ԿարևորՀասարակություն

Սոցիալապես անապահովների համար հոսանքն ու ջուրը չեն թանկանա, բայց թանկացումները կթանկացնեն մարդկանց կյանքը

Միջինացված հաշվարկով ապրիլի 1-ից գազի սակագինը Հայաստանում կբարձրանա 6 տոկոսով։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ուսումնասիրում է  սակագնի վերանայման հայտը։ Սպառողները նոր սակագնի մասին պետք է տեղեկացված լինեն փոփոխությունից  մեկ ամիս առաջ։ Հունվարի 1-ից Հայաստանում բարձրացել է ջրի սակագինը, փետրվարի 1-ից նախատեսվում է էլեկտրաէներգիայի գնի բարձրացում։ Երկու դեպքում էլ սակագներն անփոփոխ են մնալու  սոցիալապես անապահով խավերի համար։ Չնայած դրան՝  փորձագետները կարծում են,  որ  ծառայությունների թանկացումն  ազդեցություն ունենալու է։

Որքա՞ն կբարձրանա գազի սակագինը  ապրիլի 1-ից․ Հանրային ծառայությունները կարգավորող  հանձնաժողովն ուսումնասիրում է «Գազպրոմ Արմենիա» ընկերության ներկայացրած  հայտը։ Հանձնաժողովի սակագնային քաղաքականության վարչության պետ Աշոտ Ուլխիանյանն ասում  է, որ լրացուցիչ փաստաթղթեր են պահանջել ընկերության շահագործման ծախսերը վերլուծելու համար։ Նախորդ տարեվերջին կառավարության նիստում հավանության արժանացած չզեկուցվող նախագծերից մեկով նախատեսվում էր  տարեկան 31,79 մլն դոլար գումար հատկացնել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին՝ որպես Հրազդանի 5-րդ էներգաբլոկի հզորության վճար։

«Բանակցությունները տեղի են ունենում ՀՀ և ՌԴ կառավարությունների միջև։ Քանի որ Հրազդանի 5-րդ կայանը նույնպես «Գազպրոմ Արմենիա»-ինն է, քննարկումները ուղղված են և գազի,  և էլեկտրաէներգիայի մատակարարմանը։ Բանակցությունների արդյունքում երկու կառավարությունների միջև համապատասխան համաձայնագրով նախատեսվել է, որ Հրազդանի 5-րդ կայանի գործունեության համար որոշակի հզորության վճար կնախատեսվի, դա փոխկապակցվել է նաև գազի ներկրման գնի հետ։ Գազի ներկրման գինը  7900 կիլոկալորիայի համար՝ սահմանված  165 ԱՄՆ դոլար,  փոփոխության չի ենթարկվի, կամ եթե գնի մասով փոփոխության ենթարկվի՝ ավելացում տեղի ունենա, ապա համապատասխան չափով հայկական կողմը կարող է նվազեցնել հզորության համար տրվող վճարը»։

2022թ ապրիլի 1-ից արդեն  «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը մատակարարվող գազի կալորիականության  ճշգրտում է իրականացնելու։ Վերջին ճշգրտումը կատարվել է 2013 թվականին։ Հենց այդ ժամանակ էլ ամրագրվել է, որ Հայաստանին պետք է 7900 կիլոկալորիականությամբ գազ մատակարարվի, սակայն մինչ այժմ մատակարարվել է ավելի բարձր ՝ 8400-8500 կիլոկալորիականությամբ գազ, բայց սահմանին վճարվել է  ավելի ցածր գին՝ 165 դոլար՝ մեկ խորանարդ մետրի դիմաց։  Ապրիլի 1-ից սպասվող սակագնի բարձրացումը 0․5-1 տոկոս գնաճի է բերելու՝ ոչ պաշտոնական  հաշվարկներն է  ներկայացնում տնտեսագետ Արմեն Քթոյանը։

«Գազը հանքային ռեսուրս է, այն անընդհատ թանկանալու է, ունենալու է վայրիվերումներ, պետք է սովորենք ապրել թանկ գազի պայմաններում։ Տնտեսությունը պետք է վերափոխենք»։

Հայաստանում, ըստ էության, մենաշնորհային դիրք ունեն «Գազպրոմ Արմենիա»-ն, ե ՀԷՑ-ն ու «Վեոլեա ջուր»-ը։  «Իրազեկ ու պաշտպանված սպառող» կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանը նկատում է․

«Զուտ գործիքակազմի կիրառման տեսանկյունից վերահսկողական գործիքակազմ մենաշնորհային դիրք ունեցող ընկերությունների նկատմամբ միակ հսկողություն իրականացնող ընկերություններին կարծես տրված չէ»:

Հունվարի մեկից Հայաստանում բարձրացել է ջրի գինը՝ 180 դրամից դառնալով 200 դրամ։ Փետրվարի 1-ից նախատեսվում է էլեկտրաէներգիայի գնի բարձրացում։ Երկու դեպքում էլ սակագները փոխվելու  են տարբերակված մոտեցմամբ՝ սոցիալապես անապահովների համար մնալով նույնը։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում պարզել են, որ եթե էլեկտրոէներգիայի սակագինը  չփոխվեր, ապա հաջորդ տարի «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերությունում 24 մլրդ  դրամի ֆինանսական ճեղքվածք կառաջանար։ Նաև հաշվարկել են՝ բնակիչ բաժանորդների համար հոսանքի ամսական ծախսը կավելանա 400-700 դրամով։ Ըստ փոփոխությունների՝ մինչև 200 կՎտ ժամ էլեկտրաէներգիա սպառող բնակիչ-բաժանորդների համար սակագինը կբարձրանա 1․5 դրամով։ Նրանք կազմում են բաժանորդների 55 տոկոսը, 201-ից 400 կվտ ժամ հոսանքի սպառման դեպքում սակագինը կբարձրանա 3․5 դրամով։ Այս բաժանորդներն ընդհանուրի շուրջ մեկ քառորդն են։ 401-ից ավելի կիլովատ ժամ սպառող ու մյուս բաժանորդների համար սակագինը կբարձրանա 5․5 դրամով։

«Իրազեկ ու պաշտպանված սպառող»  կազմակերպության ղեկավար Բաբկեն Պիպոյանն ընդգծում է՝

«Բոլոր տեսակի ձևակերպումները, որ սոցիալապես անապահով խավն իր վրա զգա, հերթական փաթեթավորումն է, քանի որ նմանատիպ ոլորտներում թանկացումը մարդկանց կյանքի վրա ունենալու է ինչպես ուղիղ, այնպես էլ անուղղակի ազդեցություն։ Չի կարող հոսանքը թանկանալ, հացի գինը մնա նույնը։ Չի կարող ջերմոցային տնտեսությունների համար գազի գինը թանկանա, և դա ուղիղ ազդեցություն չունենա մնացած ապրանքների վրա։ Այսինքն` այս պահին մեկից բեռը վերցնել դնել մյուսի վրա, ի վերջո այդ ամեն ինչը պտտվում է ու վերադառնում է սպառողին»։

Փորձագետները կարևորում են էներգախնայող մեխանիզմների ներդրումը, ինչը հնարավորություն կտա առաջին անհրաժեշտության ապրանքների  ինքնարժեքում նվազեցնել գազի կամ հոսանքի բաղադրիչը։ Փորձագիտական մոտեցումները  արդյունավետ տնտեսության կազմակերպման օգտին են։

Back to top button