրապետության նախագահի, կառավարության և խորհրդարանական մեծամասնության միջև քաղաքական ներդաշնակության անհրաժեշտության մասին։

«Երբ մենք կանգնած ենք լրջագույն մարտահրավերների առաջ, պիտի լինի այնպիսի մի իրավիճակ, երբ խորհրդարանը, կառավարությունը, ՀՀ նախագահն իրենց կապված զգան քաղաքական պատասխանատվությամբ։ Այս ներդաշնակության սակավության պատճառով մենք շատ լուրջ մարտահրավերներ ենք ունեցել, որոնց խորությունը գուցե չենք էլ արձանագրել այդ պահին։ Նախորդ տարի ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հայտնի հայտարարության համատեքստում մենք պետականության կորստի եզրին էինք գտնվում այդ ժամանակ: Իհարկե, մեր պետական և ազգային անվտանգության առումով շատ կարևոր է, որ այդպիսի իրավիճակների չառնչվենք»։

Խորհրդարանական ընդդիմությունն արդեն հայտարարում է, որ չի պատրաստվում հետևել նախանշած բանաձևին։ «Հայաստան» խմբակցությունում հակված են առաջադրել Հանրապետության նախագահի իրենց թեկնածուին, բայց քննարկումներ դեռ չեն ունեցել։ Նույն անորոշությունը «Պատիվ ունեմ» խմբակցությունում է․ նախընտրում են բանակցել այն ուժերի հետ, որոնց իրապես համարում են ընդդիմադիր։ Վարչապետի ձևակերպումները հատկաապես սուր են ընդունում «Հայաստան» խմբակցությունում։  Արծվիկ Մինասյան․

«Նախագահը չի կարող միայն քաղաքական մեծամասնության «սրտի նախագահը» լինել։ Նախագահը պետք է ապահովի Սահմանադրությամբ ամրագրված մոտեցումների լիարժեք իրականացումը»։  

Այն, որ Սահմանադրությամբ Հայաստանի նախագահը լիազորություններ ունի, որոնք չի կիրառել լիազորությունների սակավությունից բողոքող Արմեն Սարգսյանը, պնդում են խորհրդարանական բոլոր ուժերը։ Սահմանադրական բարեփոխումների նպատակով հանձնաժողովի ստեղծումը դեռ փաստ չէ, որ Հայաստանում սահմանադրական փոփոխություններ տեղի կունենան։ Վարչապետը պարզ ձևակերպել է՝ խնդիր ունեն 4 տարվա գործունեությունից հետո աուդիտի ենթարկել գործող Սահմանադրությունը և տեսնել, թե լավարկման ինչ հնարավորություններ կան, կամ Սահմանադրության աուդիտի բերումով, գուցե, օրենսդրության մեջ փոփոխություններ լինեն։ Փաշինյանի համոզմունքն է, որ խորհրդարանական կառավարման համակարգը պետք է պահպանվի։

Խորհրդարանական ընդդիմությունը քննարկում է նաև Արցախին և Հայաստանի անվտանգությանն վերաբերյալ Փաշինյանի պարզաբանումները։ Երբ վարչապետը պարզաբանում է սահմանային վիճակի կարգավորման վերաբերյալ Բաքվին ուղարկված առաջարկները, որոնք, ի դեպ, փոխանցել է ուղիղ, ոչ թե միջնորդավորված, «Պատիվ ունեմ» խմբակցությունից պատգամավոր Տիգրան Աբրահամյանն իր հերթին իր մտահոգություններով է կիսվում։ Խոսքը շփման գծից զինված ուժերի «հայելային հետքաշման» մասին է, որի առաջարկը հենց Փաշինյանինն է։

Նիկոլ Փաշինյան. «Հայաստանում անընդհատ տարբեր մեկնաբանություններ են արվում այդ թեմայի հետ կապված։ Առնվազն ճիշտ չէ բովանդակության մանրամասների մասին չիմանալով անել մեկնաբանություններ։ Տպավորություն է, թե մենք առաջարկում ենք սահմանները թողնել առանց պահպանության։ Բնականաբար, այդպիսի բան տեղի ունենալ չի կարող։ Մեր առաջարկը վերաբերում է սահմանների անվտանգության և կայունության մակարդակը բարձրացնելուն»։

Տիգրան Աբրահամյան. «Իրականում դա պետք է վերաբերեր Ադրբեջանին, որովհետև Ադրբեջանն է 2021–ի մայիսին և նոյեմբերի ագրեսիայի դիմել ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ և, ըստ էության, օկուպացրել է դա։ «Հայելային հետքաշում» ձևակերպումն ինքին արդեն խնդրահարույց է։ Խորհրդային քարտեզների գործոնը, որը նաև դրված է սահմանագծման և սահմանազատման գործընթացում, որևէ կերպ չի ներկայացվում, թե որ ժամանակահատվածին է վերաբերում։ Իշխանության մեջ կան դեմքեր, ովքեր ասում են, որ խոսքը վերաբերում է 1920-ականների քարտեզին, կան անձինք, ովքեր ասում են՝ 70-ականների։ Այդ քարտեզները բավականին տարբերվում են մեծ թվով բնակավայրերի՝ այս կամ այն երկրի վերահսկողության տակ գտնվելու առումով»։

Իշխանության գործողություններն ու հայրենասիրական նպատակները ընդդիմության կողմից հարցականի տակ դնելու փորձերին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը արձագանքում է․

«Մեր ուժին հետաքրքրում է ՀՀ անվտանգության և շահերի հետ կապված ցանկացած հարց, բոլոր հարցերը՝ բոլոր դետալներով, և այդ բոլոր հարցերը մենք քննարկում ենք, այդ բոլոր հարցերի լուծմանը մենք հետամուտ ենք լինում»։

Հարևանների հետ հարաբերությունների կարգավորման համատեքստում նրանց տարածքային ամբողջականությունն ընդունելու և հայ դատի օրակարգը Սփյուռքին վերագրելու հայտարարություններին ընդվզում է «Հայաստան» խմբակցությունից դաշնակցականգործիչ Արծվիկ Մինասյանը։ Մինչդեռ, վարչապետի ներկայացմամբ, Հայաստանը շահագրգռված է առանց նախապայմանների կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները: Հայաստանի և Թուրքիայի բանագնացների հանդիպումից դրական գնահատականներ կան, և եթե դինամիկան պահպանվի, մեծ է հավանականությունը, որ Հայաստանը կընդունի մարտի 11-13-ին Անթալիայում անցկացվելիք դիվանագիտական ֆորումին մասնակցելու հրավերը՝ ստացված հենց Թուրքիայից

Արցախի խնդրի մասով վարչապետը խոսում է Հայաստանի՝ բանակցային կարգավիճակում առաջնային պատասխանատվության մասին, վկայակոչում դեռ 90-ականների՝ սահմանների ճանաչման փաստաթղթերը, նախկին իշխանությունների քայլերը և տեղեկացնում Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի շուրջ բանակցությունների մասին։ Փաշինյանի խոսքից պարզ է դառնում, որ խաղաղություն ենթադրող պայմանագիրը դեռ ձևակերպված չէ: Ըստ վարչապետի՝ դա պետք է ձևավորվի բանակցությունների հիմքով, 7 Հայաստանը պատրաստ է դրանց։

 

Back to top button