Դպրություն

Պատմության թանգարան Ձյունաշող գյուղում. նախաձեռնողը աշակերտներն են․ «Դպրություն»

Ձյունաշողը Հայաստանի միակ գյուղն էր, որի բնակիչ ադրբեջանցիները Ադրբեջանի հայաբնակ Քերքենջ գյուղի մոտ 250 ընտանիքների հետ պայմանավորվել էին ու մի մարդու նման փոխանակել տները։ Ձյունաշողում մնացած ազատ տներում հաստատվել են Բաքվից ու այլ բնակավայրերից տեղահանված հայերը։ Տարիների ընթացքում գյուղից եղել է արտահոսք՝ տարբեր պատճառներով։ Այնուամենայնիվ՝ համայնքը, իր սակավաթիվ բնակիչներով կանգուն է, գործում է դպրոցը։ Ձյունաշող գյուղի դպրոցի աշակերտ–առաջնորդները ուսումնասիրեցին, թե ի՞նչ խնդիր ունեն, ի՞նչ կարող են անել իրենց գյուղի համար ու գտան հարցի պատասխանը։

Ձյունաշող գյուղի դպրոցի պատմության ուսուցչուհի Գեղանուշ Պետրոսյան․ Ես պատմության ուսուցչուհի եմ։ «Դասավանդիր Հայաստան»-ը իմ կյանքում շատ բան փոխեց։ Գործուղվել եմ Լոռու մարզի Ձյունաշող համայնք, որտեղ խնդիրները բազմաթիվ  են, բայց կա լավ սերունդ, խելացի ու հնարամիտ աշակերտներ, ովքեր իրենց գաղափարները ներդրեցին, աջակցեցին, որ ծրագիրը կյանքի կոչվի։ Այսպիսով՝ նրանք ձեռք բերեցին նաև նոր ակադեմիական գիտելիքներ։ Տարբեր ծրագրերի իրականացման շնորհիվ նրանց առջև նոր ասպարեզներ կբացվեն, ավելի լավ կրթություն կունենան, դրա շնորհիվ ավելի լավ հասարակություն կունենանք։ Երբ աշակերտներն են նախաձեռնում, իրենք են կատարում այդ հետազոտությունները, համայնքի բնակիչների հետ իրենք են զրույցներ ունենում, հայթհայթում են գրականություն և այլն, դա արդեն իրենց մոտ ձևավորում է առաջնորդական հմտություններ։ Հենց դա է մեր նպատակը՝ ուսուցիչ առաջնորդը փորձում է նրանց դարձնել առաջնորդ աշակերտներ։

Կալիֆորնիայի հայ ուսանողների միության՝(All -ASA)-ի Հայաստանի ներկայացուցիչ Միսակ Մարտիրոսյան․ «Դասավանդիր Հայաստան» ծրագրի հետ համագործակցությունը սկսվեց 2018 թ․-ից։ Այդ ժամանակ ես դասավանդում էի Լոռու մարզի Մեդովկա գյուղի դպրոցում։ Այնտեղ էր, որ ես առիթ ունեցա ծանոթանալու Հայ ուսանողների միության ներկայացուցիչների հետ։ Ունեցանք ակտիվ քննարկումներ, եղան տարբեր նամակագրություններ, հեռախոսազանգեր, որ կարողանանք վեր հանել գյուղի խնդիրները և հասկանալ դրանց լուծման հնարավորությունները։  Իհարկե խնդիրները շատ էին։

Հաջորդ տարի միության ներկայացուցիչը եղավ Հայաստանում, այցելեց գյուղ, եղան հանդիպումներ համայնքի բնակիչների, ուսուցչական կազմի հետ և անելիքները տեսակավորեցինք ըստ առաջնահերթության։ Սկսվեցին աշխատանքները, ունեցանք հրաշալի արդյունքներ՝ փոխայցելությունների շնորհիվ։ 2020թ․-ից հնարավոր չեղավ իրականացնել ծրագրեր՝  համավարակ, պատերազմ։ Ֆոնդը անմիջապես և ամբողջությամբ տրամադրվեց այդ ուղղություններին։ Եվ ահա 2021թվականին «Կալիֆորնիայի հայ ուսանողների միության» հրավերով մեկնեցի ԱՄՆ, քննարկվեցին հետագա անելիքներն ու ծրագրերը, արդյունքում՝ ստորագրվեց հուշագիր «Դասավանդիր Հայաստան»-ի հետ։ Առաջարկվեց ֆինանսավորել  ութ համայնքային ծրագրեր, որոնցից մեկն էլ իրականացվում է Ձյունաշող համայնքում։

Ձյունաշող գյուղի դպրոցի աշակերտ Արամե Վարդանյան․ Մենք մեր ուսուցչուհու հետ որոշեցինք բացել պատմության թանգարան, որը պատմելու է մեր գյուղի մասին՝ կցուցադրվի գյուղի մշակութային ժառանգությունը, նույնիսկ պատմության դասերը այնտեղ կանցկացվեն, կլինեն տեսադասեր։ Թանգարանը ավելի լայն շրջանակների համար է նախատեսվում՝ բոլորը կարող են այցելել ու ծանոթանալ Ձյունաշող համայնքի պատմությանը։

Ձյունաշող գյուղի դպրոցի աշակերտ Տարոն Գրիգորյան․ Մենք անցկացրեցին հետազոտություններ, հարցազրույցներ ունեցանք ուսուցիչների հետ, քննարկեցինք համագյուղացիների հետ, նրանք ասացին, որ շատ խելամիտ ծրագիր է։ Մեր պատմության թանգարանում կլինեն տեսադասեր, կցուցադրվեն ֆիլմեր, որոնցով աշակերտները ավելի լավ կկարողանան ծանոթանալ և ուսումնասիրել մեր գյուղի պատմությունը։ Կցուցադրվեն հին կահ–կարասի, հուշանվերներ, մետաղադրամներ, կենցաղային իրեր և այլն։ Մեր գյուղի մասին պատմող շատ գրքեր կան, որոնք մեր ցուցանմուշների մեջ են և այցելուն դրանք ընթերցելու հնարավորությաուն ունի։ Մենք ուզում ենք պահպանել մեր պատմությունը և ի ցույց դնել աշխարհին, որ մեր գյուղն էլ ունի հին պատմություն և հրաշալի մշակութային ժառանգություն։ Դա է մեր գործունեությունը։

Back to top button